Կարեն Արմենի Ապրեսյանը ծնվել է 2001թ.-ի ապրիլի 30-ին` քաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Աշոտ Նավասարդյանի անվան N 56 հիմնական դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել է Սամվել Գևորգյանի անվան N 189 ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո` բարձր ցուցանիշներով ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համակարգչային ճարտարագիտություն բաժին։ 2019թ.-ի հուլիսի 16-ին` քննություններն ավարտելուց անմիջապես հետո, մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Կարենը հաճախել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ տարկետում է վերցրել, որպեսզի հետագայում բանակից գա և նորից շարունակի։
Կարեն Ապրեսյանը ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Հինգ ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է «Covid-19» համավարկը և ընտանիքի անդամներին այդպես էլ չի հաջողվել տեսնել որդուն։ Միայն մայրը՝ մի քանի անգամ հասցրել է ծանրոց ուղարկել որդուն, քանի որ մանկուց շատ է սիրել քաղցրավենիք։
Կարենը մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Նա մասնագիտությամբ հրետանավոր էր ու մշտապես աչքի է ընկել իր ազնվությամբ ու որակական բարձր հատկանիշներով, սիրված է եղել ամբողջ մարտկոցի կողմից։ Կարենը շուրջ երեք ամիս չի իջել մարտական դիրքերից։ 2020թ․-ի սեպտեմբերի 25-ին զինվորը տուն է զանգել ու ասել, որ իջնում են լողանան և նորից բարձրանան։ Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո Կարենը չի զանգել տուն, միայն սեպտեմբերի 29-ին, երբ «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի նկարած նկարը հայտնվել է համացանցում՝ այդպես են ընտանիքի անդամները իրենց որդուն տեսել կռվի դաշտում։ Այդ օրվանից հետո Կարենը սկսել է երեք օրը մեկ զանգել տուն և մի անգամ էլ, երբ զանգել է մայրիկին, ասել է՝ «Մա՜մ ջան, մենք կարևոր գործողության ենք մասնակցել, դուք հետո կլսեք մեր մասին…»։
Հոկտեմբերի 26-ին Կարենը զանգահարել է հայրիկին ու ասել, որ իրենց Մարտակերտից տեղափոխում են Մարտունի։ Դա եղել է Կարենի վերջին զանգը։
Մարտական ընկերներից Արմեն Խաչատրյանի խոսքով` Կարենը վիրավորվել է հոկտեմբերի 26-ին ու մինչև մյուս վիրավոր ընկերների հետ միասին փորձել են տեղափոխել շտապօգնության մեքենա՝ մեքենան չի հասցրել նույնիսկ տեղից շարժվել, երբ վրա է հասել երկրորդ հարվածը` խլելով Կարենի և մյուս մարտական ընկերների կյանքը։
Իր գրագիտության և փայլուն հաշվարկների շնորհիվ՝ շուրջ մեկ ամիս մարտնչելով թշնամու դեմ, Կարենը հակառակորդին հասցրել է մեծաթիվ կորուստներ։ Հրադադարից հետո` հարազատները զոհվածների ցուցակներում տեսել են Կարենի անունը։ Փնտրել են գրեթե մեկ ամիս՝ գտել նոյեմբերի 21-ին։ Նա հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։
Ձեզ բացակա չենք դնի․ Կարեն Արմենի Ապրեսյան