Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Նարեկ Հովհաննիսյան

Օգոստոսի 19, 2022

Արցախյան 44-օրյա պատերազմը նահանջների ու տարածքային կորուստների հետ մեկտեղ ունի նաև հերոսական պաշտպանության, հակահարձակման ու թշնամու թիկունքում հաջող մարտական գործողությունների բազում օրինակներ: Դրանց հետևում կանգնած են հոգով արի, խիզախ մարտիկներ, որոնց վճռական գործողությունները հույս են ներշնչել զինակիցներին ու սարսափի մատնել թշնամուն: Այդպիսի մարտիկներից էր ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանը, ով իր մարտական ընկեր Թովմաս Թովմասյանի ու մի խումբ զինակիցների հետ մի քանի անգամ անցել է թշնամու թիկունք, ոչնչացրել նրա զինտեխնիկան, կազմակերպել հմուտ պաշտպանություն ու հաջողված հարձակողական գործողություններ:

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում (Եղնիկներ), այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում: Նրանք դարձել են խիզախության ու վճռականության խորհրդանիշներ՝ մինչև կյանքի վերջին վայրկյանը անմնացորդ մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և երբևիցե չլքելով իրենց վստահված դիրքերը:

Ռազմական գործչի ձևավորումը

Նարեկ Հովհաննիսյանը երկվորյակ եղբոր՝ Արայիկի հետ, ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հրազդան քաղաքում։ Պատերազմական գործողությունների պատճառով է մայրը ժամանակավորապես Հրազդան տեղափոխվել, որտեղ և լույս աշխարհ են եկել զույգ որդիները: Հայրը Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից էր, մայրը՝ Ավետարանոցից, որտեղ անցել է Նարեկի, Արայիկի և կրտսեր եղբոր՝ Մովսեսի մանկությունը։
Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ: Դպրոցն ավարտելուց հետո «ճոխտակները» (երկվորյակներ) ընդունվել են Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջ՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» մասնագիտացմամբ: Եղբայրները սպորտով էին նաև զբաղվում: Նախքան բանակ զորակոչվելը և ծառայության տարիներին ծանրամարտ մարզաձևում մի շարք պատվավոր հորիզոնականներ են զբաղեցրել:  

Սակայն բանակը լրիվությամբ փոխել է Նարեկի նախասիրությունները: 2010 թվականին նա մեկնել է ծառայության։
Մատաղիսում անցկացրած պարտադիր զինվորական ծառայության ավարտից հետո պայմանագրային հիմունքներով է շարունակել ծառայությունը՝ արդեն Թալիշում: Ապրիլյան պատերազմից հետո ստացել է սպայի կոչում՝ նշանակվելով հետախուզական դասակի հրամանատար։
2020թ. տեղափոխվել է «Եղնիկներ» պաշտպանական շրջան՝ որպես հետևակի դասակի հրամանատար։

Նարեկը ռազմական կրթություն չուներ, սպայական կոչման էր արժանացել անձնական բարձր որակների, ինքնակրթության և մարտում ցուցաբերած ճկունության, ճիշտ որոշումներ կայացնելու ունակության շնորհիվ: Նա ուսումնասիրում էր ռազմական գործը, կարդում համապատասխան գրականություն՝ դրանով լրացնելով բացը, ու կարողանում է կարճ ժամանակում ձեռք բերել հմուտ սպային բնորոշ որակներ: Ինչպես մարտական ընկերներն են վկայում՝ դժվար իրավիճակումներում նույնիսկ կոչումով բարձր սպաները միշտ նրա առաջարկած տարբերակով էին շարժվում:

Նահանջել չգիտեր ու չէր էլ ուզում իմանալ

Եղբայրը՝ Արայիկը, «Ապառաժի» հետ զրույցում նշել է, որ դպրոցում, ուսումնարանում Նարեկը դասերին շատ ուշադրություն չէր դարձնում, բայց ռազմական գործում այնպիսի բան չկար, որ չիմանար: «Զինվորները պատմում են, որ այդ դասերի ժամանակ բոլոր բաժինները մանրամասն բացատրել է, երբ հասել է տակտիկական նահանջ բաժնին, գիրքը փակել, մի կողմ է դրել, թե մեզ դա պետք չի, ու մինչև վերջ էլ չի սովորել: Զինվորները բոլոր հարձակողական, դիվերսիոն գործողությունները հիանալի գիտեին, բայց միշտ վախենում էին, որ չեն կարողանալու նահանջել»,- պատմում է եղբայրը:

Պատերազմի օրերին Նարեկի գլխավորած խումբը մի քանի անգամ ճեղքել է թշնամու առաջնագիծը, տեխնիկա ոչնչացրել: Նրա դասակը միշտ առանձնանում էր. ընտրում էր ամենաուժեղ, խիզախ զինվորներին, իսկ ինքն էլ միշտ առջևից էր գնում: Իր հարցազրույցներից մեկում Նարեկի մարտական ընկեր Եղիշե Բոցինյանը վկայում է. «Չկա այնպիսի բառ, որ նկարագրեմ՝ նրանց մարտական ոգին ոնց էր բարձր եղել, ոնց են քաջաբար առաջ գնացել, ամեն խնդիր կատարել: Եթե մարդն իր վիրավոր, երկվորյակ եղբորն ասում է՝ դուրս չգաս, մինչև առաջ չգնանք, հակառակորդին չոչնչացնենք, ինքը միանշանակ հերոս է, ուրիշ մեկնաբանություն չի կարող լինել»:

Նարեկի հետ Հարութ Մնացականյանը ծանոթ էր մանկուց, բայց փաստացի իրական ընկերությունն սկսվել էր 2010թ., երբ երկուսն էլ Մատաղիսում ծառայում էին:

«Նարեկն անհանգիստ երիտասարդ է. մի տեղ նստելը նրա համար չէ, հանգիստ կյանքը նրա համար չէ: Միշտ արկածներ փնտրող մարդ է եղել՝ տղաների հետ հարցեր պարզել, դիրքերում առիթ-անառիթ հակառակորդին ճնշել, որսի սիրահար, արագության սիրահար: Անհանգիստ բնավորությամբ երիտասարդ է, ով կյանքում միշտ արկածներ էր փնտրում՝ լավ իմաստով»,- նշում է մարտական ընկերը:

Նախահարձակ գործողությունների կողմնակից էր

Լսելով, որ Եղնիկներից 50 հոգի են ուղարկել Քարին տակ, Թովմասն ու Նարեկը վրդովվում են՝ ինչու իրենց չեն ուղարկել հարազատ վայրերը պաշտպանելու:

«Եղնիկների» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանից (Քյոխ) թույլտվություն են ստանում մեկնելու, նրանց միանում է նաև Արայիկը:

«Քյոխը Նարեկին ու Թովմասին հանձնարարել էր տեղ հասնելուն պես ստանձնել հրամանատարությունը: Ճանապարհին Նարեկն ասում էր, որ այնտեղ հրետանին, անօդաչուները, շատ են խփում, միակ տարբերակը հարձակվելն է: Հրետանու կրակի տակ չընկնելու համար պետք է անընդհատ հետապնդել թշնամուն: Թովմասն ասում է՝ դուխով երկուսս էլ հավասար ենք, լավ կռվում ենք, բայց որպես սպա դու ինձնից խելոք ես, մարտավարությունից լավ ես հասկանում: Նա առաջարկում է, որպեսզի հրամանատարությունը ստանձնի Նարեկը»,- պատմում է եղբայրը: Հետագայում Նարեկի բոլոր կանխատեսածներն իրականանում են: Քանի դեռ թշնամուն մոտ էին, իրենց ուղղությամբ հրետանի չի աշխատում:

Հասնելով Քարին տակ՝ խումբը տեսնում է, որ ոչ մեկը մյուսի տեղը չգիտի: Նարեկը իսկույն հավաքում է հատուկ նշանակության ջոկատների, կամավորների, աշխարհազորայինների հրամանատարներին և սկսում համակարգել գործողությունները: Նա նախահարձակ գործողությունների կողմնակից էր: Տեղ հասնելով եւ ուսումնասիրելով իրավիճակը՝ առաջարկում է այդպիսի գործողություններով ճնշել թշնամուն, բայց բարձրագույն հրամանատարության կողմից այս առաջարկները կա՛մ հավանության չեն արժանանում, կա՛մ էլ մի քանի ժամ անց արդեն ժամանակավրեպ են դառնում:

Կռվում իմ ճանաչած Նարեկը չէր, լրիվ ուրիշ մարդ էր

Մարտի դաշտը Նարեկի տարերքն էր, իսկ բանակում նա լրիվությամբ փոխվել էր: «29 տարեկան էինք, 30 տարի իրար հետ ենք ապրել: Ես ինձ ֆիզիկապես ավելի ուժեղ էի համարում Նարեկից: Բանակից հետո նա սպորտը թողել է: Ես միշտ ասում էի՝ քեզնից ավելի երկար կվազեմ, ավելի շատ ձգում կանեմ, ավտոմատով ինձնից լավ չես կրակում: Ասում էի՝ քեզնից ամեն ինչով առավել եմ: Կռիվը սկսվելուց հետո հասկացել եմ, որ՝ ոչ, ինքը խելոք է, համարձակ է. նույնիսկ վազքով չէի կարողանում հետևից հասնել, ոնց որ ուրիշ մարդ լիներ: Կռվում իմ ճանաչած Նարեկը չէր, լրիվ ուրիշ մարդ էր»,- ասում է Արայիկը:

Նարեկը մարտի դաշտում վճռական էր, անդրդվելի ու անվախ: Մարտի ընթացքում չէր թողնում մոտենալ ծանր վիրավորին, զոհին, ասում էր՝ առաջ շարժվեք: Նույնիսկ մտերիմ ընկերոջը՝ Բոցինյանին, ծանր վիրավորվելուց հետո, չի թողնում մոտենալ: Միայն գործողության ավարտից ու հետ դառնալուց հետո են իրենց հետ տանում: «Նրա համար կապ չուներ եղբայրն ես, ընկերը կամ զինվորը. եթե ծանր վիրավորվել ես, փրկություն չկա, վերջ, քո պատճառով մարդ չի զբաղեցնում»,- պատմում է Արայիկը, ով նույնպես վիրավորվելուց հետո Նարեկի հրամանով շարունակում էր մասնակցել մարտական գործողությանը:

Դեռևս Եղնիկներում, երբ զանգել էր փոքր եղբորը՝ Մովսեսին, ու վերջինս հայտնել է, որ գյուղը գրավել են, Նարեկի արձագանքը հետևյալն էր՝ «բա դու ինչո՞ւ ես կենդանի մնացել, եթե գյուղը գրավել են»:

Նարեկի նման հրամանատարների պակաս կար

Վերջին անգամ Արայիկը եղբորը Շուշիի մոտ է տեսել, երբ նրա հանձնարարականով տաք հագուստ ու անկողնային պարագաներ էր տանում Հրազդանում գտնվող ընտանիքին: Մինչ այդ պահը Նարեկի մոտ ընկճվածություն կամ պարտվողական տրամադրություն չի նկատել: Արդեն նոյեմբերի 5-ին հետը խոսելիս Նարեկն ասում է, որ վիճակը լավ չէ, հանձնարարում հոսպիտալից կռվի ունակ իրենց զինվորներին բերել, բայց հետո պատվիրում սպասել:

«Նոյեմբերի 7-ին զանգում է, կեսօրին ասում է՝ երկու շտապ օգնության մեքենա պատրաստեք, դուք էլ պատրաստ կացեք, տանկի մոտ սպասեք: Ասում է՝ վիրավորները, զոհերը շատ են, ռազմամթերքը վերջացել է լրիվ: Որոշել էին կազմակերպված նահանջել, Նարեկը առջևից էր գնում, որ ճանապարհը բացի: Բայց ինքը Շուշիի մատույցներից դուրս չի գալիս: Վերջին խոսակցության ժամանակ ասում էր՝ տեխնիկա ուղարկեք, որն այդպես էլ չի ուղարկվում»,- նշում է Արայիկը: Հետո զանգերին չի պատասխանում, ու Արայիկը զգում է, որ եղբայրն արդեն չկա:

Նրա զինվորներից սերժանտ Սարգիս Մարգարյանը պատմում է. «Խառը կրակոցների ժամանակ չհասկացանք՝ որ կողմից, ոնց, իմ դիմաց էր նստած, զոհվեց ու ընկավ դեպի ձորը»: Բայց մոտակայքում գտնվող չորս զինվորները չգիտեին, որ զոհվել է, ու նրա հետևից ձորը վազեցին:

Արայիկի կարծիքով՝ այս պատերազմում իսկական հրամանատարների պակաս կար: «Զինվորը ամեն տեղ էլ զինվոր է, կամավորն էլ՝ նույնպես: Վախկոտ հրամանատարի զինվորներն էլ վախկոտ են դառնում, իսկ առյուծ հրամանատարը բոլորին իր նման առյուծ է դարձնում»: Նրա կարծիքով՝ կռվից փախած, վախկոտ սպան չպետք է լինի հրամայողի դերում: Պետք է բարձրագույն պաշտոններում տեղ տալ միայն արժանավորներին: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վիճակը փոխել ու հաղթանակի կերտման մասին մտածել:

Քարին տակում Նարեկը ձեռագիր գրել էր զինվորների տվյալները: Ծոցագրպանում պահվող ձեռագրի վրա նրա արյան հետքերն են

Նարեկը զոհվել է նոյեմբերի 7-ին, իսկ դիակը նոյեմբերի 15-ին են դուրս բերել: Նա մոտը փաստաթուղթ չէր պահում: «Nokia» հեռախոսըկնոջ նամակը և իր զինվորների ձեռագիր ցուցակը մոտն էին, բայց սմարթֆոն հեռախոսը չկար: Այդ հեռախոսի ձայնագրությունը միշտ միացրած էր, նույնիսկ մարտերի ժամանակ Նարեկն ասում էր, որ կռվից հետո շատ մարդու նեղն է գցելու: Տանը պահվող հեռախոսի փաստաթղթերի միջոցով պարզել են, որ նոյեմբերի 15-ին երեկոյան հեռախոսը Ստեփանակերտում միացրել են ու անջատել: Ի՞նչ տեղեկություն կար հեռախոսի մեջ, ո՞ւմ մոտ է այն, դեռևս պարզ չէ:

Պարտավորեցնող գոյություն

Նոյեմբերի 7-ի առավոտյան Նարեկը և ընկերները զանգել են հարազատներին, վերջին անգամ խոսել նրանց հետ, բայց բոլորի ձայնն էլ տարօրինակ էր:  

«Վերջին անգամ խոսել եմ ամսի 6-ին, ինքն արդեն գիտեր, որ դիրքը չի թողնելու: Իմ հիշողության մեջ տպավորված է, որ նոյեմբերի 7-ի առավոտը իր հետ խոսել եմ, այսինքն՝ փորձել է խոսել: Զանգել է, բայց կապերի պատճառով չենք կարողացել խոսել: Բայց 6-ին մենք երկար խոսել ենք, կես ժամից շատ, ինքն ասել է, որ չի գալու: Չնայած խոսք է տվել, որ գալու է, ձայնից էլ, իր խոսելուց էլ հասկացել եմ, որ սա արդեն վերջին խոսակցությունն է»,- նշում է Նարեկի կինը՝ Կարինե Հովհաննիսյանը:

Կարինեի համար շատ դժվար էր պատերազմից հետո Արցախ վերադառնալու որոշումը կայացնել, մտածում էր՝ արդյո՞ք այստեղ իրենց զավակների՝ Արայիկի ու Սառայի անվտանգությունն ապահովված է: «Բայց այստեղ ապրելը պարտավորեցնող է: Ես ուզում եմ բալիկներս իմանան, որ սա իրենց հողն է, ու իրենց հայրը մինչև վերջ կանգնել ու պաշտպանել է այն: Թեկուզ ասել են՝ նահանջիր, այդ տարածքն արդեն մերը չի, ինքը մինչև վերջ կանգնել է ու պաշտպանել իր հողը: Ես ուզում եմ, որ դա իմ բալիկներն իմանան ու միշտ հպարտանան, ինչպես որ ես եմ հպարտանում»,- ասում է նա:

2021 թվականի ապրիլի 5-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Նարեկ Հովհաննիսյանին և N զորամասի դիպուկահարների դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում` «Ոսկե արծիվ» շքանշան։