Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Նոդարիկ Մարգարյան

Նոդարիկ Մարգարյան

1963-01-03 - 2016-04-02

Նոդարիկ Մարգարյանը ծնվել է  1963 թվականի հունվարի 3-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիքում զբաղվել է կարատեով: 1981-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Լենինգրադում: Ծառայությունն ավարտելուց հետո՝ 1984 թվականին ամուսնացել է Անահիտ Թմոյանի հետ, ունեցել երեք զավակ՝ երկու տղա և մեկ աղջիկ:

Նոդարիկ Մարգարյանը կյանքի 25 տարիները նվիրել է հայրենիքին: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992-ին կամավոր մեկնել է պատերազմ: Իսկ հրադադարից հետո մնացել է Մատաղիսի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) N զորամասում որպես պայմանագրային զինծառայող, եղել է ՆԱՎ առբերման դասակի վարորդը:

2004 թվականին մահացել է Նոդարիկի կինը, իսկ երեխաների խնամքը մնացել է ամուսնու վրա:

Զավակների համար և՛ հայր էր, և՛ մայր, ամեն ինչ էր: 

Նոդարիկ Մարգարյանի ավագ որդին և դուստրն ամուսնացած են: Երեք թոռ ունի:

Զինվորականը հիմնականում Մատաղիսում է ապրել: Երեխաներն են մշտապես այցելել նրան Արցախում, որի հանդեպ Նոդարիկը մեծ սեր է ունեցել: 

Դիրքեր տանող ճանապարհն անգիր է իմացել: Իմացել՝ ամեն քարի, թփի, ծառի գտնվելու տեղը: Նոդարիկ Մարգարյանը որդուն պատմել է, թե ինչպես է գիշերով, ավտոմեքենայի լույսերն անջատած սնունդ տարել զինվորների համար:

Պատերազմի ժամանակ Նոդարիկ Մարգարյանը վերջին անգամ որդու հետ է խոսել՝ զոհվելու օրը: Վաղ առավոտյան, մոտավորապես ժամը 07:00-ին  տղային է զանգել ու խնդրել, որ մեքենա վերցնի, գնա Արցախ և իր բոլոր իրերը Հայաստան բերի: Հետո այլևս չեն կարողացել կապ հաստատել նրա հետ:

«Դուրս եկա քաղաք, որպեսզի բեռնատար մեքենա գտնեմ ու զանգեմ իրեն: Չկարողացա կապ հաստատել, զանգում էինք ընկերներին, բայց ոչ ոք չէր պատասխանում: Արդեն տագնապ կար, պատկերացնում էինք, որ նրա հետ ինչ-որ բան է պատահել:  ժամը երեքի կողմերը իր ծառայակից ընկերներից մեկը զանգեց, ասեց, որ վիրավորվել է: Բայց արդեն զոհվել էր, պարզապես մեզ միանգամից չասացին»,- հիշում է Նոդարիկի կրտսեր տղան:

53-ամյա Նոդարիկ  Մարգարյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ, 2016 թվականի ապրիլի 2-ին, ականի պայթյունից։ Այդ ժամանակ նա հերթական անգամ սնունդ էր տանում սահման: Մինչև զոհվելը Նոդարիկ Մարգարյանը կարողացել է զորամասից դուրս բերել 25 զինծառայողի:

Նոդարիկ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով:

Նոդարիկ Մարգարյան

Նոդարիկ Մարգարյան

1963-01-03 - 2016-04-02
Նոդարիկ Մարգարյանը ծնվել է  1963 թվականի հունվարի 3-ին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիքում զբաղվել է կարատեով: 1981-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում՝ Լենինգրադում: