Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Երկուշաբթի, Դեկտեմբերի 23, 2024
Ալեն Մարգարյան

Ալեն Մարգարյան

1999-02-11 - 2020-09-30

Ծնվել է 1999թ. փետրվարի 11-ին Երևանում: 2005-2013 թվականներին սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ Չբավարարվելով դպրոցական գիտելիքներով` մասնակցել է արտադասարանական մի շարք խմբակների` պարի, թատերական, լողի և այլն։ Ալենը Հայաստանի քառակի չեմպիոն էր, միջազգային կարգի չեմպիոն` պարի ասպարեզում։

Դեռ դպրոցական տարիներից ուներ ստեղծագործական գեղարվեստական միտք. գրել է մանկական պատմվածքներ, հեքիաթներ։

2013 թվականին, գերազանց ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց ու այն ևս ավարտել կարմիր վկայականով։ Դպրոցին զուգահեռ երկար տարիներ որպես բանախոս մասնակցել է «Բանավեճի ակումբի» քննարկումներին: Այդ տարիքից ի վեր ուներ վերլուծական միտք և ձևավորված կարծիք զանազան սոցիալական, քաղաքական և մշակութային վիճահարույց հարցերի մասին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առաջին սաներից է եղել։ Ֆիլմարվեստի հանդեպ մեծ հետաքրքրությունն ու սովորելու ձգտումը նրան դարձրին մեդիա ոլորտի վառ ուսանողներից և Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկը։ 16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։ Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր։ Դրանցից երկուսը՝ “Greens” և “Taraz” ֆիլմերը, նկարահանվել են Սմիթսոնյան ինստիտուտի համար՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակով։

Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016 թվականին ընունվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Ռեժիսուրա բաժին։ Համալսարանում ակտիվ ուսանող լինելով՝ մասնագիտական փայլուն բեմադրություններին և կինոաշխատանքներին զուգահեռ մասնակցել է բազում ուսանողական նախաձեռնությունների, այդ թվում՝ օտար լեզուներ սովորեցրել իր տարեկիցներին, նախաձեռնել տարբեր թեմաներով քննարկումներ:

Արդեն 17 տարեկանում դարձել է պատանեկան ամառային ճամբարի կամավոր մարզիչ, իսկ հաջորդ տարի՝ ջոկատավար։ Այս ամենի արդյուքնում, գիտական և մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում, շատ քիչ ուսանողների թվում մեկնել է Լիտվայի կրթական գիտությունների համալսարան։ Հաջողությամբ ավարտելով դասընթացը` ստացել է հավաստագիր: Նաև այնտեղ գտնվելու կարճ ժամանակահատվածում սկսել է յուրացնել լիտվերենը:

Հմտանալով մասնագատիտական գործում և բավական փորձ ձեռք բերելով՝ որպես «Ֆիլմերի ստեղծման» դասընթացավար աշխատանքի է անցել Թումոյում և ընդամենը երկու աշխատանքային տարվա ընթացքում հասցրել կրթել հազարավոր հայ պատանիների Երևանում, Գյումրիում և Դիլիջանում։ Դասընթացներից դուրս ջերմ և ընկերական հարաբերությունների մեջ է եղել իր ուսանողների հետ, որոնց ոգևորել և աջակցել է ամեն հարցում:

2016 թվականին առիթ է ունեցել ներկա լինել Երևանում Նոբելյան մրցանակակիրների հետ հանդիպմանը: Շատ է զբաղվել կամավորական աշխատանքով, որի ընթացում Հռոմի պապի Հայաստանյան այցի ժամանակ օգնել է հյուրերին թարգմանչական հարցերում:

Մասնակցել է նաև գիտաժողովների և ունի տպագրված հոդված գիտական ամսագրում հետևյալ թեմայով՝ «Գյուստավ Դորեի փորագրանկարները՝ նվիրված Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխքի» հատվածին»:

Ալենն ուներ արվեստի նուրբ ճաշակ և մեծ գրքասեր էր, ստեղծում էր իր սեփական գրադարանը։ Սիրում էր բացահայտել նորը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս և հասցրել էր լինել քսանից ավելի երկրներում։

Մանկավարժական ու կրթական փորձը և կողքինին օգնելու անկասելի բնավորությունը հանգեցրին իր կյանքը սոցիալական աշխատանքում շարունակելու որոշմանը։ 2020 թվականին՝ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ընդունվեց Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ընդունվեց, սակայն որոշեց առայժմ չմեկնել, այլ կատարել իր պարտքը, և 2020-ի ամռանը զորակոչվեց բանակ։

Ալեն Մարգարյանն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը։ Ալենը կապի վաշտի ծառայող էր և պարտականությունների բերումով պարտավոր էր գտնվել թաքստոցում, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Թալիշի և Մատաղիսի առաջնագծում էր։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենն առաջինն է ստանձնել այդ բարդ ու վտանգավոր աշխատանքը։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թ. սեպտեմբերի 30-ին Մատաղիսում:

2021 թվականի հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով Ալեն Մարգարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։

Ի պատիվ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի իր հարազատ բուհում անվանակոչվել է լսարան:

Ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրվել է «Բոլորիս Ալենը» գիրքը, որտեղ հավաքված են նրա ընկերների, մտերիմների, ուսանողների և դասախոսների ջերմ հուշերը:

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է արցախյան վերջին պատերազմում հերոսաբար զոհված զինծառայող, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի մորը

Բոլորիս Ալենը

Ալենն իր կյանքում միշտ էր պատերազմում ու պայքարում, բայց՝ գրքով ու գրչով. պայքարող Ալենի մասին գիրք է հրատարակվել

Հուսով եմ մի օր բոլորը կհասնեն մտքի այն հասունությանը, որ գիրք նվեր ստանալուց մեզ պես ուրախանան

Գյումրիում տեղի է ունեցել արցախյան 44 օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի հուշ երեկոն

Հուշ-երեկո՝ նվիրված Ալեն Մարգարյանի հիշատակին

Ալեն Լևոնի Մարգարյան (1999-2020) #ՄերՀերոսները

Նախադիտել «Աշխարհը գրավելու ծրագիրդ ո՞րն է». նորակոչիկ Ալեն Մարգարյանը զոհվեց առաջնագծի թիկունքն ուժեղացնելիս YouTube տեսանյութը

«Աշխարհը գրավելու ծրագիրդ ո՞րն է». նորակոչիկ Ալեն Մարգարյանը զոհվեց առաջնագծի թիկունքն ուժեղացնելիս

Նախադիտել Հպարտացեք մեզնով, ինչ կարողանում ենք, անում ենք. զոհված հերոս Ալեն Մարգարյանի վերջին խոսքերը մորը YouTube տեսանյութը

Հպարտացեք մեզնով, ինչ կարողանում ենք, անում ենք. զոհված հերոս Ալեն Մարգարյանի վերջին խոսքերը մորը

Նախադիտել Կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի անվան արվեստանոցը։ YouTube տեսանյութը

Կուլտուրայի ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի անվան արվեստանոցը։

Նախադիտել Որն էր աշխարհը փոխելու նրա ծրագիրը՝ մնաց անհայտ YouTube տեսանյութը

Որն էր աշխարհը փոխելու նրա ծրագիրը՝ մնաց անհայտ

Ալեն Մարգարյան

Ալեն Մարգարյան

1999-02-11 - 2020-09-30
Ծնվել է 1999թ. փետրվարի 11-ին Երևանում: 2005-2013 թվականներին սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ Չբավարարվելով դպրոցական գիտելիքներով` մասնակցել է արտադասարանական մի շարք խմբակների` պարի, թատերական, լողի և այլն։ Ալենը Հայաստանի քառակի չեմպիոն էր, միջազգային կարգի չեմպիոն` պարի ասպարեզում։