Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Որդուն հասնելու ճանապարհին

Հուլիսի 08, 2022

Ջրականում գտնվող որդու հետ վերջին հեռախոսազրույցում Գարիկ Վիրաբյանն ասել է, որ մտադիր է գալ  իր մոտ՝ առաջնագիծ։ Սեպտեմբերի 29-ի գիշերը Գարիկը Երևանից իր մեքենայով մեկնել է Ջրական, որդու՝ Դավիթի մոտ, բայց այդպես էլ նրան չի հանդիպել։ Ժամկետային զինծառայող Դավիթ Վիրաբյանը 2020թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերից իր զինակիցների հետ պահել է Ջրականի Մարջանլու տեղմասի մոտակա բարձունքը։ Հոկտեմբերի 3-ին՝ վեցօրյա ինտեսիվ մարտերից հետո, Դավիթն իր 11 զինակիցների հետ զոհվել է։ 

Գարիկ Վիրաբյան. Իմ մեքենայով սեպտեմբերի 29-ի գիշերը դուրս ենք եկել Երևանից։ Գորիսով  եկել, Խնձորեսկով իջել ենք Կուբաթլու։ Հասել ենք Ջրականի զորամաս, դատարկ է եղել, ոչ մի բան չի եղել։ Հասնելուն պես «Սմերչը» խփեց, իջել ենք էդտեղից, «12 աղբյուրներ»-ի մոտով հասել ենք Սամվելավան՝ էդտեղ մեր տանկերի դիրքն էր։ Ամսի 30-ն էր, Արա լեռի վերևը ավտո ենք կանգնացրել, հարցրել ենք՝ դեպի Արաքս ճի՞շտ ենք գնում, ասեց՝ չէ, պետք է խաչմերուկից ձախ անեիք։ Հետ ենք եկել Սամվելավանի խաչմերուկ, եկել միչև Քյուչակը անցել, եկել ենք Շեյբեյ՝ Մարջանլուից մոտ 1 կմ հեռավորության վրա է։ Շեյբեյում կանգնած մեր սպաներից մարդիկ կային, հարցրին՝ ո՞ւր եք գնում, ասեցի՝ ով ենք, ուր ենք ուզում գնալ, ասեցին՝ հետ գնացեք, գնացեք զենք, ֆորմա ստացեք, նոր եկեք։

Հետ ենք եկել, գնացել Ստեփանակերտ, կամավորագրվել, հետ եկել Ջրականի զորամասից զենք ստացել։ Էդտեղ հանդիպեցինք Հրայր սարկավագին, մեզ ասեց, որ ինքը գնում է դիրքեր, որտեղ Դավիթն է, կգտնի իրեն, հետո կգա մեզ կտանի իրենց մոտ։ Մենք գնացինք Սամվելավան ու սպասում էինք, որ Հրայր սարկավագը պետք է վերցներ մեզ, տաներ Դավիթենց դիրքեր։ Հոկտեբերի 2-ին Հրայր սարկավագը Դավիթենց շտաբի պետի՝ Էդգար Մաթևոսյանի հետ դիրքերի ճանապարհին էին: Մարջանլուի ավազի հանքի մոտ հոկտեմբերի 2-ի գիշերը ավիահարվածից զոհվում է շտաբի պետը, սարկավագն էլ վիրավորվում է։ Էդ օրը գիշերը հարձակվում են Դավիթենց բարձունքի վրա, 12 հոգի զոհվում է, որոնց մեջ էր նաև Դավիթը։ Ես այդ բարձունքի մոտ էի, բայց չկարողացա հասնել որդուս,  չկարողացա հանել աճյունը։

Դավիթ Վիրաբյանի աճյունը հայտնաբերվել է պատերազմից հետո՝ 2021թ․-ի  փետրվարի 17-ին:

Տեսանյութը՝ այստեղ