Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Ալբերտ Հովհաննիսյան

Հուլիսի 08, 2022

44-օրյա պատերազմի օրերին շատերին է ոգևորել, հույս ներշնչել հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը, ով իր ամբողջ էությամբ միաձուլվել էր  հրետանուն, դարձել մի ամբողջություն ու կարծես կտրված իրեն լուսանկարող անձնակազմից, շրջապատի իրականությունից՝ կրակում, այնուհետև արկերի պայթյուններից սևացած մատներով անվրդով խնձոր էր ուտում: Լուսանկարն իրոք դարձել էր պատերազմի և բանակի խորհրդանիշը: Այդ օրերին համայն հայությունը հաղթանակի հավատով էր լցված, և 19-ամյա Ալբերտի լուսանկարն այդ ծանր հաղթանակի խորհրդանիշը կարող էր դառնալ:

Սակայն, երբ հոկտեմբերի 8-ին Ալբերտի հայրը հայտնեց ցավալի լուրը, կարծես հենց այդ օրվանից խարխլվեց հաղթանակի հավատը: «Իմ որդին՝ Ալբերտ Հովհաննիսյանը, ում լուսանկարն այս օրերին լայն տարածում գտավ ողջ աշխարհում և հարազատ դարձավ շատերիդ համար, անմահացավ։ Անչափելի ու անհատակ է իմ ու իմ ընտանիքի ցավը։ Օրեր շարունակ նրանից որևէ տեղեկություն չունեինք, բայց շատերդ մեր ընտանիքի հետ էիք՝ ձեր ներկայությամբ, խոսքով, աղոթքներով, բայց … այլ բան էր կանխորոշված։ Կոկորդս խեղդող արցունքների միջից ուզում եմ խնդրել, որ բոլորիդ հիշողություններում Ալբերտը մնա հավերժ երիտասարդ, անսահման լավատես, չափազանց հայրենասեր, ով մեծ երազանքներ ու շատ անելիքներ ուներ և ում մեծագույն սերը Հայրենիքն էր։ Վիշտս ծանր է ու մեծ, բայց հպարտությունս ավելի մեծ է, որ հայրենասեր հայի, մերօրյա իրական Հերոսի հայրն եմ։ Գիտակցում եմ՝ իմ Ալբերտը միայն իմ Հերոսը չի, նա բոլորիս Հերոսն է, նաև ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ… Փա՛ռք մեր հերոսներին»,- գրել էր Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ով որդու մահից հետո իր անձնական մեքենան նվիրել է Հայոց բանակին:

Որդու հետ նա վերջին անգամ խոսել էր սեպտեմբերի 28-ի գիշերը` լույս 29-ին, հայտնել է, որ բոլոր ալիքներով իրեն են ցույց տալիս, բայց Ալբերտը չուրախացավ այդ լուրից:

«Ճիշտն ասած, պատերազմի օրերին մի երկու անգամ եմ խոսել նրա հետ: Վերջին անգամ տրամադրությունը նորմալ էր. ի՞նչ պիտի լիներ պատերազմի օրերին: Ուղղակի իր ուժեղ ձևով ինքը փորձում էր մեզ հանգստացնել. ասաց, որ հոգնած է, հետո կխոսենք, այնինչ ինքը մի երկու-երեք գիշեր չէր քնել ու այդ ամբողջ ընթացքում հրետանուց այն կողմ չէր գնացել»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արտակ Հովհաննիսյանը:

Ալբերտը մինչ ծառայության անցնելը մեկ-երկու անգամ եղել է Արցախում, իսկ ծառայության ընթացքում ուրախ էր ու տրամադրված, իր խոսքի մեջ միշտ ասում էր՝ երբ պատերազմ լինի, մենք կհաղթենք:

«Իր համար Արցախ աշխարհն ամեն ինչ էր: Ինքը շատ բան գիտեր Արցախի մասին ու ուզում էր, որ Արցախը Հայաստանի հետ կապված լինի»,- իր խոսքում նշել է Արտակ Հովհաննիսյանը:

Ընտանիքով վերջին անգամ Ալբերտի ծննդյան տարեդարձին՝ սեպտեմբերի 15-ին էին Արցախում: «Անգամ այդ օրը ես իր հետ խոսեցի պատերազմի մասին: Ինքն ասաց, որ մենք ամենաուժեղն ենք, մեզ հաղթել չի լինի. ասում էր՝ Բաքվում թեյ ենք խմելու»,- պատմում է հերոսի հայրը:

Նա պատերազմից հետո ապրում է միայն Ալբերտով: Մինչև պատերազմը սոցիալական ցանցերում ակտիվ չէր, հիմա հանրությունն ու շրջապատը մեծ հետաքրքրությամբ են հետևում նրա արտահայտած կշռադատված մտքերին:

Զինակից ընկերները Ալբերտին բնորոշում են որպես կիրթ, ընկերասեր, նվիրված և հոգով ու մարմնով ուժեղ անձնավորություն: Ալբերտ Հովհաննիսյանի հրամանատար Մնացական Ավետիսյանն «Նվիրյալները» հաղորդաշարի շրջանակներում նշել է, որ Ալբերտն առանձնանում էր մարդկային շատ բարձր հատկանիշներով, ընկերասեր էր, պատասխանատու, իր գործին հատուկ մոտեցմամբ: Բնավորությամբ շատ խիստ էր, պահանջկոտ, չէր կարողանում տանել անարդարությունը, պաշտպանում էր թույլերին:

Խոսելով պատերազմական օրերի մասին՝ հրամանատարը հիշում է. «Լինելով չորրորդ հաշվարկի հրամանատար՝ ամբողջ նախաձեռնողականությունը վերցնում էր իր ձեռքը ու «Հրանոթները լիցքավորել» հրամանից հետո պատրաստականություն առաջինը ինքն էր զեկուցում ու առաջին կրակոցն էլ ինքն էր կատարում: Արկը 21 կգ է կշռում, ու 300-320 արկ Ալբերտը կարողացել է այնպես անել, որ կրակոց լինի, անընդհատ բերել լիցքավորել, այնքան ուժ ու եռանդ է ունեցել, որ երկու-երեք օր մի վայրկյան էլ չի քնել»,- նշել է Մնացական Ավետիսյանը:

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել դուքենդո կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։

Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հրետանավորի օրը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Հունվարի 13-ին ֆեյսբուքյան էջում Արտակ Հովհաննսիյանն այսպիսի գրառում էր արել. «Անցյալն ու կատարվածը փոխելու անհնարինությունը գիտակցելով անգամ՝ անընդհատ մտածում ես «եթե»-ների մասին: Ու եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը, այսօր Ալբերտս հայրենիքի առաջ զինվորականի իր պարտքը կատարած կվերադառնար ու կջերմացներ իր տունը, որտեղ հիմա հերոս որդի ունենալու սառը հպարտությունն է:

Հ. Գ. Վստահ եմ՝ հողն իր արյան կանչով ի վերջո հաղթելու է դիվանագիտական խաղերին ու իր իրական տերերի ոտքերի տակ է հայոց հողն ամրանալու: Միակ անդառնելի կորուստը մեր երիտասարդներն էին, Ալբերտս…

Չներես ինձ, տղե՛ս»:

aparaj.am