Ուրբաթ, Դեկտեմբերի 27, 2024
Ուրբաթ, Դեկտեմբերի 27, 2024

Հարսս անընդհատ զանգում էր եղբորս հեռախոսին, մորգում զանգի ձենից գտել են եղբորս մարմինը

Օգոստոսի 22, 2022

«Հայրս ամսի 30-ին գնաց Գորիսի մորգ, հարսս անընդհատ զանգում էր եղբորս հեռախոսին, մորգում զանգի ձենից գտել են եղբորս մարմինը»,- ցավով պատմում է 21-ամյա Վեներա Հարությունյանը, որը պատերազմում կորցրել է 24-ամյա եղբորը։

Վեներայի եղբայրը՝ Գոռ Հարությունյանը, ամուսնացած էր, ուներ մեկ տղա։ Պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է առաջնագիծ։ Հակառակորդի դեմ կռվել է Ջրականում։ Սեպտեմբերի 29-ին զոհվել է դիպուկահարի գնդակից։

Վեներան ասում է, որ վերջին անգամ եղբոր հետ կապ են հաստատել սեպտեմբերի 28-ին։ «Կնոջ հետ խոսելիս լաց լինելով ասել ա՝ ձեզ լավ կնայեք, երեխայիս լավ կնայես»։

Այդ զանգից հետո այլևս որևէ կերպ եղբոր հետ կապ հաստատել չի ստացվել։

«Հարսիկս ինչքան զանգում էր՝ չէր պատասխանում, հետո զանգեց եղբորս ընկերոջը, ասեց՝ կարա՞մ Գոռի հետ խոսամ, էդ տղան ասեց՝ Գոռը մեր մոտ չի, բայց որ գնամ, կտամ։ 

Եղբորս կինը եկավ, ինձ ասում ա՝ Վեներա՛, ընկերը լացում էր, ինչի՞ էր լացում, ասում եմ՝ դե, պատերազմ ա, երևի ինչ-որ մեկը զոհվել ա, ինչ-որ մեկը վիրավորվել ա, ծանր կտանեն, էլի… Դե, չգիտեինք՝ ինչ ա կատարվում»,- հուզմունքը զսպելով հիշում է քույրը։

Ասում է՝ սեպտեմբերի 29-ին արդեն իմացել են, որ եղբայրը զոհվել է, բայց մարմինը չէին գտնում:

«Մեզ ասին, որ տեսել են՝ մահացել ա, բայց դիակը չեն գտել: Պապաս գնացել ա Հադրութ, Հադրութում չորս դիակ ա եղել, ման ա էկել, չի եղել մեջները։ 

Հետո ուղարկել են Ստեփանակերտ, տեղ ու դադար չի եղել, ման ա էկել, չի գտել։ Հետո ասել են՝ Երևանում ինչ-որ վառված զինվոր կա, կարող ա՝ ինքը լինի, ասել են նաև՝ Գորիսի մորգ էլ ինչ-որ զինվորներ են տարել։ 

Արցախում որ կապերն անջատված են եղել , դրա համար եղբորս հեռախոսը անհասանելի է ցույց տվել, բայց որ զոհվել է, բերել են Գորիսի կողմեր, հեռախոսն արդեն հասանելի է դարձել: Գորիսի մորգում արդեն հեռախոսի զանգի միջոցով գտել են»,- պատմում է քույրը։

Վեներան ասում է՝ մինչև վերջին պահը հույս ունեին, թե սխալմունք է, եղբայրը ողջ կլինի, մինչև իրենց աչքով չեն տեսել:

«Մտածում էինք՝ կարող ա ինքը չլինի, կարող ա հեռախոսն իրա գրպանից ընկած լինի, ուրիշի գրպանը դրած լինեն, բայց տեսանք, որ ինքն ա»,- հուզմունքով ասում է քույրը։

Ասում է՝ ապրումները ծանր են ու աննկարագրելի։ Կորցրել են ամեն ինչ, Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղում թողել են տունն ու տեղը հակառակորդին, եղբայրն էլ զոհվել է:

«Շատ ծանր է։ Մինչև պատերազմը կյանքը լավ էր, պատերազմը սկսվեց, հիմա՝ անտուն, անօթևան։ Ապրում ենք՝ բախտի հույսով»,- ասում է Վեներան։


Վեներան ասում է՝ եղբայրը բարի էր, ընկերասեր ու շատ աշխատասեր, ճիշտ է՝ իր նկատմամբ խիստ էր, բայց այսօր անգամ այդ խստությանն է կարոտել:

«Շատ աշխատասեր էր, մեր գյուղում ՀԷԿ էին կառուցել, ՀԷԿ-ի կառուցման օրվանից մինչև վերջին օրը ինքն աշխատել ա։ Կռվի օրը սմենը հանձնել ա ժամը 9-ին, 10-ին տարել են։

Ինքը չէր սիրում իր զգացմունքները ցույց տալ, չէր կիսվում, բայց ամբողջ հոգով սիրում էր ու նվիրված էր ընտանիքին»,- ասում է քույրը։

Վեներան ասում է՝ ընտանիքի սփոփանքը եղբոր զավակն է, ծնողները թոռան համար են ապրում, դժվար է համակերպվել, բայց․ «Չեն կարա իրանց թույլ պահեն, որ թույլ պահեն, մենք էլ կթուլանանք»:

MediaLab.am