Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Վաչեին երկրորդ անգամ կորցրել եմ նոյեմբերի 9-ին. Վաչե Պետրոսյանի մայր

Մայիսի 26, 2022

Վաչե Պետրոսյանը 44-օրյա պատերազմի առաջին զոհերից է: Դեռ չգիտեինք, կամ` չէինք ուզում իմանալ, թե համազգային ինչ աղետի մեջ ենք, երբ իրար հետեւից հողին էինք հանձնում մեր <<աղուն-ցորյանը>> ու հավատում էինք այն հաղթանակին, ինչի համար ընկնում էին մեր ոսկեհատիկները: Պատերազմի առաջին օրերն էին, Վաչեն Սիսիանի պանթեոնում հուղարկավորված երրորդ նահատակն էր, #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ համազգային հեշթեգին կասկածող չկար… Այդ հետո միայն <<բացահատեցինք>> Վաչե Պետրոսյան անուն-ազգանունը կրող յուրահատուկ երիտասարդին, գրագետ, խելացի, խոստումնալից ապագա դիվանագետին կամ` ռազմագետին, որ ապրել էր ընդամենը 24 գարուն:

<<Վաչե Պետրոսյանը իսկ եւ իսկ սրբազան պարտքի, պատվի եւ արժանապատվության համար բնութագրվող նահատակություն էր, որը հանուն հայրենիքի, հանուն նրա պետական սահմանների պահպանության ու պաշտպանության սրբագրվեց, տիեզերքում սրբադասվեց եւ անմահացավ անմահների շարքում: Սեպտեմբերի 30-ին թշնամու հետ մղվող դաժան մարտերի ընթացքում հերոսի մահով ընկավ հայոց բանակի լեյտենանտ Վաչե Պետրոսյանը: Նա պատվով հաղթահարեց զինվորականին բնորոշ բոլոր փորձություններն ու դժվարությունները եւ մինչեւ վերջ անմնացորդ նվիրվեց հայրենիքի սահմանների պաշտպանությանը, եւս մեկ անգամ փաստելով այն իրողությունը, որ հայ զինվորն ու հրամանատարը կռվում եւ հայրենիքի համար, անմահանում են նույն խրամատում… Պետությունը, ժողովուրդը եւ գալիք սերունդները դեռ կարժեւորեն Վաչեի եւ նրա զինակից ընկերների սխրանքն ու նվիրումը: Խաղաղությամբ հանգչես, զինակից ընկեր>>,– հոկտեմբերի 3-ին նրա հուղարկավորմանն ասաց դամբանախոս զինվորականը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի` իր ուսանողի հասցեին հետմահու ասված խոսքն ամբողջացրեց նրա նկարագիրը, խորացնելով Վաչեի նման հայորդուն կորցնելու ափսոսանքը. <<Վաչեն այնքան էր ուզում ծառայել, որ բակալավրիատից հետո, անվճար ընդունվելով մագիստրատուրա, մեկնեց ծառայության՝ վերադառնալու և շարունակելու խոստումով: Վաչեն գերազանցիկ, փայլուն տղա էր, որ հրաժարվեց անվճար սովորելու հնարավորությունից ու գնաց հայրենիքին պարտքը տալու։ Հազվագյուտ ուսանողներ կարող են նույն կերպ վարվել: Չափազանց ընկերասեր, նվիրված, ազգային դիմագիծով, մարդկային հարաբերություններում բյուրեղյա մաքրություն ունեցող տղա էր, որին մի քանի անգամ առաջարկել ենք ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահություն, սակայն հրաժարվել է՝ ասելով՝ <<ժամանակս կխլի>>: Վաչեն շատ խելացի էր, ավարտական աշխատանքը փայլուն պաշտպանեց, մեծ նվիրում ուներ, հատուկ վերաբերմունք էր ցուցաբերում յուրաքանչյուրին, համեստության տիպար էր, կուրսում շատ էին սիրում նրան>>:

Վաչեն տարբերվում էր շրջապատում, անսահման պատասխանատու էր, պարտաճանաչ, կարող էր մի ամբողջ ժամ թեմային վերաբերող հարցերով զբաղեցնել ուսուցչին` <<փրկելով>> դասը չսովորած ընկերներին: Պատասխանատու էր դեռեւս առաջին դասարանից, երբ հոսանքազրկման ժամանակ մորը եւ իրենից մեծ եղբայրներին այնքան էր լուցկու հատիկ վառել տվել, որ լուցկու լույսի տակ տնային աշխատանքը կատարի: Երբ առաջին դասարանում մայրն ուղարկել էր կոնֆետի, վերադարձել էր գրենական պիտույքներով, ասելով` խանութում կոնֆետ չկար… Խանութն իր համար գրենական պիտույքների խանութն էր միայն…

1996-ի դեկտեմբերի 9-ին Իշխանասար գյուղում ծնված Վաչեն ծնողների երրորդ տղան էր, որ աշխարհ էր եկել հոր նվիրական երազանքով` տղա ունենալ եւ անվանակոչել  իր մանկության եւ պատանեկության ընկերոջ` 27 տարեկանում արցախյան առաջին պատերազմում զոհված բռնակոթցի Վաչե Թանգյանի անունով: Ծնողներն ուրախ էին, բայց Վաչեի ճակատագիրն էլ նման եղավ իր անվանատիրոջ ճակատագրին…

Վաչեն գերազանց առաջադիմությամբ սովորեց Սիսիանի թիվ 2-րդ, ապա` ավագ դպրոցներում: Անվճար ուսուցմամբ ընդունվեց ԵՊՀ Կովկասագիտության ֆակուլտետի ադրբեջանական բաժինը, որ, ինչպես ինքն էր մտածում, ե՛ւ թշնամու լեզուն իմանա, ե՛ւ երեխաներին սովորեցնի, ե՛ւ իր ապագա դիվանագիտա-ռազմավարական աշխատանքում օգտակար լինի հայրենիքին ու երկրին: Կարմիր դիպլոմով ավարտեց ուսումը, բայց դա չէր իր նպատակների նշաձողը: Կարմիր դիպլոմով ավարտեց նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, որ սպային անհրաժեշտ կարեւոր գիտելիքներով ծառայի բանակում, որովհետեւ, ինչպես մորն էր ասել, ռազմականի վատ ուսանողը վատ էլ սպա է դառնում: Որպես անվճար ուսուցմամբ ԵՊՀ բակալավրիատ ընդունված ուսանող նրան հնարավորություն տրվեց սեփական նախապատվությամբ ընտրել բանակային ծառայության վայրը. ընտրությունը Կապանն էր, Սիսիանին էլ մոտ… Բայց Կապանի գունդը Ջրականում էր, ու Վաչե Պետրոսյանը ծառայության մեծ մասն անցկացրեց Ջրականում: Սեպտեմբերի 4-ին Ջրականում էին, հերթական զինավարժությունների, երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը:

Սեպտեմբերի 28-ին հայրը խոսել էր տղայի հետ, համոզվել` ամեն ինչ լավ է: Վաչեն հմուտ հրետանավոր էր, հայրը հանգիստ էր որդու համար: Ու առանց նրան տեղյակ պահելու` սեպտեմբերի 28-ին էլ ինքը Սիսիանի զինկոմիսարիատում կամավորագրվեց եւ իր գազ 53 մեքենայով միացավ Արցախ զենք ու զինամթերք տեղափոխող ավտոշարասյանը, Ասկերանի տանկադրոմից հասնելով Մարաղայի առաջնագիծ: Խնդրել էր հաջորդ բեռնափոխադրումը Ջրական ուղարկեն, որ եւ որդուն տեսնի, եւ մոտը լինի: Հաջորդ բեռնափոխադրմանը չհասցրեց. հոկտեմբերի 1-ին Վաչեի լուրը եկավ: <<Մինչեւ հիմա չեմ կարողանում հաշտվել: Թեկուզ բերել ենք, հուղարկավորել, բայց աչքերիս դեռ չեմ հավատում: Մյուս կողմից էլ մտածում եմ` բան է՞ն մարդիկ ինչ անեն, որ նույնիսկ չեն կարողացել իրենց էրեխու երեսը տեսնել, մինչեւ հիմա տեղը չգիտեն: Մուխս դուրս է գալիս… Գիտե՞ս` ինչից եմ սենց մղկտում, էդքան պարապեց, 4 տարի երեւաններում վարձով մնաց, մենակ ապրեց, մեկ տարի Վազգեն Սարգսյանում սովորեց, մոր եփած տաք ճաշ չկերավ, իր ճաշն ինքը եփեց, իր շորն ինքը լվաց, էդքան տանջվեց, արդեն պիտի իր տանջանքի արդյունքը ստանար, էն էլ… Անվճար սովորել է, մի նեղություն չի տվել, երբ Կապանում ծառայում էր, մեքենա գնեցի, որ, գոնե, կարողանար սրան-նրան չխնդրելով տուն գար: Մեքենան հիմա տան բակում է: Պատրաստվում էր բանակից հետո ամուսնանալ: Շատ եմ ափսոսում, շատ>>,- ասում է հայրը` Արարատ Պետրոսյանը, ում հետ զրուցեցինք որդու հիշատակին Սիսիանի <<գլխին>> կառուցած հուշավայրում: Հայրն ասում է, որ այն խորհրդավոր վայր է` մի կողմում Հայրենականում զոհվածների հուշարձանն է, կողքին` տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված Գրիշիկի հուշատաղավարը, մյուս կողմում` Բագրատի կանգնեցրած խաչը, ավելի ներքեւ` պանթեոնն է, բարձունքին` եկեղեցին, հորիզոնին` բարձրաբերձ լեռների շղթան է, Սիսիանն էլ` հայացքիդ առջեւ, կարծես` ափիդ մեջ, ու այնքան սիրուն, որ մտածում ես` մեր տղաները այս ամենի համար նահատակվեցին, որ չտան թշնամուն:

<<Երկու տղաներիս համար տուն եմ գնել, Վաչես տուն չունեցավ, այս տաղավարը սարքեցի նրա անունով, սա էլ նրա օջախն է, այստեղ ենք նշել նրա տարելիցը, այստեղ ենք նշում հիշատակի, ծննդյան օրերը, մնում է  խաչքարը տեղադրեմ, տարածքը բարեկարգեմ, ամբողջ օրն այստեղ եմ, գործ եմ անում ու չեմ հագենում, հոգիս չի խաղաղվում: Շատերն են այստեղ իրենց միջոցառումները նշում, թող նշեն, թող բոլորն ասեն` սա Վաչեի <<բեսեդկան է>>, Վաչես այդպես ավելի երկար կհիշվի>>-, ասում է Արարատը, շնորհակալություն հայտնում, որ գրում եմ տղաների մասին, նրանց անմահացնում, ասում է` դա էլ իմ պատերազմն է, որ հաղթանակով պիտի ավարտեմ եւ նվիրեմ տղաների հերոսական հիշատակին: Դա էլ է իրենց մխիթարանք:

Մայրը` Գայանե Ծատրյանը գրի է առնում իր մտքերը, խոհերը, հուշերը, երբեմն հրապարակում իր ֆբ էջում: Ասում է`դա իր չընդհատվող զրույցն է Վաչեի հետ, մենախոսությունը, գուցե` երկխոսությունը, երբեմն չի հավանում գրածը, որովհետեւ բառերը ի զորու չեն արտահայտել այն հույզերը, ապրումները, խռովքները, որ կուտակված են հոգում, բայց գրում է, որովհետեւ անավարտ է իր ու որդու զրույցը, ինչպես որ անավարտ է նրա թռիչքը, անավարտ է նրա կյանքը… Բոլոր մայրերի համար իրենց երեխաները ամենալավն են, ամենաբարին, ամենախելացին, բայց Վաչեն այդպիսն էր ոչ միայն իր համար, այլեւ` հենց իր երեխաների մեջ: <<Վաչը ուրիշ էր, իրոք` ուրիշ: Չգիտեմ` այդպես ծնվե՞լ էր, ի վերո՞ւստ էր, ինքը կանխազգում էր եւ այդպե՞ս էր ապրում, թե՞ իր էությունն այդպիսին էր: Երեւանում, Սիսիանում, Իշխանասարում չկա մեկը, որ ասի` Վաչն իրեն վիրավորել է, կռվել է, մի վատ արարք է արել… Բարի էր, բայց ոչ` խեղճ, մարդու խեղճ տեսակը չէր սիրում: Շատ էր հասունացել, ինքնահաստատվել, ինքնավստահություն ձեռք բերել, ոտքը ամուր դրել էր հողին ու առաջ էր գնում: Ասում էր` առաջինը լինելը խասյաթ է դարձել… էնքա~ն ազնիվ էր, ոնց որ էս թվի մարդ չլիներ, պարզ, մաքուր, հոգատար, ամեն ինչ անում էր դիմացինին օգնելու համար, տալուց էր ուրախանում, ոչ թե վերցնելուց… Մի անգամ մի հաշմանդամ երեխայի օգնել է փողոցն անցնել, հետո ցանկացել է մի բան տալ, գրպանում միայն իր աղոթագիրքն է եղել, դա է տվել, ասացի` ինչի ես դա տվել, ուրիշ բան տայիր, ասաց, մամ, բայց էնքան օրհնեց էդ երեխան: Վաչիս նպատակներն էլ իր հետ չէին կապված, այլ` իրենից 12 տարով փոքր քրոջ` Մարիամի, եղբայրների` Նարեկի, Նաիրիի: Տանն ինչ լավ բան կար, նրա համար էի պահում, տղաները գտնում էին, բայց չէին նեղանում: Վաչի համար միշտ վախեցել եմ: Վախենում էի նրան կորցնել ու կորցրեցի…Վաչեներ կծնվեն, բայց իր տեսակը երբեք>>,- ասում է մայրը:

Դեռեւս պատերազմից առաջ Վաչեն կարծես զգացել էր մոտալուտ պատերազմը: Մի քանի օր առաջ հրամանատարի հետ Ջրականից կարեւոր գործերով Կապան էին եկել, եկել էր Իշխանասար, տեսել հարազատներին, ցանկություն հայտնել ընտանիքով կնքվել Գանձասարում, կահույք էր գնել տան համար, նախորդ հրաժեշտներից տարբերվող հրաժեշտ տվել ու գնացել… Պատերազմի օրվան նախորդող օրերի զանգերն էլ իր սովորական ժամին չեն եղել, հարցադրումներն էլ` որեւէ տեղեկություն իմանալ այստեղից… Սեպտեմբերի 27- ին առավոտյան ժամը 8-ին քույրը զանգել է նրան, հայտնել թշնամու հարձակման մասին, ինքը լրջություն չի տվել, բայց երբ սեպտեմբերի 28-ին է զանգել, նրա ձայնը լսելիս ուրախությունից ճչացել է: Հետո վախեցել է զանգել կամ` գրել, Վաչեն եղբայրներին է խնդրել` Գայոյիս ասեք` գրի, զանգի: «Գրեցի` աստծուց խնդրում եմ ձեզ պահի, զգույշ եղիր, տղաս, գիտես` առանց քեզ չեմ կարող, գրեց` արխային, Գայո, լրիվին մաղում ենք, մեզ մոտ լրիվ լավ է, չեմ թողել թուրքը մի մետր առաջ գա ու հավանության նշաններ է ուղարկել: Բանակից մամա բառը երբեք փոքրատառով չի գերել… Ինձ դիմում էր մամաս, կամ` Գայոս: Ընկերական էր, մտերմիկ, իմ ամեն ինչ էր, խորհրդատուս էր, եթե ամբողջ աշխարհն ասեր` ճիշտ ես արել, Վաչն ասեր` ինչի՞ ես արել, կոտրվում էի, ինքն արդարադատ էր, իր խոսքն ինձ համար կարեւոր էր… Երեւի իրենով շատ եմ հպարտացել, շատ եմ սիրել, երեւի աստծուն դուր չեկավ, որ էդքան շատ եմ սիրել… Վաչի խփվելուց հետո  դիրք էին կորցրել, ընկերներն  ասել են` պիտի հետ բերենք, արկերի վրա գրել են` Վաչեից ու կրակել թուրքին: Վաչն էլ է այդպես արել` հրամանատարի հրահանգը կատարելիս` պարոն հրամանատար, թուրքին ասա` 30 սնարյադ` Վաչից: Վաչը տարերքի մեջ էր, իր կյանքն իր աչքին չի եկել, անօդաչուի հարվածի ժամանակ չի լսել կողքի զինվորի ձայնը, որ կռանա>>,- պատմում է Գայանեն, դժվարանում մխիթարություն գտնել, բայց մտածում է, որ Վաչեից հետո ծնված Արեւիկ թոռը արեւի լույս, կենսատու շող էր իր տանը: Արեւիկը Վաչեի սիրած անունն էր: Ապրում է այնպես, ինչպես Վաչեն կուզենար` չսգալ, չնայած ապրել հասկացողությունը մինչեւ Վաչն ուրիշ էր, Վաչից հետո բոլորովին ուրիշ: Մխիթարվում է, որ իրեն ասում են` Վաչեի մայրն է:

<<Երկրորդ անգամ որդուս կորցրել եմ նոյեմբերի 9-ինԿանգնել եմ նրա նկարի մոտ, ասել` Վաչ, կներես, ինձ էլ, բոլորին էլ, դու երբեք չէիր մտածի, որ մեր պատերազմն էս ավարտը կունենար: Եթե հաղթեինք, եթե երկիր պահեինք, կարող է եւ մի տեղ արդարացված լիներ նրանց կորուստը, բայց կոնկրետ այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրում, ես իմ որդուն չէի տա էդ երկրի համար: Ես չեմ նույնացնում հայրենիքն ու իշխանությունը, բայց իմ որդուն չէի տա, չնայած գիտեմ, որ հայրենիքը կանգուն է Վաչի նմաններով>>,- ասում է մայրը, հետո պատմում, որ տղայի մեքենայի միջից վերջերս գտել են նրա ձեռագրով գրված աֆորիզմներ, ասույթներ: Վաչեն Նժդեհապաշտ էր, ահա նրա վերջին գրառումը` ապրիր ու գործիր միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել եւ մեռնել այն բանի համար, որի համար արժե ապրել… Նաեւ սա` չի կարելի կատակի տալ կարոտ բառը… <<Վաչից հետո իմացա, որ կյանքում այդպիսի կարոտ էլ է լինում, ինքն իմացել է, որ էդ կարոտն ինքն է ինձ տալու…>>,-ասում է մայրը, շեշտում, որ ապրելու է նրա գաղափարներով: «Մեր միակ մխիթարանքն էն կլինի, որ ապրենք մեր երեխաների երազած հայրենիքում… Վաչը երբեք չի մտածել պարտության մասին, երնեկ մի օր նորից Շուշին էլ վերցնենք, Ջրականն էլ, տեսնենք Վաչիս խփված տեղը… Երնեկ Վաչեի նման տղերքի երազածք հայրենիքը վերականգնվի>>: