Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Դավիթ Առուշանյան

Օգոստոսի 05, 2022

Արցախյան վերջին պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց հայ զինվորի նվիրվածությունն իր երկրին ու ժողովրդին, ևս մեկ անգամ ի ցույց դրեց հայի անկոտրում ոգին, հանուն հայրենիքի սեփական կյանքն անվարան զոհելու պատրաստակամությունը, ևս մեկ անգամ պատմության էջերում հավետ անջնջելի անուններ թողեց:

Հայ զինվորի անմնացորդ նվիրվածությունը հայրենիքի պաշտպանության գործին զարմանալի չէ և ոչ էլ արտառոց երևույթ, սակայն այն հերոսական դրվագները, որ անասելի կարճ ժամկետում կարողացել են կերտել մեր նորօրյա հերոսները թշնամու դեմ մղվող անհավասար մարտերում, անպայման արժանի են հիշատակության: Եվ բյուր անգամ հիշատակության ու խոնարհումի են արժանի այն անձնվեր հերոսները, որոնք սեփական մարմինը վահան դարձրին հայրենիքի մի թիզ հողի համար անգամ: Այդ հերոսներից է Դավիթ Նիկոլայի Առուշանյանը:
Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ծնվել է  1989թ. նոյեմբերի 25-ին, Երևան քաղաքում: 1996-2006թթ. սովորել է Երևանի Արտեմ Միկոյանի անվան հ. 166 հիմնական դպրոցում, որն ավարտելուց հետո՝ նույն թվականին, ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

2010թ. լեյտենանտի կոչումով ավարտելով համալսարանը՝ ռազմական ուղին շարունակել է Արցախում՝ Իվանյանի տանկային զորամասում:

10 տարի ծառայելով Արցախում՝ արժանացել է տարբեր պատվոգրերի և մեդալների: Պարգևատրվել է «Արիություն», «Անբասիր ծառայութան համար» մեդալներով, իսկ հետմահու՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և Արցախի հերոս «Ոսկե արծիվ» շքանշաններով:

Դավիթի մայրը՝ Լիդա Առուշանյանը, չի կարողանում զսպել արցունքները՝ խոսելով միակ որդու մանկության մասին: Ծնունդով Շահումյանից տիկին Լիդան Դավիթին դժվարությամբ է մեծացրել՝ հանրակացարանի փոքր սենյակում: Հաճախ էր նրան թողնում մոր խնամակալությանը, իսկ ինքը գնում աշխատանքի: Նա պատմում է, որ Դավիթը շատ հանգիստ երեխա էր: Դպրոցում, իսկ ապա` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորել է բարձր առաջադիմությամբ:

Ռազմական գործի սիրահար էր Դավիթը, այդ իսկ պատճառով էլ որոշել էր ուսումը շարունակել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, իսկ մայրն էլ որոշել էր չընդդիմանալ որդու որոշմանը:

Տիկին Լիդան հիշում է, որ ռազմական համալսարանի դասախոսներից մեկը նրան հարցրել էր, թե ինչպե՞ս է թույլ տվել, որ Դավիթի նման համեստ տղան ընդունվի ռազմական համալսարան, և չսպասելով տիկին Լիդայի պատասխանին՝ ինքն իրեն պատասխանել, որ հենց Դավիթի նման գրագետ և հմուտ մարդիկ են պետք Հայոց բանակին:

Համալսարանը բարձր առաջադիմությամբ ավարտելով՝ տեղափոխվել է Արցախ, որտեղ և շարունակել է իր աշխատանքը: Լեյտենանտ, ավագ լեյտենանտ, կապիտան և ապա՝ մայոր. սա էր Դավիթի ուղին Արցախում:

Անչափ սիրում էր Արցախը, և տեղափոխվելով Արցախ՝ հարցրել էր մորը, թե ինչպե՞ս է թողել այս ժողովրդին և տեղափոխվել Երևան:

Մեկ տարի ապրել է Շուշիում, որտեղ և ծանոթացել է ապագա կնոջ հետ՝ Լուսինե Թավադյանին: Լուսինեի հետ ամուսնացել է 2011 թվականին: Ունեն 4 երեխա՝ մեկ աղջիկ, երեք տղա: Աղջիկը՝ Լիդան, 9 տարեկան է, Ալեքսը՝6, Դանիելը՝ 4, իսկ Հայկը՝ 2:

Նժդեհյան գաղափարախոսությունն էր իր մեջ կրում Դավիթը և նժդեհյան ոգով ու արիությամբ էլ կռվել ու ապացուցել է սերն առ հայրենիք:

Կնոջ խոսքով՝ Դավիթն իր տեսակով ներամփոփ մարդ էր, համեստ ու մի քիչ էլ ամաչկոտ:

«Նժդեհը նրա կուռքն էր: Հաճախ էր լինում, երբ նրան հարցնում էի, թե իր մտքե՞րն են արդյոք, թե՞ Նժդեհի խոսքերից է, ինչին ի պատասխան ասում էր՝ միշտ չէ, որ մեջբերում է Նժդեհին:

«Ես նրան մի գիրք էի նվիրել, որն անհետացել էր նրա աշխատասենյակից: Ասում էր՝ մամ, երևի ինչ-որ մեկը վերցրել է. ավելի լավ, թող կարդան, զարգանան և հասկանան՝ ինչպես կարելի է ծառայել հայրենիքին»,- նշում է տիկին Լիդան:

Զայրույթը զսպել չկարողանալով՝ տիկին Լիդան ասում է, որ Դավիթը հաճախ էր կրկնում Նժդեհի՝ «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի» արտահայտությունը և ծիծաղում՝ չպատկերացնելով անգամ, որ ինքն էլ այդ տականքների զոհը պետք է դառնա:

Տիկին Լիդան շատ էր լսել հրավառության պայթյունների ձայներ, սակայն սեպտեմբերի 27-ի առավոտյան լսվող պայթյունները չէին կարող հրավառության ձայներ լինել: Երբ նա Դավիթին հարցրեց, թե սրանք ի՞նչ ձայներ են, նա պատասխանեց, որ պատերազմ է սկսվել, ու դուրս գալով լոգարանից՝ անմիջապես հագավ համազգեստն ու դուրս եկավ տնից, անգամ չհասցնելով հրաժեշտ տալ մորը:

«Գուցե չհասցրի մայրական իմ օրհնանքը տալ նրան՝ մինչ նրա տնից դուրս գալը, և այդ պատճառով էլ նա չվերադարձավ, որովհետև ամեն օր ես նրան իմ օրհնանքն էի տալիս»,-սրտի խոր կսկիծով ասում է Դավիթի մայրը:

Պատերազմի ընթացքում միայն սեպտեմբերի 28-ին է Դավիթի կինը կարողացել խոսել նրա հետ, ով ասել էր, որ լավ են, ու ժամանակ չկա, թող սպասեն իր զանգին, որովհետև հնարավոր է ընտանիքի՝ Երևան տեղափոխվելու անհրաժեշտության մասին հայտնի նրանց:

«Մենք ապաստարանում էինք. վախը, կապի բացակայությունը, գնացող-եկողների իրարամերժ տեղեկությունները Շահումյանն ու Գետաշենը ազատագրելու մասին, Արծրունի «հաղթելու ենք» լոզունգները մեզ շփոթեցնում էին, իսկ ես Դավիթից լուր չունեի»,-պատմում է մայրը:

Մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Առուշանյանը պատերազմի հենց առաջին օրը Իվանյանից մեկնում է «Եղնիկներ» Կարեն Ջալավյանին (Քյոխ) օգնելու համար։

Սեպտեմբերի 29-ին Արեգասարի կամ «Չորրորդ պոստի» մոտ Դավիթն ու իր մարտական ընկերները կռվի են բռնվում թշնամու մեծաթիվ զորքի հետ։ Չենթարկվելով  կրկնակի նահանջ հրամանին՝ մայոր Դավիթ Առուշանյանն իր անձնակազմով խոցում է թշնամական 4-ից ավել զրահատեխնիկա ու պատճառում մեծ քանակությամբ կենդանի ուժի կորուստներ։ Թշնամու կողմից խոցվում է Դավիթի հետևակի մարտական մեքենան, և ինքն էլ վիրավորվում է, սակայն նա, չկորցնելով իր խիզախությունը և տոկունություն դրսևորելով, մտնում է այլ ՀՄՄ և շարունակում սկսված անհավասար մարտը՝ մինչև 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելը: Սա ևս նրան չի կանգնեցնում. վիրավոր վիճակում նա մտնում է 3-րդ ՀՄՄ-ն և հերոսաբար շարունակում մարտը մինչև վերջին շունչը…
Մայոր Առուշանյան Դավիթի հետ մարտնչում էին նաև Գևորգյան Արտյոմը, Ասատրյան Հովիկը, Չոբանյան Արենը։ Նրանք այն մարտիկներն են, ովքեր այդ օրը կանխեցին թշնամու առաջխաղացումը։

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար մայոր Դավիթ Առուշանյանին  հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:

Հոկտեմբերի 2-ին Դավիթի ընտանիքը դատարկաձեռն լքել է Ստեփանակերտը՝ տեղափոխվելով Երևան: Տիկին Լիդան նշում է, որ չէր ուզում լքել ապաստարանը, սակայն հարսը՝ Լուսինեն պնդեց: Բոլորն էլ կարծում էին, թե սկսվածը քառօրյայի նման շուտով կավարտվի: Անգամ տան բանալին թողել էին դռան մոտ, որպեսզի Դավիթը տուն վերադառնալու դեպքում գտներ այն:

Հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ այդ օրը նրանք հեռուստացույցով տեսան, որ Դավիթի մասին են խոսում: Տիկին Լիդային թվաց, թե իր երևակայությունն է, սակայն այդ պահին զանգ եկավ, որ Դավիթի մասին են խոսում, ու տիկին Լիդայի սիրտը փշուր-փշուր եղավ: Հաջորդ օրը նա գնաց ՊՆ, երկար փնտրեց և պարզեց, որ Դավիթի անունը անհայտ կորածների ցուցակում է:

«Այդ բառից սարսափեցի, սակայն արդեն ուշ էր»,-ասում է տիկին Լիդան:

Դավիթին գտնելու համար տիկին Լիդային օգնեց Դավիթի հրամանատարությունը, Կարեն Ջալավյանը, և ի վերջո, 7 ամիս  հույսով փնտրելուց հետո, Դավիթի ԴՆԹ-ն նույնականացվեց:

Որդու կորստի ցավը տիկին Լիդային պատել է վրեժի զգացումով: «Առաջին հերթին պետք է վրեժ լուծել ներքին թշնամուց, իսկ ապա՝ արտաքին»,-ասում է նա:

Տիկին Լիդան համոզված է, որ պատերազմից խուսափել հնարավոր կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չհրահրեին իրենց հայտարարություններով:

Դավիթի երեք որդիները պետք է շարունակեն հոր կիսատ թողած գործը՝ կարծում է Դավիթի մայրը: «Նրանք տեսել են իրենց հորը, և ոնց էլ չլինի՝ գեները հորից կփոխանցվեն նրանց: Չնայած իրենց տարիքին՝ զինվորական համազգեստ են տեսնում՝ ասում են, որ մեծանան՝ զինվոր են դառնալու»,-պատմում է նա:

«Ես հայրենիքից մեղք չեմ: Հայրենիքը զոհեր է պահանջում, սակայն ոչ անտեղի զոհեր: Պատերազմից մեկ տարի է անցել, սակայն առ այսօր մեր զոհերը հուղարկավորված չեն: Սա անեծք է, որ մեր զինվորներն անգամ հողի չեն կարողանում արժանանալ»,-սրտի կսկիծով նշում է տիկին Լիդան:

Տիկին Լիդան նշում է, որ ուշադիր հետևում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին: «Նույնիսկ  Ամարասից Արցախի դրոշի իջեցնելը շատ վատ ազդեց ինձ վրա»,-ասում է նա:

Դավիթի մայրը չի կարողանում չարտահայտել իր ցասումը, երբ հայոց բանակին անվանարկող արտահայտություններ է լսում:

«Ես շատ վիրավորվել եմ վարչապետի խոսքերից, երբ նա վարկաբեկում էր բանակին: Ես էլ եմ ինձ վարկաբեկված զգում, որովհետև այդ բանակում է ծառայել իմ որդին և ունեցել է հոյակապ հրամանատարություն: Մեր բանակը շատ ուժեղ էր»,- նշում է նա: