Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Սերգեյ Շաքարյան

Հուլիսի 27, 2022

Կան անհատներ, որոնց առկայությունը շրջադարձային նշանակություն ունի պատմական իրադարձությունների համար: Կան անհատներ, որոնց ներկայությունը որոշիչ դեր ունի պատմական իրադարձություններ կերտելու գործում: Կան անհատներ, որոնք հենց իրենք են պատմական իրադարձություններ կերտում իրենց գործունեությամբ: Այդպիսիք վեր են մարդկային աշխարհիկ կյանքում տեղի ունեցող անազնիվ և անարդար գործերից, կեղծիքից, ստից, ինքնագնահատման, ինքնամեծարման և ինքնագովեստի շռայլ խոսքերից: Այդպիսիք կյանքն արժևորած ապրելու, իրենց կյանքով կյանք տալու, անմնացորդ սիրո և անձնազոհության վառ կերպարներ են: Այդպիսիք հար մնում են սերունդների հիշողության մեջ և ճիշտ ապրելու օրինակ հանդիսանում: Այդ անհատներից է Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը:

Սերգեյ Սլավի Շաքարյանը ծնվել է 1974թ. դեկտեմբերի 9-ին ԱՀ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում։ Սովորել է տեղի Ա. Բալայանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցում։ Գերազանցությամբ ավարտելով դպրոցը, ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական ինստիտուտում։

1988թ. սկսված Արցախյան շարժումը, որ 1991-ից վերածվում էր ռազմական բախման,  17-ամյա Սերգեյին պիտի ստիպեր կիսատ թողնել ուսումը և նույն թվականի փետրվարին վերադառնալ հայրենի գյուղ, հոր հետ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության գործին։ Կարճ ժամանակում սովորեց տանկ վարել և անմիջապես մեկնեց ռազմադաշտ, դարձավ տանկի հրամանատար, 18 տարեկանից՝ սպա։

1992թ. փետրվարի 1-ից Սերգեյ Շաքարյանը նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի Հադրութի ջոկատի հրաձիգ, 1992թ. սեպտեմբերի 1-ից՝ ԼՂՀ ՊԲ 1-ին ՊՇ Տանկային վաշտի 2-րդ դասակի հրամանատար, 1993թ. սեպտեմբերի 1-ից՝  ԼՂՀ ՊԲ 1-ին ՊՇ Տանկային գումարտակի օպերատոր։

Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում Շաքարյանը պատմում է, որ երբ առաջին օրը դիրք էին գնացել, իրենց բախտ էր վիճակվել մարտական արկով կրակել։ Դրանից հետո, ըստ նրա, սիրահարվել է տեխնիկային ու, որպես տանկիստ, շարունակել պատերազմում իր քայլերը կատարել։ Որոշ ժամանակ անց Շաքարյանին և նրա ստորաբաժանման տղաներին բարդ առաջադրանքներ էին տրվում, որոնք հաջողությամբ հաղթահարում էին։

Սերգեյի հայրը՝ Սլավա Շաքարյանը, 46 տարեկանում զոհվել է մարտական գործողությունների ընացքում՝ ականի պայթյունից։

Սերգեյի ավագ որդու՝ Սլավայի խոսքով՝ հայրը իր հոր մահվան պատճառով լցված էր վրեժով, այդ իսկ պատճառով էլ որոշել էլ էր կիսատ չթողնել նրա գործը։

Պատերազմից հետո Սերգեյը մեկնում է ՌԴ, սովորում ռազմական ակադեմիայում և, կարմիր դիպլոմ ստանալով, վերադառնում է հայրենի Արցախ, զբաղվում սիրելի և հոգեհարազատ աշխատանքով։

1997թ. Սերգեյ Շաքարյանը նշանակվել է Հադրութի Տանկային գումարտակի հրամանատարի տեղակալ սպառազինության գծով, 2000թ.՝ Հադրութի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ սպառազինության գծով, 2004թ. ՝ ԱՀ ՊԲ 1-ին ՊՇ-ի 1-ին հրաձգային գումարտակի հրամանատար, 2008թ.՝ ԱՀ ՊԲ 9-րդ ՊՇ-ի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, 2010թ.՝ Հադրութի 1-ին ՊՇ-ի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով, նույն թվականին՝ 9-րդ ՊՇ-ի շտաբի պետ, ՊՇ-ի հրամանատարի տեղակալ, 2012-ին՝ Հադրութի 1-ին ՊՇ-ի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով, 2013-ին՝ Ասկերանի 4-րդ ՊՇ-ի շտաբի պետ, ՊՇ հրամանատարի տեղակալ, 2014-ին՝ Հադրութի 1-ին ՊՇ-ի հրամանատար, 2018-ին՝ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ:

Զինվորների և սպաների սիրելի հրամանատարն ու ավագ ընկերն իր ծառայության 30 տարիների ընթացքում հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի և շուրջ 24 մեդալների։ Վերջինը «Արցախի հերոս»-ի կոչումն էր, որին արժանացել է 2020թ. սանձազերծված դաժան պատերազմի օրերին, հոկտեմբերի 4-ին։

Սերգեյ Շաքարյանն ամուսնացել է 1999 թվականին՝ Զարինե Գևորգյանի հետ։ Ունեն 3 զավակ՝ 21-ամյա Սլավան, 19-ամյա Սևակն ու 9-ամյա Մանեն։

Սերգեյ Շաքարյանը ազգին նվիրված մարդ էր: Ազգինն էր, որովհետև ամբողջ կյանքը նվիրել էր իր հայրենիքի սահմաններն անառիկ պահելուն և կառչած էր մայր հողից։ «Նույնիսկ երբ նրան 2008թ. առաջարկեցին ՀՀ-ում ավելի բարձր պաշտոն, քան նա զբաղեցնում էր Արցախում, հայրս մերժեց»,-նկատում է Սլավան։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սերգեյ Շաքարյանն ասել էր, որ հպարտ է հայրենիքի սահմանները պաշտպանելու և զոհված տղաների գործը շարունակելու համար։

Բնավորությամբ հանգիստ, բարի,անմիջական, բայց և խստապահանջ մարդ էր Սերգեյ Շաքարյանը։

«Հաճախ էր բորբոքվում, սակայն՝ ոչ անտեղի։ Դժվար է լինել հազարավոր զինվորների հրամանատար ու հանգիստ մնալ»,-ասում է Սլավան։ Նա մատների վրա է հաշվում այն մի քանի ամանորները, որ դիմավորել են հոր հետ։ «Միշտ զորամասում կամ դիրքերում զինվորների հետ էր դիմավորում Նոր տարին», — հիշում է որդին։

Զինակից ընկերներից Արման Հակոբյանի խոսքով՝ Սերգեյ Շաքարյանը զինվորի մասին մտածող, սրտացավ հրամանատար է եղել. «Ձմռան սկզբին նրա առաջին հրամաններից մեկն այն էր, որ զինվորին ոչ թե նորմայով վառելափայտ հատկացնեն, այլ այնքան, որ զինվորը չմրսի և պատրաստ լինի», — ասում է Արման Հակոբյանը:

Սլավան հպարտությամբ է հիշում հերոս հայրիկին։ Ափսոսում է, որ եղել են դեպքեր, երբ չի հետևել հոր խորհրդին. ջահել էր, տաքարյուն՝ ինչպես բոլոր երիտասարդները։ «Հայրական խրատներ շատ էր տալիս, սակայն ամենակարևորն այն էր, որ միշտ ասում էր՝ որտեղ էլ լինենք, ինչ էլ անենք, միշտ մարդ մնանք»,-ասում է Սլավան։

Որդիներին դեռ փոքր տարիքից գնդապետ Շաքարյանը զինվոր է մեծացրել։ Շատ է պատմել պատերազմի մասին, սակայն միայն պատերազմի միջով անցնելուց հետո Սլավան հասկացավ, թե իրականում ինչ է պատերազմը։ Քիչ էր մնացել զորացրվելուն, երբ սկսվեց պատերազմը:

Առհասարակ ներամփոփ էր Սերգեյ Շաքարյանը։ Տանը չէր խոսում բանակային կյանքից ու խնդիրներից, անգամ ընտանիքին ու ժամկետային զինծառայող որդուն չի զգուշացրել սպասվող պատերազմի մասին։

«Իհարկե, հայրիկս էլ նախօրոք չէր իմացել պատերազմի մասին, միշտ պատրաստ էր։ Նա երբեք էլ պատերազմը ավարտված չէր համարել։ Նույնիսկ ես էի կռահում մոտալուտ պատերազմի մասին՝ տեսնելով թշնամու զորավարժություններն ու սպառազինվելը»,-ասում է Սլավան։

Պատերազմի հենց սկզբից Սերգեյ Շաքարյանը հրամանատարական կետերում էր։

Հոր հետ միայն հոկտեմբերի սկզբներին է կարողացել կապվել՝ ներքին կապով, երբ արդեն հայրն արժանացել էր «Արցախի հերոս»-ի կոչման, որն այդպես էլ անձամբ ստանալ չի կարողանում. պատերազմ էր, պետք էր կռվել ու դիմակայել թշնամուն։

«Ուրախությանս ու հպարտությանս չափ ու սահման չկար։ Բառերով չեմ կարող նկարագրել այն ապրումները, որ ունեցա մարտի դաշում, իմանալով այդ մասին։ Զանգեցի, շնորհավորեցի, սակայն ասաց, որ պատերազմ է։ Ձայնը կտրված էր, բառերի միայն 20-25 տոկոսն էի հասկանում»,-պատմում է Սլավան։

Խիզախ մարտիկն ու հրամանատարը ոչ մի անգամ մենակ չէր թողնում իր զինվորներին, վերջիններս էլ նրա ներկայությունից էին ոգևորվում, երբ դիրքից դիրք էր այցելում: Այդ ժամանակ նույնիսկ հեռաձայնով նրա ասած մի խոսքը ոգևորում էր դիրքի անձնակազմին։

Արման Հակոբյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ ամենակարևոր որոշումները գնդապետ Շաքարյանն էր կայացնում, և նրա տված կորդինատները երբեք սխալ դուրս չէին գալիս

Ինչպես Սերգեյ Շաքարյանն էր ասել ժամանակին՝ թշնամու հետ բառերով խոսել չի կարող, իրենը միայն զենքն է ու իր զորամասի գործողությունները։ Խոսքը գործ էր: Ասաց ու արեց: 30 տարի անց՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված լայնամասշտաբ պատերազմի ժամանակ կրկին մարտի դաշտում էր արդեն գնդապետ Շաքարյանը և իր հմուտ ղեկավարությամբ ետ էր մղում թշնամու հարձակումները։ Հավատալով իր զինվորների ոգու արիությանը, առաջնորդում էր նրանց մարտի դաշտում և մեկ ամիս շարունակ՝ մինչև իր զոհվելու չարաբաստիկ օրը, անխնա կոտորում ու ետ էր մղում թշնամու բոլոր գրոհները՝ ձախողելով նրա պլանները։ Չնայած թշնամու մեծաթիվ գրոհներին և անհավասար մարտերին, գնդապետ Շաքարյանի հմուտ ղեկավարմամբ թշնամին կորուստներով ետ էր շպրտվում։ Հիշատակման է արժանի նաև այն փաստը, որ գնդապետ Շաքարյանի որոշումներով ոչ միայն ոչնչացվում էր թշնամին, այլ նաև փրկվում էին հարյուրավոր յուրայինների կյանքեր։

Արման Հակոբյանը նշեց, որ Սերգեյ Շաքարյանը լինելով Հադրութից, գերազանց տիրապետում էր տարածքին: «Խաղաղ ժամանակ տեղաշարժվելիս միշտ տարբեր ճանապարհներով էինք գնում. նա պետք է ուսումնասիրեր ճանապարհային ցանցը, և հենց պատերազմի ժամանակ, երբ շրջափակման մեջ էինք, տեղանքի իմացությունն օգնեց, որպեսզի մեզ դուրս բերի շրջափակումից», — ասում է նա:

Չկարողանալով ճեղքել բնագիծը, թշնամին փորձում էր շրջանցել՝ գրոհելով այլ ուղղությամբ, կիրառելով իր ողջ արսենալն ու թուրքական բայրակթարները։ Կատաղի մարտերում Սերգեյ Շաքարյանը չէր ընկրկում։ Թշնամուն հաջողվում է թիկունքից ճեղքել և շրջափակման մեջ վերցնել Սերգեյ Շաքարյանի հրամանատարական կետը, սակայն նրան հաջողվում է դուրս գալ շրջափակումից` փրկելով նաև իր զինակիցների կյանքը։

Երբ հարևան դիվիզիայի հրամանատարը հոկտեմբերի վերջին ծանր վիրավորվեց, գնդապետ Շաքարյանը շտապեց այդ բնագծի պաշտպանությունը կազմակերպելու։

Այստեղ ևս նա հաջողություններ է գրանցում, սակայն հոկտեմբերի 25-ին, թշնամին իմանալով նրա տեղը, թուրքական Ֆ-16 ինքնաթիռի հատուկ հրթիռով հիթիռակոծում է այն հրամանատարական կետը, որտեղ տեղակայված էին գնդապետ Շաքարյանն ու իր մարտական ընկերները։ Անպարտելի հրամանատարն ու անվախ մարտիկն ընկավ հենց այն նույն տարիքում և հենց այն նույն օրը, երբ զոհվել էր նրա հայրը՝ Սլավա Շաքարյանը։

Արման Հակոբյանը հիշում է, երբ դեպքից ընդամենը 3 րոպե առաջ ներքին կապով գնդապետ Շաքարյանը շնորհավորել էր նրան՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճան ստանալու համար, ասելով, որ սա դեռ վերջը չէ:

Սլավայի խոսքով, տեսնելով մարդկանց տարօրինակ պահվածքն իր ներկայությամբ, անմիջապես հասկացել է, որ ինչ-որ մի բան այն չէ։ Անմիջապես կապ հաստատելով հոր զինակցի հետ, նրանից էլ իմացել է հոր մահվան բոթը։

«Գնահատում եմ կարճ ու կոնկրետ խոսքը։ Լավ է, որ չերկարեցրեց»,-ասում է Սլավան։

«Մեծ է կորուստն առաջին հերթին ամբողջ ազգի, և ապա՝ մեր ընտանիքի համար»,-նշում է Սլավա Շաքարյանը։  Բեկումնային էր հրամանատարի անդառնալի կորուստը։ Սլավա Շաքարյանը համոզված է, որ եթե հայրը չընկներ, պատերազմն այլ ընթացք ու ավարտ կունենար։

Գնդապետ Շաքարյանը հայրենիքի նվիրյալ զավակ էր։ Նրան չէին հետաքրքրում օրվա իշխանությունները։ Նա լուռ ու անխոնջ իր պարտքն էր կատարում հայրենիքի առջև։ Նա համոզված էր, որ մենք մշտապես պետք է պատրաստ լինենք՝ դիմակայելու թշնամուն, և առաջնահերթ առաջնագծում պետք է իշխողի դերում լինենք։ Այս համոզմամբ էլ  կատարեց իր առջև դրված մարտական խնդիրներն ու մինչև  վերջին շունչը անառիկ պահեց իրեն վստահված  սահմանները։

Սլավան պատմում է, որ հայրն այդպես էլ չի ենթարկվել նահանջի բազմակի հրամաններին, այդ իսկ պատճառով էլ ամուր է պահել բնագիծը։

Արման Հակոբյանն էլ չի հիշում մի դեպք, որ գնդապետ շաքարյանը նահանջի հրաման տված լինի:

«Նույնիսկ եթե այդպիսի հրաման ստանար գնդապետ Շաքարյանը, նա չէր ենթարկվի, քանի որ պաշտպանությունն այնպես էր կազմակերպված, որ մենք փայլուն կատարում էինք մեր առջև դրված խնդիրները՝ թշնամուն պատճառելով հսկայական կորուստներ, և այդ ամենը տեսնելով՝ ինքներս չէինք ուզում և չէինք էլ մտածում նահանջի մասին», — պատմում է Արման Հակոբյանը:

Հոր և ապա հայրենի տան ու ողջ ունեցվածքի կորուստը Շաքարյանների մոտ չի կոտրել հավատը վաղվա օրվա հանդեպ։

«Հիմա նյութական կորստի մասին չենք էլ մտածում։ Եթե ոչ հիմա, ապա գոնե մի 20 տարի հետո, վստահ եմ, կորցրած հողը կազատագրենք, քանդված տունը կկառուցենք, սակայն մարդկային կորուստն անդառնալի է»,-ասում է Սլավան։

Նա արդեն ավարտել է ծառայությունն ու սովորում է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում. դառնալու է տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետ։ Հոր երազանքն էր որդուն կայացած տեսնել, ուստի նա փորձելու է ամեն ինչ անել դրա համար և իր մասնագիտությամբ ծառայել երկրին, այդպիսով նաև հոր գործը շարունակել։

Գնդապետ Շաքարյանի կրտսեր որդին՝ Սևակը, վերջերս է զորակոչվել բանակ, ինչի առթիվ Սլավան ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել. «Ես ու Սևակը գիտենք, թե ինչու պետք է նա ծառայի»։

«Ե՛վ ես, և՛ Սևակը կարող էինք ծառայել այնպես, ինչպես «ծառայում են» շատ պաշտոնյաների զավակներ։ Սակայն հայրս միշտ ասում էր, որ մենք պետք է ծառայենք իսկական տղամարդուն վայել կերպով։ Սևակը պիտի ծառայի  հանուն մեր հոր հիշատակի, հանուն նրա հոգու հանգստության»,-անկեղծանում է Սլավան։

Գնդապետ Շաքարյանի ընտանիքն այժմ հաստատվել է Երևանում և միառժամանակ կմնան այտեղ, մինչև զավակները կայանան, սակայն Արցախ վերադառնալու միտքը մշտապես ուղեկցում է Սլավային։ «Ընդհանրապես, Հայաստան-Արցախ տարբերություն չեմ դնում, սակայն յուրաքանչյուր մարդու համար հարազատ է իր ծննդավայրը»,-նշում է նա։

Վստահ է, որոշ ժամանակ անց ամեն ինչ ետ կբերենք հանուն մեր զոհերի հիշատակի, սակայն կարծում է, որ պետք է փոխվենք ու ինքնամաքրվենք։

«Միայն հայրենասիրությամբ երկիր չես կառուցի, դրանից զատ պետք է միասնականություն, համերաշխություն ու հավատարմություն, որպեսզի կրկին մեջքից հարված չստանանք»,-ասում է Սլավան։

Գնդապետ Սերգեյ Սլավայի Շաքարյանն այն եզակի հրամանատարներից է, որին չեն մոռանում իր զինվորները։ Շատերն անգամ փորձելով նմանվել նրան, վերադառնում էին զորամաս և ծառայության անցնում այդտեղ։ Բոլոր հրամանատարներին չի հաջողվում զինվորի համար իդեալ դառնալ։ Նրա հաջողության գաղտնիքը հենց իր մարդ տեսակի` զինվորի հետ իր անմիջականության, զինվորի հանդեպ իր նվիրվածության ու տածած հոգատարության մեջ է:

Գնդապետ Շաքարյանն իր անունը ոսկե տառերով գրեց Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ և միշտ կմնա սերունդների հիշողության մեջ։

aparaj.am