Տիգրանը՝ Եռաբլուրից ժպտացող տղան, որ զոհվեց դավադիր ծուղակում. Այսօր Տիգրան Շահբարյանի ծննդյան օրն է
Եռաբլուրում շիրմաքարերի միջից մի ժպիտ է շողում: Տիգրանն է: Խոստումնալից երիտասարդ, ապագա բժիշկ, որի 20-ամյակը լրացավ Եռաբլուրում:
Մայրը՝ Արմինե Հարությունյանը, գրեթե ամեն օր վերապրում է այն սարսափելի օրերը, որոնցով անցան հոկտեմբերի 10-ից սկսած, երբ որդին այլևս չզանգեց, իսկ դեկտեմբերի 4-ին նրա և զինակից 75 ընկերների ու հրամանատարների աճյունները գտան Հադրութում՝ դաշտում ընկած, որտեղ զոհվել էին՝ հայտնվելով թշնամու ծուղակում:
Տիգրանն Արցախի Մարտունիում էր ծառայում, 1,3 տարվա զինծառայող էր, կրտսեր սերժանտ, նաև վաշտի բուժակն էր: Ծառայության ընթացքում բժշկական գիտելիքները շատերին էր ծառայեցրել, հատկապես պատերազմի դաշտում, բայց հոկտեմբերի 11-ի մարտն անհավասար էր ու դավադիր:
Հոկտեմբերի 10-ին Տիգրանը զանգել էր ծնողներին՝ տրամադրությունը շատ բարձր: Մայրը հիշում է՝ բոլորի հետ հերթով խոսեց: Եթե նախորդ օրերին շատ կարճ էր խոսում, այդ օրը զարմանալիորեն երկար խոսեց: Դա նրա վերջին զանգն էր հարազատներին:
«Ամսի 11-ին զանգեցինք, անհասանելի էր: Մինչ այդ, եթե անհասանելի էր լինում, հրամանատարին էինք զանգում: Այս անգամ հրամանատարն էլ չկար: Անհանգստացանք: Հետո սկսեցինք փնտրել, բայց ոչ մի տեղեկություն չկար: Կամաց-կամաց ամբողջ վաշտի ծնողներով իրար գտանք: Պարզվեց՝ բոլորն էլ վերջին անգամ իրենց երեխեքի հետ խոսել էին հոկտեմբերի 10-ի երեկոյան կամ 11-ի առավոտյան, որից հետո կապ այլևս չէր եղել: Մտածում էինք, որ այդ բոլոր 76 հոգին կա՛մ միասին զոհվել են, կա՛մ գերի են ընկել, կա՛մ թաքնված են։ Բայց նրանցից ոչ ոք ո՛չ վիրավորների մեջ կար, ո՛չ զոհվածների, ո՛չ էլ գերիների: Ամբողջ վաշտն ասես անհետացել էր»:
Վաշտի անհետացման մասին որևէ ստույգ տեղեկություն չէր տրվում նաև բարձր հրամանատարությունից: Միայն ասում էին, որ գնացել են Հադրութ, որպեսզի օգնության հասնեն այնտեղի առաջնագծի զինվորներին, իսկ հետո արդեն կապն ընդհատվել է:
Ավելի ուշ պարզում են, թե ինչ է տեղի ունեցել. 76 հոգանոց վաշտը Հադրութի ճանապարհին ընկել է շրջափակման մեջ թշնամու շուրջ 500 հոգանոց հատուկջոկատայինների կողմից: Տղաները որոշել են չհանձնվել, մինչև վերջին կաթիլ արյունը դեմ առ դեմ կռիվ են տվել անհավասար մարտում ու պատվով զոհվել: Ո՛չ ոք չի փրկվել սարսափելի սպանդից:
Տղաների զոհվելու հանգամանքներն իմանալուց հետո հարազատների համար կրկնակի դաժան էր այն, որ նրանց մարմինները գտնվում էին թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութում: Շաբաթներն, ամիսներն անցնում էին, բայց ծնողներին չէր հաջողվում որևէ կառույցի միջոցով դուրս բերել իրենց որդիների աճյունները:
«Ամուսինս մյուս ծնողների հետ Արցախում էր մնում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կարողանան երեխեքին գտնել։ Դեկտեմբերի 4-ին ռուս խաղաղապահները մտնում են Հադրութ որոնողական աշխատանքների և հենց նույն օրը բոլորին գտնում են նույն վայրում, որտեղ նրանք զոհվել էին: Եթե ամուսինս նոյեմբերի 10-ից հետո չգնար Արցախ, այդ ողջ ընթացքում խաղաղապահների ու Արցախի ԱԻՆ-ի աշխատակիցների հետ չլիներ, գուցե մինչ օրս էլ երեխեքի մարմինները գտած չլինեինք»:
76 հոգուց միայն երեքի մարմինն էր ճանաչելի, որոնցից մեկը Տիգրանն էր:
«Երբ Տիգրանի աճյունը տեղափոխեցին դիահերձարան, 20 օր այնտեղ հերթապահել ենք, որ հանկարծ էնտեղ չկորցնենք: Օրը երկու անգամ տեգրս մտնում ստուգում էր՝ արդյո՞ք մարմինը տեղում է, թե ոչ: Չեք պատկերացնի, թե այդ ժամանակ ինչ էր կատարվում դիահերձարաններում»:
Տիգրանին հողին են հանձնում դեկտեմբերի 26-ին՝ զոհվելուց շուրջ երկուսուկես ամիս անց:
Հետո արդեն սկսվում է ծնողների հետաքննությունը: Վաշտի բոլոր ծնողներով փորձում են պարզել կասկածելի հանգամանքներում թշնամու ծուղակում հայտնված իրենց որդիների կոտորածի հանքամանքները, որ բացահայտեն նաև մեղավորներին: Գլխավոր հարցն անպատասխան էր մնում՝ ինչո՞ւ էր բարձր ղեկավարությունը 76 հոգանոց վաշտն ուղարկել Հադրութ հոկտեմբերի 11-ին, երբ Հադրութն այդ ժամանակ արդեն թշնամու վերահսկողության տակ էր:
Մայրը պատմում է, որ այդ օրերին, երբ խոսում էին վաշտի անմիջական հրամանատարի հետ, որը նույնպես զոհվել է այդ օրը, վերջինս իրենցից էր հարցնում, թե ինչ են խոսում Հադրութի մասին՝ արդյո՞ք թշնամին վերցրել է Հադրութը, թե ոչ: «Այսինքն նույնիսկ վաշտի հրամանատարը տեղյակ չէր, թե ինչ է կատարվում: Ու եթե իմանար, որ Հադրութն այլևս չկա, իր զինվորներին չէր տանի թշնամու բերան, ինչքան էլ որ վերևից հրաման գար»:
Ծնողների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, բայց իրականությունը մինչ օրս բացահայտված չէ, մեղավորները պատժված չեն: Այն հրամանատարներն, ովքեր պատասխանատու էին տղաների անվտանգության համար, չեն ընդունում մեղքը կամ մեկը մյուսի վրա են բարդում: Փաստն այն է, որ տեղի է ունեցել ճակատագրական սխալ որոշում կամ ինչպես ծնողներից շատերն են համոզված՝ մեծ դավադրություն:
«Էդ երեխեքը մինչև վերջ բոյ են տվել: Ասում են՝ ԱԱԾ-ում կա բոյի տեսագրությունը, բայց քանի դեռ գործն ընթացքի մեջ է, չենք կարող տեսնել: Ես մի բան կարող եմ ասել՝ երեխեքին վաշտերով մատաղ են արել, իմ երեխեն դավադրության զոհ է»:
Տիգրանն արցախցի է, ծնվել է Արցախում, մեկ տարեկանում ծնողները տեղափոխվել են Երևան: Մայրը, որն Արցախյան ազատամարտի ժամանակ դպրոցահասակ աղջիկ էր, լավ է հիշում պատերազմի սարսափները: Բայց նաև հիշում է հաղթանակի բերկրանքը: Ասում է՝ այս պատերազմն իրենից խլեց երկու թանկ բան՝ իր որդուն ու Արցախը:
«Երանի որդիս զոհվեր չդավաճանված։ Երանի զոհվեր, բայց ես ասեի, որ երեխես կյանքը տվել է, հող է ազատագրել»:
Տիգրան Շահբարյանը հետմահու արժանացել է Մարտական խաչ Առաջին աստիճանի շքանշանով և Արիության մեդալով։
Մայրը պատմում է, որ Տիգրանենց վաշտը մինչև զոհվելը նաև Ակնայի ուղղությամբ էր հատուկ գործողություն իրականացրել, որի ընթացքում Տիգրանն ու ընկերները փրկել էին վիրավոր հրամանատարի կյանքը:
Տիգրանը որոշել էր բժիշկ դառնալ: Ավանի թիվ 104 դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի հենակետային բժշկական քոլեջ: Քոլեջն ավարտել էր կարմիր դիպլոմով ու մեկնել ծառայության, որտեղ երեք ամսով վերապատրաստվել էր բուժակի մասնագիտությամբ: Ծառայությունն ավարտելուց հետո պիտի բժշկական համալսարան ընդունվեր: Մայրն ասում է՝ այնքան բազմակողմանի գիտելիքներ ուներ, որ չէին կողմնորոշվում, թե որ ոլորտն ընտրի, բայց Տիգրանն ընտրում է բժշկությունը:
2018 թվականին նոթատետրում նա կետ առ կետ շարադրել էր տարվա և առաջիկա տարիների նպատակները՝ գրքեր կարդալու, մոտիվացվելու և հաջողության հասնելու բանաձևերի մասին:
«Շատ էր սիրում կարդալ, բանակում էլ անընդհատ գիրք էր ուզում: Հիանալի մաթեմատիկա գիտեր։ Դրա հետ մեկտեղ չափազանց համեստ էր, իր վերջին ունեցածն ուրիշին կտար»:
Տիգրանը սիրած աղջիկ ուներ, հետո պարզվեց՝ նաև գաղտնի սիրահարներ, որոնց արցունքոտ նամակները մայրը երբեմն գտնում է որդու շիրիմին այցելելիս: Բայց Տիգրանն ունի նաև երկրպագուներ, որ նրան են սիրահարվել իր հերոսանալուց հետո: Նրանց շնորհակալական, ջերմ ու սիրո խոստովանություններով լի նամակները, նվերները նույնպես մայրը գտնում է որդու շիրիմի մոտ:
«Ասում եմ՝ Տիգրան ջան, այսքան աղջիկների պատասխանը ես ո՞նց տամ»։
Տիգրանի ժպտացող լուսապատկերը Եռաբլուրում շատերին է ձգում: Մայրն ասում է՝ հենց այդ լուսանկարի շնորհիվ հարյուրավոր մարդիկ իրեն մոտենում են, գրում, սփոփանքի խոսքեր ասում, կիսում իր վիշտը:
«Այսօր էլ ավելի շատ Տիգրանն է ինձ ապրեցնում, քան ես իրեն»,-ասում է մայրը։