Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հորն ու միակ որդուն հուղարկավորել են նույն օրը. Էդիկ և Արմեն Կարապետյանների պատմությունը

Մայիսի 21, 2022

Հայր և որդի Կարապետյանները զոհվել են արցախյան երկրորդ պատերազմում: Հայրը՝ Էդիկ Կարապետյանը, կամավոր էր, որդին՝ Արմենը, ժամկետային զինծառայող: Որդին զոհվել է հոկտեմբերի 2-ին, հայրը՝ 3-ին: Հոր և որդու հոգեհանգիստն ու հուղարկավորությունը նույն օրն է եղել:

Սեպտեմբերի 27-ի թուրք-ադրբեջանական հարձակումը Էդիկ Կարապետյանի վերջին պատերազմն էր. մարտական ծառայության մեդալակիր ազատամարտիկը մասնակցել է թե՛ արցախյան առաջին ազատամարտին, թե՛ 2016 թվականի քառօրյա պատերազմին:

Պատերազմ մեկնելու մտքից նրան հետ չի պահել անգամ տանը մենակ մնացած մայրը: Կինը և դուստրը Հայաստանում չեն եղել, կնոջը՝ Ալինային վստահեցրել է՝ պատերազմ չի մեկնելու: Որդու հասակակից, մանկության ընկեր Էրիկ Սահակյանի զոհվելու օրը Էդիկ Կարապետյանը որոշել է՝ տանը նստել չի կարող: Էրիկի ընտանիքը հարևան փողոցում է ապրում, Եռաբլուրում էլ տղաները գրեթե հարևանությամբ են «ննջում»:

Կարապետյանները Սյունիքի մարզից են՝ Գորիսից, սակայն արդեն մի քանի տարի է՝ ապրում են Արմավիրի մարզի Փարաքար համայնքում:

Հայրը որդուն է հանգստացրել, թե իրեն չեն տանի առաջնագիծ, տեսողության խնդիր ունի, որդին էլ՝ հորը, թե վարորդ է, դիրքեր չեն տանի: Թե՛ որդին, թե՛ հայրը զոհվել են անօդաչու թռչող սարքի հարվածից, հայրը՝ Քարվաճառում, որդին՝ Ջաբրայիլում (Մեխակավան):

Որդեկորույս մայրը՝ Ալինա Կարապետյանը, պատմում է՝ ԱԹՍ-ի հարվածից զոհվել են որդին ու մարտական ընկերը՝ Տիգրանը (տեսանյութի հայտնի տղան, որը երգում էր՝ մորս չասեք զոհվել եմ, կասեք՝ վիրավորվել եմ):

Ալինան արցունքն աչքերին ասում է, որ 7 սրբի դուռ է գնացել, որ որդի ունենա, աստված մինուճար որդի տվեց ու տարավ:

Որդու զոհվելու փաստի հետ համակերպվել չի կարող, ասում է՝ գերիների ու զինվորների շարքերում է փնտրում, մտածում է՝ սուտ է, բայց հետո հիշում է, որ որդու անշնչացած դեմքը համբուրել է: Հոր՝ առաջնագիծ մեկնելու փաստից շատ էր նեղստրել, ասում էր՝ պապ, սա 90-ականների կռիվը չէ, քո կռիվը չէ: Արմենը երկքաղաքացի էր՝ Հայաստանի եւ Ռուսաստանի, բայց ընտանիքի համար կասկածից վեր էր, որ պետք է Հայաստանում ծառայի: Հպարտացել է, որ հայրն ազատամարտիկ է, հրամանատարներից մեկը հոր մարտական ընկերներից է եղել, պատմել է մարտական դրվագներից: Մայրն էլ խորհուրդ  է տվել այնպես ծառայել, որ իր ընկերներն էլ իր մասին պատմելիք ունենան:

Լևոն Դանիելյանը Էդիկի հետ վերջին անգամ Արցախ մեկնած ջոկատի խմբում է եղել, ինքն էլ հենց ընկերոջ մարմինը ընտանիքին է հասցրել: Արցունքն աչքերին պատմում է, որ վիրավոր ընկերոջը ոչնչով չի կարողացել օգնել:

«Դա գիտե՞ք ինչ է, որ ընկերդ վիրավոր է ու ոչ մի բանով չես կարող օգնես, մարդ, որի հետ մանկությունից մեծացել ես ու չես կարող օգնես, էդ մարդու ցավը մեղմես… Էն, ինչ ես տեսա, էն պատերազմին չեմ տեսել, քառօրյային չեմ տեսել, սա ուրիշ պատերազմ էր»,-պամում է Լևոն Դանիելյանը:

24 հոգանոց ջոկատը 8 զոհ է տվել, որոնցից 4-ը մարտական ընկերներ են եղել՝ միշտ միասին:

Պահեստազորի փոխգնդապետ Ժորա Ալեքսանյանն էլ, որի ղեկավարած գումարտակը տարիներ շարունակ Օմարի բարձունքում է ծառայություն իրականացրել, արցախյան առաջին ազատամարտում էլ Էդիկ Կարապետյանի ջոկատի հրամանատարն է եղել։ Ասում է՝ Էդիկի համար հայրենիքն ամենաթանկն էր: Բոլոր պատերազմներին մասնակցել է, ամբողջ կյանքը նվիրել հայրենիքին:

Կարապետյանի այրին հավելում է՝ երբեմն ամուսինը մտածում էր՝ մահանալու դեպքում կհիշե՞ն, արդյոք, որ ազատամարտիկ է եղել, Եռաբլուր պանթեոնում կհուղարկավորե՞ն:

https://youtu.be/N557DgaQoPo

Նյութը վերցված է hetq.am-ից