Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Արթուր Աղասյան

Օգոստոսի 22, 2022

Մարդիկ սովորաբար մինչև չափահաս դառնալը կամ դրանից հետո որոշ ժամանակ կայացման ժամանակաշրջան են անցնում, տարիներ շարունակ մտորում իրենց առաքելության ու ապագայի մասին, հետո արդեն ձևավորվում որպես մարդ, անհատ, հասարակության մաս, հանդես գալիս իրենց գաղափարներով ու գործերով, որով և հիշվում են: Իսկ եզակի անհատականությունները նույնիսկ իրենց կարճատև կյանքի ընթացքում հասցնում են կատարել անհնարինը, լինել իրադարձությունների կիզակետում, փոխել գործողությունների ընթացքը և այնպիսի կենսագրություն կերտել, որի մասին կերազեին մինչև խոր ծերություն ապրող շատ-շատերը:

Այդպիսի անհատականություն էր 23-ամյա Արթուր Աղասյանը, ով մինչև 18 տարին լրանալն առաջնորդի հատկությունների ու գաղափարական պատրաստվածության շնորհիվ համակարգում էր Մարտունու ՀՅԴ պատանեկան խմբերի աշխատանքը: Բանակ զորակոչվելուց հետո, 2016թ. ապրիլին 19-ամյա հասակում գրագետորեն կազմակերպում է իր դիրքի պաշտպանությունը՝ արժանի հակահարված հասցնելով  «Յաշմա» հատուկ ջոկատայիններին և փրկելով զինվորների կյանքը: Ապրիլյան պատերազմից հետո նա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից անձամբ է ստանում «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանը, իսկ 2020թ. պատերազմի օրերին ԱՀ նախագահը նրան  «Արցախի հերոսի» կոչում է շնորհել, որը հուլիսի 17-ին ստացել են նրա ծնողները: Ինչպես բարձրագույն կոչմանն արժանանալուց հետո իրավացիորեն նշել էր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, կապիտան Աղասյանի «Արցախի հերոսի» հրամանագիրը այն եզակի հրամանագրերից է, որ վատ կոնտեքստում չքննարկվեց, ոչ մի տեղ այնպիսի մարդ չկար, որ չողջուներ այդ պարգևատրումը:

«Ապառաժ»-ը զրուցել է Արթուրի ընկերների, ուսուցիչների, հարազատների հետ՝ փորձելով ներկայացնել նրա փոքր մարմնում կուտակված անհուն հայրենասիրության, անձնազոհության, հնարամտության ու նվիրվածության գաղտնիքը:

Հիմա էլ երկնքում բոլորին կհավաքի, այնտեղ կկազմակերպի ամեն ինչ

Գրիգորի և Մարգարիտա Աղասյանների ընտանիքում 4 զավակ էր մեծանում՝ երեք որդի և մեկ դուստր: Ավագ որդին՝ Արթուրը, 2020թ. սեպտեմբերին սկսված պատերազմի ժամանակ ԱՀ ՊԲ սպա էր, իսկ նրա կրտսեր եղբայր Արսենը՝ ժամկետային զինծառայող: Նրանք հերոսաբար մարտնչել են իրենց դիրքերում և նույն օրը՝ հոկտեմբերի 5-ին, երկու ժամվա տարբերությամբ անմահացել, Արթուրը՝ Մատաղիսում, Արսենը՝ Թալիշում:

Ապրիլյան պատերազմի ժամանակ բոլոր հարազատները, ընկերներն առանձնակի հպարտություն ապրեցին այն ժամանակ դեռևս ժամկետային զինծառայող Արթուրի քաջագործությունների մասին լսելով: Իր կյանքը զինվորական գործին նվիրած Արթուրը 2020թ. պատերազմի ընթացքում ևս աչքի ընկավ. զինվորներին ականապատ դաշտով անվնաս դուրս է բերել, համարյա 6 օր առանց զոհերի կռիվ տվել:

Արթուրը զոհվել է մարտական առաջադրանք կատարելու ժամանակ, բայց պատերազմից ամիսներ անց էլ նրա մարմինը չէին գտնում: Շատերը հույս ունեին, որ Արթուրը ողջ կլինի, բայց նրան ճանաչողները համոզված էին, Արթուրը գերի  չէր կարող ընկնել. նա հանձնվող տեսակ չէր, ապացույցը՝ գրպանում պահված վերջին նռնակն է: Կապիտան Աղասյանը զոհվել է ինքնաթիռից նետված ռումբերից, մարմինը գտնվել է ամիսներ հետո՝ հուլիսի 14-ին: Հրամանատարի զոհվելու վայրը հուշել է նրա զինվոր Դավիթը: Արթուրի մոտ էին հեռախոսը, քարտեզները, ոսկյա շղթան, խաչը, զինվորական վկայականը:

Արթուրը մտերիմ հարաբերություններ ուներ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Նարեկ Հովհաննիսյանի հետ, ում որդու կնքահայրն էր: Ի դեպ, նա նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Վլադիմիր Նարինյանի եղբոր որդու կնքահայրն էր:

Մոր խոսքով՝ Արթուրը շատ շուտ է մեծացել, իրենից տարիքով մեծերի ու փոքրերի հետ կարողանում էր հեշտությամբ լեզու գտնել: Իսկ տատիկի՝ Աիդայի համար  Արթուրը միայն թոռ չէր, իր զավակներից մեկն էր. թե՛ Դաշնակցություն, թե՛ բանակ ուղեկցողն ինքն էր:

Արթուրն ուզում էր ճանապարհային ոստիկան դառնալ. ուսումը կիսատ է թողել, բանակ զորակոչվել: «Ասում էր՝ ինչպես դու էիր այդքան տարի ոստիկանությունում աշխատել, նույնն էլ ես եմ անելու: Ապրիլյան կռիվներից հետո ասաց՝ տատիկ չնեղվես, բայց ոստիկան չեմ դառնալու, ես երբեք չեմ կարող որևէ մեկին վատություն անել, որևէ մեկին պատժել»,- թոռան խոսքերը հիշում է տատիկը:

Տատիկի խոսքով՝ Արթուրի համար Դաշնակցությունն առաջին տեղում էր. ասում էր՝ Դաշնակցությունն իմ տունն է: «Հարցնում էի՝ դու դրանից ինչ օգուտ ունես, ասում էր՝ լավ չես իմանում: Վերջին ընտրություններին զանգեց, թե՝ գիտես չէ՞ ում ես ընտրելու, ասացի՝ ում ասես, նրան ենք ընտրելու: Քո ասած խոսքը մեզ համար օրենք է»,- պատմում է տատիկը՝ ավելացնելով, որ մեծարանքով պահում է Արթուրի՝ ՀՅԴ երկու դրոշները: Իսկ ամառային ճամբարի օրերին ամեն օր նոր ընկերներին տուն էր տանում, հյուրասիրում, Մարտունու տեսարժան վայրերին ծանոթացնում: «Իմ բալաս հիմա էլ երկնքում բոլորին կհավաքի, այնտեղ ամեն ինչ կկազմակերպի»,- համոզված է տիկին Աիդան:

Վերջին անգամ օգոստոսի 20-ին է Մարտունիում եղել Արթուրը: «Իմ առաջին թոռն է, երկու թոռներս համարյա մի տարիքի են: Արայիկը՝ մյուս թոռս, չաղ էր, բոյով, Արթուրը՝ փոքր, նիհար: Բայց ինձ համար առաջինը նա էր, թե որպես թոռ, թե որպես ամենալավ զավակ: Ասում էր, որ սեպտեմբերին պիտի գա, ծնունդս շնորհավորի, նաև նոր կոչումը՝ աստղերը նշեինք: Հիմա առանց նրա մութ է ինձ համար: Ես չեմ կարողանում հարմարվել նրա կորստին»,- ասում է տատիկը ու ցավով նայում հերոսացած թոռների նկարների կողքին շարված Արսենի բազմաթիվ մարզական մեդալներին, գովասանագրերին և Արթուրի զինվորական պարգևներին:

Ապրիլյանից հետո շքանշանի համար ստացված գումարը Արթուրը ձևակերպել էր տատիկի անունով, որ միշտ ինքը ստանա: «Բայց նրանից հետո ես էլ եմ մահացել, էլ չեմ կարող ձեռքս տանել դեպի այդ թղթերը: Մինչև կյանքներիս վերջը մեր սրտի խոցը դուրս չի գալու»,- արցունքների միջից մի կերպ ասում է տատիկը:

Բոլոր մարտունեցիների պարծանքն է Արթուրը

Արթուրը դպրոց է հաճախել 2003թ.: Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում 3 տարի նրա դասվարն էր Նելլի Սարգսյանը, ում իր երկրորդ մայրն էր համարում:

«Ինձ համար դժվար է Արթուրի մասին անցյալ ժամանակով խոսել: Սովորաբար, երբ երեխաներն առաջին անգամ մտնում են դասարանի շեմից, նրանք վախվորած են, մայրիկների ձեռքը բաց չեն թողնում: Հիշում եմ, որ այդ ժամանակ միայն Արթուրն էր վազվզում դասարանում. մինչև տեղը նստելը մի երեք անգամ պտտվեց դասարանով: Շարժուն էր, էներգիայով լեցուն, ընկերասեր: Էներգիան այնքան շատ էր, որ դժվարանում էի կարգապահություն ապահովել դասարանում:

Չնայած ուսման մեջ չէր փայլում, բայց համոզված էի, որ կյանքում լավ մարդ է դառնալու: Ապրիլյան պատերազմի ժամանակ, Արթուրի սխրագործությունների մասին լսելով, մի առանձնահատուկ հպարտությամբ լցվեցի, զանգեցի մորը՝ Մարգարիտային (ով անհանգստանում էր որդու դպրոցական առաջադիմության առումով), ասացի՝ տեսա՞ր, որ քո Արթուրն իզուր չի ապրել իր կյանքը, տեսա՞ր իր փոքր մարմնի մեջ ինչքան ուժ, կորով, քաջություն ունի»,- նշում է Նելլի Սարգսյանը, ով նաև Արթուրի կրտսեր եղբորը՝ Արսենին է դասավանդել:

Դասվարի կարծիքով՝ այդ փոքրամարմին երեխային, որ դեռ ժամկետային զինծառայող էր, ուժ է տվել նրա մեծ հայրենասիրական ոգին, որի շնորհիվ պատվով է դուրս եկել այդ պայքարում ու դարձել ադրբեջանցիների սարսափը. «Ափսոս, որ այդքան կարճ կյանք ունեցավ, իմաստալից, բայց կարճ: Բոլոր մարտունեցիների պարծանքն է Արթուրը: Համոզված եմ, որ մեր ուսուցիչները աշակերտների մեջ սերմանելու են այն ամենը, ինչ մենք սերմանել ենք Արթուրի մեջ Ավոյի օրինակով, մեր նախնիների օրինակով: Արթուրի անունը միշտ անմահ կմնա, նրա օրինակը բոլորի համար բարձր հայրենասիրության օրինակ կլինի»:

Ամբողջ հոգով ու սրտով նվիրվել հայ ազգին, Արցախին ու Հայ Յեղափոխական Դաշնակցությանը

ՀՅԴ Մարտունու երիտասարդական միության անդամ Սյուզաննա Ստեփանյանը մոտ 9 տարեկան էր, երբ սկսեց հաճախել ՀՅԴ կուսակցության Մարտունու պատանեկան միություն: «Այն ժամանակ ես շատ փոքր էի և իմ տարիքը չէր համապատասխանում ընդունելության տարիքին, բայց Արթուրն օգնեց, որ ես նույնպես հաճախեմ պատանեկան միություն: Նրա հետ ծանոթացել եմ ՀՅԴ ճամբարների ընթացքում: Շատ խստապահանջ խմբապետ էր, սիրում էր կարգ ու կանոն, ժողովների ժամանակ հավաքում էր հեռախոսները, որպեսզի բոլորի ուշադրությունը կենտրոնացած լինի ժողովի նյութին: Նա մեզ համար ընտանիքի պես էր, ընտանիքի գլխավոր: Սկզբում, իր արտաքին տվյալները հաշվի առնելով, չէինք մտածում, թե մեզնից տարիքով մեծ է, բայց երբ ծանթացանք, տեսանք, որ փոքրամարմին տեսակով հսկա է: Արթուրը փոքրուց դաստիարակված էր ամենաբարձր ազգային գաղափարներով, նրա մեջ հայրենասիրական ոգին ուղղակի գերազանցում էր ամեն ինչին: Եվ եթե իմ մեջ հայրենասիրության ինչ-որ նշույլ կա, դա նրա շնորհիվ է»,- պատմում է Սյուզաննան:

Նա պատանեկան խմբերի ոգևորման ու համախմբման աղբյուրն էր: «Արթուրն ամեն ինչ անում էր, որպեսզի այստեղի պատանիները և երիտասարդներն իմանան մեր նախնիների պատմությունը, իմանան, թե որտեղից է գալիս հայ ազգը, ինչ պատմություն ունի: Համարյա ամեն կիրակի ժողով էր հրավիրում պատանեկանի խմբերի հետ, դասախոսություններ անցկացնում: Արթուրի հետ կապված ցանկացած հիշողություն մեզ համար ամենավեհն է, չնայած այն փաստին, որ ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց միշտ լինելու է այս գրասենյակի թե՛ խմբապետը, թե՛ ընկերը, թե՛ ընտանիքի անդամը»,- ասում է Սյուզաննան:

Պատանեկանի անդամների համար անմենևին էլ զարմանալի չէր, երբ նա 2016-ին իրեն դրսևորեց որպես հայ ազգի իսկական զավակ: Հպարտության կողքին, Սյուզաննայի խոսքերով, նաև մի քիչ տխրություն է պատել, երբ իմացել են Արթուրի որոշման մասին՝ շարունակել ծառայությունը բանակում. «Բայց հասկանում էինք, որ սրանից զատ շատ մեծ պատասխանատվություն է իր ուսերին վերցրել Արթուրը, ու նա կարողանում էր այդ ամենը պատշաճ կատարել: Այդքան մեծ սիրտ ունեցող մարդ մեր ժամանակներում հազվադեպ է պատահում. երևի ընտանիքում է  այդպես դաստիարակվել ու ամբողջ հոգով ու սրտով նվիրվել հայ ազգին, Արցախին ու Հայ Յեղափոխական Դաշնակցությանը»:

Դպրոցում Արթուրը թողել է ծաղկանոցը ու բազում հիշողություններ

Թինաթին Գրիգորյանը Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան համար 1 դպրոցի ավագ դասարաններում Արթուրի դասղեկն էր: Արթուրը դասարանի ավագն էր, դպրոցում, դասարանում ինչ-որ միջոցառում կազմակերպելու ժամանակ ինքն էր նախաձեռնում ու կազմակերպում բոլոր աշխատանքները: Նաև աշակերտական կոմիտեի նախագահն էր, կազմակերպում էր շաբաթօրյակներ, արշավներ. բոլոր միջոցառումների առաջին դեմքն է եղել Արթուրը:

«Դասարանում երկու Արթուր կային, և ընկերները, նաև մենք նրան «Աղասյան» էինք դիմում: Շատ աշխատասեր, ընկերասեր աշակերտ էր: Ճիշտ է, ուսման մեջ այնքան էլ չի փայլել, չնայած որոշակի սեր ուներ «Մաթեմատիկա» առարկայի նկատմամբ, բայց պրակտիկ գործերում Արթուրի նմանը չկար: Աշակերտական տարիներից էին նրա մեջ նկատվում առաջնորդի հատկությունները: Պատասխանատվությունն ամեն ինչում իր վրա էր վերցնում, դասարանի հետ կապված խնդիրները տնօրենի հետ պարզում: Դասարանի «Վերջին զանգի» արարողությունը հիմնականում ինքն է կազմակերպել, իսկ դպրոցի համար որպես նվեր, որպես հիշատակ կազմակերպել է ծաղկանոցի հիմնումը: Ամեն անգամ դպրոց մտնելով կամ դուրս գալով՝ այդ ծաղկանոցի մոտով ենք անցնում, և միշտ հիշում այդ դասարանը, Արթուրին»,- ցավով Արթուրի աշակերտական տարիներն է հիշում ուսուցչուհին:

Նրա կարծիքով՝ դպրոցի դերը մեծ էր Արթուրի կայացման գործում, որովհետև նրան չեն սահմանափակել, ինքն ազատ էր իր մտածողության, գործողությունների մեջ: Ըստ Թինաթին Գրիգորյանի՝ երիտասարդներն իրենց ամենաթանկն են զոհաբերել հայրենիքին, իսկ մենք պիտի այստեղ մնալով հավերժացնենք նրանց փառքը, հզորանանք, որպեսզի կարողանանք դիմակայել թշնամուն:

Սիրահարվեց համազգեստին ու խոստացավ, որ մի թիզ հող չենք տա, ու այդպես էլ արեց

Մանկապարտեզից սկսած՝ Արթուրի հետ ընկերացած Վահե Սողոմոնյանի խոսքով՝ նրա հետ բոլորն էին ընկերական: Արթուրն ամենատխուրի հետ էլ այնքան կխոսի, մինչև նա կծիծաղի: «Չեմ էլ ուզում անցյալով խոսել նրա մասին, որովհետև ինքը կա ու կլինի: Ինքը մանկապարտեզից սկսած՝ ամենաաշխույժն էր, ամենաուրախը, ամենաակտիվը ու նույն ձևով էլ շարունակվել է նաև դպրոցական տարիների ընթացքում: Չնայած մինչև 9-րդ դասարանն ենք միասին սովորել, հետո ես տեղափոխվել եմ հումանիտար հոսքը, Արթուրը՝ ընդհանուր, բայց դա ընդհանրապես չի խանգարել, որ Արթուրի հետ շփումը պահենք: Նա մեր բոլոր առիթների մասնակիցն էր: Ինչ միջոցառում անեինք, Արթուրը հաստատ մեջն էր, անպայման պիտի խառնվեր ու պիտի իր մտածածով աներ, լինի քեֆ-ուրախություն, թե արշավ: Նա չէր կարողանում ձեռքերը ծալած նստել, ուզում էր անընդհատ մի բան անել»,- նշում է դպրոցական ընկերը:

Վահեն «Ասպետ» համույթում էր ծառայում և համույթի կազմում Ապրիլյանից հետո այցելում էին տարբեր դիրքեր՝ զինվորներին ոգևորելու: Այդպիսի այցելություններից մեկի ժամանակ լսում է, որ բանակի բարձրաստիճան զինվորականը պատմում է մի մարտունեցու հերոսությունների մասին. «Ես չէի իմանում, որ Արթուրենց դիրքն է: Որ ասացին մարտունեցի, մոտեցա՝ տեսնեմ ով է, և տեսա մեր Արթուրին: Գրկախառնվեցինք, հետո համերգ կազմակերպեցինք. Արթուրը  ոգևորությամբ ծափ էր տալիս, մենք երգում էինք: Մեր «Վերջին զանգի» տեսագրությունը վերջերս նայում էի և նկատեցի, որ Արթուրը մեկ-մեկ մոտենում է բոլորին ու հրավիրում պարելու: Մենք այն ժամանակ դա չէինք նկատում, որովհետև նրան այդպիսին գիտեինք: Զգացողություն է, որ նորից կզանգի, իրար գլուխ կհավաքվենք, որ դասարանով տեղ գնանք»:

«Նա միշտ էլ շատ ճարպիկ էր, արագ կողմնորոշվող, բայց չէի պատկերացնում, որ միայնակ կարող է ամբողջ դիրքը պահել, ու դրան ավելացրած՝ «Յաշմա» հատուկ ջոկատայինների հետ կռվի մտնել, հետ շպրտել դրանց, դառնալ թուրքի սարսափը: Նա իսկապես թուրքի սարսափն էր թե՛ ապրիլյանի, թե 44-օրյա պատերազմի օրերին: Ինքը կարող էր բոլորին հանել դիրքից, բայց միայնակ մինչև վերջին փամփուշտը կռվել: Գնաց, սիրահարվեց համազգեստին ու խոստացավ, որ կյանքում մի թիզ հող չենք տա: Ու այդպես էլ արեց. ինքն իր անելիքն արեց»,- ասում է դասընկերը:

Վահեն Արթուրի հետ վերջին անգամ օգոստոսին է հանդիպել, խոսել են տարբեր թեմաներից: «Հարցրեցի՝ չես հոգնել այդ համազգեստից, ասաց՝ չէ, ես քեզ էլ եմ ստիպելու, որ հագնես: Այդպես էլ եղավ. մի քանի օր առաջ դիմում գրեցի, որ հակաօդային պաշտպանության ոլորտում ծառայեմ»,- նշում է Վահեն:

Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի «Ժողովրդական երգիչ» բաժնի շրջանավարտի կայացրած այդ որոշումը մի պատճառ ուներ՝ ամեն գնով պետք է պահել այն, ինչ կա, ու պիտի պայքարել ներկայումս Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքները հետ վերադարձնելու համար: Պետք է բանակը հզորացնել, պահել Մարտունին, մյուս հողերը, որոնց համար Արթուրի, Արսենի նման շատ տղաներ են զոհվել:

Հաղթող տեսակը Արթուրի նման է լինելու

Դասընկերներից Սերգեյ Սաֆարյանի հետ Արթուրը վերջին շրջանում հաճախակի էր հանդիպում: Սերգեյի կարծիքով՝ եթե մինչև 2016թ. զինվորական ծառայությունն Արթուրի համար զուտ երկու տարվա պարտականություն էր, ապա դրանից հետո առաքելություն է դարձել. «Արթուրին ճանաչելով՝ կարող եմ փաստել, որ անկախ նրանից, թե ինչ պարտականություն է իր վրա վերցրել՝ քաղաքացիական կյանքում, զինվորական ծառայության մեջ, նա նվիրումի ետևից գնացող մարդ էր: Հիշում եմ, երբ մենք մի անգամ Մատաղիսում էինք, նրա զինվորներն Արթուրի մասին առանձնակի ոգևորությամբ էին պատմում, խոսում էին, որ Աղասյանն իր ամբողջ աշխատավարձը զինվորների վրա է ծախսում, որ նա, չնայած բավականին խիստ է, բայց նրանց ավագ ընկերն է: Նույնիսկ տարիքով իրենից ավագներն ասում էին, որ Աղասյանն իրենց ընկերն է: Սա բացառիկ երևույթ է: Աղասյանն իր ապրած տարիների ընթացքում կարողացավ ձևավորել այնպիսի մի կերպար, որը դեռ հազարամյակներ շարունակ սերունդներ է կրթելու»:  

«Ինքը չափազանց ազնիվ տղա էր: Իմ մանկության ամենալուսավոր կերպարն է Արթուրը, ում հետ ցանկացած հարց կարելի էր կիսել, ցանկացած հարցի շուրջ կարելի էր քննարկում ծավալել: Երբ արդեն զինվորական ծառայության մեջ էր, մենք բնականաբար ավելի ուշ-ուշ էինք հանդիպում, բայց ամեն այցը տոն էր ինձ համար, որովհետև գիտեի, որ պիտի գար, մինչև ուշ գիշեր զրուցեինք: Մեր վերջին հանդիպման օրը, մինչև ուշ երեկո մեր տանն էինք, հետո իջանք Մարտունու Հաղթանակի հրապարակ՝ զբոսնելու: Ուժեղ անձրև էր տեղում, բայց մեզ չէր խանգարում:

Այդ օրը ես Արթուրին հարցրի, թե չի՞ պատրաստվում արդյոք ամուսնանալ: 2016թ. այսկողմ մի գեղեցիկ խոսք կար, որ շատ է տարածվել, երբ ինքն ասում էր՝ սիրահարվել եմ համազգեստիս: Իմ հարցին կես կատակ-կես լուրջ պատասխանեց, որ մարդ պետք է մի անգամ սիրահարվի, և ինքն արդեն իսկ սիրահարվել է: Ծիծաղում էինք, որովհետև չափազանց ճոխ հայրենասիրություն էր ընկալվում, բայց Արթուրը հենց այդ նախադասությամբ ու ապրած կյանքով պատմության մեջ արձանագրեց նոր փաստ: Այո, նա սիրահարվեց իր համազգեստին, իր գործին և ինչպես հայտնի երգի տողերում է ասվում՝ «նա զենքի հետ պսակվելու գնաց»: Ի ծնե առաջնորդ էր Աղասյանը, ամեն գործում նախաձեռնող: Ռուսները շատ ավելի հաջող են ձևակերպում` «прирожденный лидер»,- պատմում է Սերգեյը:

Նրանք հաճախ էին խոսում ռազմական գործից հեռանալու մասին, որովհետև Արթուրն ուներ բոլոր հնարավորությունները նաև քաղաքացիական կյանքում դրսևորվելու, բայց միշտ ասում էր, որ ուրիշ ոլորտում իրեն չի պատկերացնում: «Մենք ընկերներով վստահ էինք, որ Արթուրը շատ կարճ ժամանակահատվածում պիտի դառնա մեր բանակի առանցքային դերակատարներից մեկը, և չսխալվեցինք: Ճիշտ է, մենք բոլորս ուզում էինք, որպեսզի նա կենդանության օրոք դառնա այդ առանցքային դերակատարներից մեկը, բայց ես նրան այսօր էլ համարում եմ ողջ, մենք նրան երբեք բացակա չենք դնի: Նա դարձավ մեր համազգային պայքարի խորհրդանիշներից մեկը: 2016թ. այսկողմ աշխարհի ցանկացած ծայրում, որտեղ հայ կա, երևի լսել է «Արթուր Աղասյան» անուն-ազգանունը»,- ասում է Սերգեյ Սաֆարյանն ու ավելացնում, որ Արթուր Աղասյանը մարդ-բարոյականության գիգանտ է:

Երբ 2016թ. հեռուստաէկրանին ու սոցիակական մեդիայում հաճախակի հայտնվում էին արդեն լեյտենանտի կոչում ստացած Աղասյանի մասին պատմող կադրերը, շատերը զարմանում էին, թե ինչպես այդ փոքրամարմին տղան կարողացավ այդպիսի հերոսություն կատարել, բայց նրան լավ ճանաչողները շատ նորմալ էին համարում, որովհետև Արթուրն իր տեսակով այդպիսին էր՝ զինվոր, հրամանատար, ով երբեք թիկունքում չի, ով միշտ առաջնագծում է: Ընկերոջ խոսքով՝ Արթուրը քաղաքացիական կյանքում էլ էր այդպիսին, ընկերության մեջ էլ, ընտանիքում էր:

«Այս պատերազմի ժամանակ, երբ հոկտեմբերի 7-ին՝ իմ ծննդյան օրը մեր հայրենիքի համար զարկվածների ցանկում հայտնվեցին Արթուրի և իր կրտսեր եղբոր՝ Արսենի անունները, ինձ համար ապրելը նաև վերածվեց պատրադրանքի, և ես այդ ժամանակ մի փոքրիկ գրառմամբ ասացի, որ իմ առաջնեկը պետք է Արթուրի անունը կրի: Ես համոզված եմ, որ Արթուրի անունը դեռ շատ երեխաներ կկրեն, ես համոզված եմ, որ Արթուր Աղասյանի անունով կկոչվեն փողոցներ, կկոչվեն դպրոցներ, որովհետև մենք սերունդներին պարտավոր ենք փոխանցել Արթուրի տեսակը, նրանից շատ բան կա սովորելու»,- ասում է Սերգեյը՝ համոզմունք հայտնելով, որ հաղթող տեսակը Արթուրի նման է լինելու:

Իսկ Արթուրի անձնական հատկանիշները նա առաջին հերթին պայմանավորում է ընտանիքով. «Նա ավանդական հայկական լավ ընտանիքում դաստիարակված զավակ էր: Որքան էլ ասենք, որ հասարակությունն է կոփել Աղասյանին, միևնույնն է, ես համոզված եմ, որ Աղասյանն այդպիսին առաջին հերթին կոփվել է իր ընտանիքում, իր ծնողների դաստիարակությամբ, հետո նոր արդեն հասարակության մեջ: Նրա բնույթն անփոփոխ էր: Մարդիկ սովորաբար տարիների ընթացքում մի քիչ այսկողմ, մի քիչ այնկողմ փոխվում են: Արթուրը մեր առաջին հանդիպումից՝ 2003-ից մինչև վերջին պահը նույն մարդն էր՝ ժպտերես, աշխույժ, ամեն ինչի նկատմամբ լավատեսորեն տրամադրված, իր գործին հավատացող: «Աղասյան» տեսակը պիտի արմատանա մեր մեջ, մենք եկող սերունդներին անընդհատ պիտի սրսկենք, որպեսզի նմանվեն Աղասյանին ոչ միայն զինվորական գործում, այլ նաև որպես մարդ տեսակ»:

Սերգեյի կարծիքով՝ այժմ կոմպլեքսներից դուրս գալու խնդիր ունենք: Անհրաժեշտ է բոլոր այն անհատականություններին՝ լինի զինվորական, մանկավարժ կամ բժիշկ, ովքեր կարողանում են հայրենիքի համար ինչ-որ առավելություն ապահովել, մեր բռի մեջ պահել, որպեսզի վաղն այսպիսի պատերազմներ չունենանք, որպեսզի վաղը նորից այսպիսի ցավի չհանդիպենք.  «Մեր ժողովուրդը շատ է պայքարել. սերունդ չկա, որ պատերազմ տեսած չլինի: Պարտավոր ենք կերտել այնպիսի հայրենիք, որ պատերազմը մեզնից կիլոմետրերով հեռու մնա և եկող սերունդները միայն անցյալով խոսեն պատերազմի մասին: Դա հնարավոր է, և դրա ամենալավ բանալին տնտեսապես հզոր երկիր ունենալն է: Եթե երկիրդ տնտեսապես հզոր է, հզոր է նաև քո բանակը, արտաքին ու ներքին քաղաքականությունը»:

Արթուրն իր ազդեցությունն է թողել այն բոլոր պատանիների, սփյուռքահայերի վրա, որոնց հետ շփվել է

ՀՅԴ ԱՄՆ Արևմտյան շրջանի երիտասարդական միության նախկին անդամ Տիգրան Խոդանյանը Արթուր Աղասյանի հետ ծանոթացել էր 2014թ., երբ Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միությունը Մարտունիում պատանեկան ճամբար էր կազմակերպում:

«Արթուրը մեր կապն էր, միշտ աջակցում էր և ամեն գործում ներկա էր: Այդ երկու շաբաթվա ընթացքում ես Արթուրի հետ ընկերացա: Այնքան էլ հեշտ չէ սփյուռքահայի և տեղացու միջև երկու շաբաթում ընկերական հարաբերություններ հաստատելը, բայց Արթուրը տարբեր էր: Նա շատ մեծ պարտականություն ու դեր ունեցավ Մարտունիում մեր ճամբարների հաջողման գործում: Այդ իսկ պատճառով, նույնիսկ ԱՄՆ վերադառնալուց հետո ես ու մի քանի ընկեր կապ էինք պահում Արթուրի հետ: Տարիների ընթացքում այդ կապը ավելի սերտացավ: Կարող եմ ասել, որ տարիների ընթացքում Արթուրն իմ մտերիմ ընկերը դարձավ: Ես անընդհատ հետևում էի սահմանային իրավիճակին, վախով ծանոթանում սահմանում անմահացածների մասին տեղեկություններին: 2014թ. հետո մշտական կապ էի պահում նրա հետ:

Դժբախտաբար, երբ Արցախում էի, այդ օրերին սահմանին միշտ լարված էր, այդ պատճառով էլ Արցախում չկարողացա հանդիպել նրա հետ: 2020թ. սեպտեմբերին պատերազմից շատ անհանգիստ էի, գիշերները չէի քնում, անընդհատ մտածում էի սահմանին կանգնած զինվորների մասին: Եվ հոկտեմբերի սկզբներին, Արթուրի անունը կարդալով զոհվածների ցուցակում, շատ ծանր տարա, բառերով հնարավոր չէ նկարագրել: Արթուրի հիշատակը մեր սրտերի, մեր մտքերի մեջ է, և վստահ եմ, որ  իր ազդեցությունն է թողել այն բոլոր պատանիների, սփյուռքահայերի վրա, որոնց հետ շփվել է»,- նշում է Տիգրանը:

Հայրենիքը բարձր է գնահատում իր նվիրյալ զավակի գործած սխրանքները

Արթուր Աղասյանի թաղման արարողությունը տեղի է ունեցել 2021թ. հուլիսի 18-ին:  Մարտունու Հաղթանակի հրապարակում՝ Մոնթե Մելքոնյանի հուշակոթողի մոտ, մարտունեցիները վերջին հրաժեշտն են տվել  հերոս հայորդուն:

Հենց այդտեղ էլ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհված «Արցախի հերոս» բարձրագույն կոչման «Ոսկե արծիվ» շքանշանը հանձնեց Արթուրի հորը. «Դա պատերազմի ընթացքում կենդանության օրոք հերոսի կոչման արժանացնելու իմ առաջին որոշումն էր, որը դեռ չստորագրած, Արթուրի հետ իմ՝ արդեն պարբերական դարձած կապն ընդհատվեց…

6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց նրա վաշտին էր վստահված: Արթուրն արդեն հերոս էր. դրանում բոլորս համոզվել ենք Ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Հայրենիքը բարձր է գնահատել հայրենիքի նվիրյալ զավակի գործած սխրանքները՝ նրան արժանացնելով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում բացի Արթուրից կորցրել է մյուս որդուն՝ Արսենին ևս։ Այդ մեծ վշտի սփոփանքն անձնվեր զավակների կիսատ թողածը շարունակելն է միայն։

Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի, նրանց հարազատների առջև…»,- իր պաշտոնական էջում գրել է նախագահը:

ԱՀ ՊԲ գնդապետ Լեռնիկ Ասրյանն իր խոսքում նշել է, որ ԱՀ ՊԲ կապիտան Արթուր Աղասյանն իր փոթորկալից կյանքն անմնացորդ նվիրաբերել  է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին. «Ինչպես 2016թ. ապրիլին, այնպես էլ 2020թ. սեպտեմբերին հերոսաբար, առաջինների շարքում  նետվեց թշնամու հրոսակների դեմ անհավասար պայքարի հորձանուտները, վաստակեց աննկուն մարտիկ ու խիզախ հրամանատար կոչվելու գերագույն պատիվը՝ իր ազգանվեր գործունեությամբ հազարավոր զինակիցների համար դառնալով նվիրումի և հերոսացումի օրինակ: Մենք հոգու խոր կսկիծով դեպի հավերժություն ենք ուղեկցում մի հերոս հայորդու, ով բարձր ճակատով և առնական կեցվածքով ապրեց բարձրյալի կողմից իրեն վերապահված երկրային կյանքը, ապրեց վեհորեն, ապրեց հայորեն, ապրեց ապրեցնելու վաստակ ունեցող զինվորականի իրավունքով»:

Արթուր Աղասյանը եղբոր հետ ամփոփված է Մարտունու քաղաքային գերեզմանատանը:

Վերջում՝ 2016թ. «Ապառաժ»-ին տված Արթուրի հարցազրույցից մի հատված.

«Հնարավոր է, որ զենքով զիջում ենք, բայց դա չի նշանակում, որ չենք կարող հաղթել, կամ էլ՝պետք է հուսահատվենք: Պետք է պարզապես ավելի կազմակերպվենք, իրար թիկունք լինենք»,- ասել էր Արթուրը:

Իսկ երբ ներկաներից մեկը հարցրեց՝ քեզ հերոս զգու՞մ ես, Արթո՛ւր, պատասխանեց. «Ինձ հերոս կզգայի, եթե մեր  կորցրած դիրքերը հետ վերցնեինք: Այդ ժամանակ, հետմահու, թե ողջ, մեդալով, թե առանց մեդալի, ինձ հերոս կզգայի»: