Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հուսիկը մինչև վերջին շունչը պայքարել է վիրավորների կյանքի համար

Օգոստոսի 26, 2022

«Երեք քույրերից հետո ծնվեց Հուսիկը: Սպասված երեխա էր, սիրված, աշխույժ, հոգատար, ուրիշ էր, յուրահատուկ: Երբ առաջին դասարան գնաց, բոլորը զարմանում էին՝ այնքան ընդունակ էր»:

Այսպես է սկսվում իմ զրույցը Հուսիկի մայրիկի՝ տիկին Վիոլետայի հետ: Զրույցը դեռ նոր ենք սկսել, չի կարողանում զսպել արցունքները, ասում է՝ չեմ կարողանում տղայիս մասին անցյալով խոսել:

«Չեմ կարողանում հավատալ, համակերպվել, սարսափելի է, բոլորիս կյանքը միանգամից շուռ եկավ»,-նշում է նա:

Լուսանկարից ժպտացող տղայի ֆիզիկական բացակայությունը խենթացնել կարող է ոչ միայն ընտանիքի անդամներին, այլև բոլորիս: 2014 թ.-ին Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Հուսիկը դիմել է Ար. Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ: Մայրիկն ասում է՝ ուզում էր օդաչու դառնալ: Մի քանի միավոր չի հերիքում ընդունվելու համար, կարող էր ընդունվել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Բայց չուզեց, ասում է տիկին Վիոլետան: Զորակոչվում է բանակ: Ծառայությունն անցել է Մեխակավանում (Ջաբրայիլ): Սկսվում է Ապրիլ յան պատերազմը: Մայրիկը վերհիշում է՝ այդ պատերազմից հետո ինքը վիրահատվել է, ամուսինն էլ ինֆարկտ տարել:

«Այն ժամանակ հրաշքով էր փրկվել. արկն ընկել էր նրա ու վառելանյութի բաքի արանքում ու չէր պայթել»,-վերհիշում է զրուցակիցս: Զորացրվելուց հետո, ի զարմանս շատերի, սկսում է խոհարարությամբ հետաքրքրվել: Հմտանում է այդ գործում, տիրապետում եվրոպական խոհանոցին: Երևանում աշխատելուց հետո մեկնում է Մոսկվա, կորոնավիրուսը պատճառ է դառնում վերադառնալու համար: «Եկավ, սկսեց տունը վերանորոգել, ուզում էր ամուսնանալ: Շատ փակ էր, չգիտեմ՝ սիրած աղջիկ ուներ, թե ոչ: Բայց ուզում էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, տղա ունենալ: Աղջիկներիս երեխաները խելագարվում են իր համար, մինչև հիմա իրեն են սպասում...»,-ասում է մայրիկը, իսկ ես նրա հուզմունքը մի փոքր մեղմելու համար հարցնում եմ՝ քանի՞ թոռնիկ ունեք:

«Ութ թոռ ունեմ, մեծը 20 տարեկան է, փոքրն էլ վերջերս է ծնվել»: 2020 թ. ամռանը Հուսիկին մի քանի տեղից կանչել են աշխատելու, բայց հրաժարվել է մեկնել. «Մի տեսակ տեղը չէր գտնում, ինչ-որ բան էր փնտրում, չէի հասկանում, երևի ուզում էր հերոս դառնալ»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Չնայած Հուսիկը մայրիկին խոստացավ, որ կամավոր չի մեկնի, բայց խոստումը չպահեց: Քրոջն էլ ասել էր՝ երբ Ապրիլ յանին կամավորները եկան ու մեր կողքին կանգնեցին, մեզ այնքան լավ էինք զգում, ինչպե՞ս չգնամ ու տղերքի կողքին չլինեմ: Արցախում ծառայած Հուսիկը 44-օրյա պատերազմի ժամանակ մեկնեց Մեխակավան, որտեղ ժամանակին իր զինվորական ծառայությունն էր անցել:

Մայրիկն ասում է՝ ինչպես Ապրիլ յանի, այնպես էլ 44-օրյայի ժամանակ որդին իրեն հանգստացնում էր, ասում՝ ամեն ինչ լավ է: «Ոչինչ չէր պատմում մեզ: Մի տեսակ հանգստություն կար մեջս, վստահ էի՝ իր հետ վատ բան չի լինի, ինքն ուժեղ է: Ամեն օր խոսում էինք, ընթացքում կորցրել էր հեռախոսը, բայց ընկերների հեռախոսներից զանգում էր, ասում՝ ամեն ինչ լավ է: Մի տղա կա Արտաշատից՝ Սուրենը, հիշում է՝ Հուսիկը բոլորիս ուժ էր տալիս, չէր վհատվում, հույսը չէր կորցնում: Բոլորին հասնում էր օգնության, տեսակն էր այդպիսին: Ընկերները պատմում են՝ ինչ ասում էին, ասում էր՝ ես կանեմ: Ամեն տեղ ինքը կար: Առօրյա կյանքում էլ էր այդպիսին՝ բոլորի կողքին, բոլորին հասնող, կամեցող, համեստ»,-մեր երբեմն-երբեմն ընդհատվող զրույցի ժամանակ ասում է տիկին Վիոլետան: Հուսիկը մայրիկի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ին. անծանոթ համարից զանգել է, երկու բառ զրուցել են, ու ասել է՝ էլ էս համարին չզանգես:

Մայրիկը, որի համար չսպիացող ցավ է որդու կորուստը, չի զատում նրան նահատակված մյուս տղաներից:

«Բոլորն ընտրված երեխեք են, գնում ես Եռաբլուր, աչքերդ կուրանում են, ինչ երեխեք գնացին, ոնց որ դիտավորյալ չթողեցին, որ նրանք հետ գան տուն: Ահավոր է, մեկը մեկից լույս են: Հուսիկս ընդամենը 24 տարեկան էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր, իր աշխատանքով կարողացել էր երկու մեքենա գնել, տունն էր վերանորոգում, այնքան նպատակներ ուներ, դեռ ինչերի պիտի հասներ: Իրենցից հետո շատերս ենք ամաչում, որ ապրում ենք, բայց մեղավորների պետքն էլ չի»,-եզրափակում է տիկին Վիոլետան: Եղբոր զոհվելու մանրամասները քույրը՝ Շուշանն է ներկայացնում: Այդ մասին տեսանյութեր կան, որոնք թույլ չեն տվել մայրիկը դիտի: «Եղբայրս կռվեց 24 օր՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 21-ը: Կամավոր էր, ասել էին տուն գնա, փոխարինող կա, մերժել էր՝ տղերքին մենակ չեմ թողնի: Զանգել էինք, ասել՝ մայրդ շատ ծանր է, սիրտը չի դիմանա: Հետ էր զանգել՝ «լավ ես, չէ՞, մամ ջան, պինդ ես, չէ՞: Դավաճան չեմ դառնա, մամ, կռիվը պրծնի, կգամ...»:

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 10-11-ը կռվել է Ջաբրայիլում։ Ասում են՝ Հուսոն անվախ էր, խիզախ ու միշտ լավատես։ Մեզ համար դա նորություն չէ»,-նշում է Շուշանը: Հավելում է՝ Հուսիկը Ջաբրայիլի այն 300 հայորդիներից է, որոնք 7 օր ամեն գնով կարողացան պահել սահմանը, հետ մղել թշնամու մինչև ատամները զինված բանակը: Ուժեղ գրոհներից մեկի ժամանակ Հուսիկն ու կամավորական Էդգարը միայնակ պահել են դիրքը, երկու հոգով շարունակել կռիվը, վահան դարձել թշնամու զորքի դեմ, որ դիրքի տղաները նահանջեն։ Տղաներն առաջնագծի իրենց դիրքում մնացել են մենակ, հետո ընկել են շրջափակման մեջ, դիմացել ոչ միայն թշնամու գրոհներին, հրետանու հարվածներին, այլև հակադարձ հարվածներ հասցրել։ Երբ ողջ զինամթերքը սպառվել է, գիշերով, կրակոցների տակ մի կերպ իջել են դիրքից: Շուշանի խոսքով, իրական դժոխքի միջով են անցել, հանդիպել մի քանի այլ զինծառայողի, հրաշքով ողջ են մնացել։ «Նրանց կռիվը շարունակվել է Հադրութում, մի քանի հարյուր հոգով ընկել են շրջափակման մեջ, մի քանի օր հետո մի կերպ կարողացել են դուրս գալ շրջափակումից ու նոր դիրք զբաղեցնել: Վերջին դիրքը եղել է Հադրութի «Թութակները»:

Հոկտեմբերի 21-ին դիրքում ծանր վիրավոր են ունեցել՝ լեյտենանտ Սարգիս Մանուկյանը: Ոչ ոք ռիսկ չի արել նրան հոսպիտալ հասցնել: Էդգարն էլ փորձել է հետ պահել Հուսոյին, հակադարձել է՝ հո չեմ թողնի, որ արյունաքամ լինի: Տեղափոխել է նրան շտապօգնության մեքենան ու իջել դիրքից, բայց այդպես էլ Մարտունու հոսպիտալ չի հասել: Նրա հետ դիրքից հոսպիտալ են իջել նաև 19-ամյա վիրավոր զինծառայողներ Սենիկ Խուրշուդյանը և Լյուդվիգ Ավդալ յանը»,-պատմում է Շուշանը:

Ընտանիքն օրեր շարունակ լուր չի ունենում Հուսիկից: Հետո է պարզվում, որ ճանապարհին մեքենան շրջափակման մեջ է հայտնվել: «Հուսոն մինչև վերջին շունչը պայքարել է վիրավորների կյանքի համար։ Թշնամու պետական մի քանի հեռուստաալիքով օրեր շարունակ պտտվող տեսանյութում Հուսոն է և երեք վիրավոր տղաները, տեսանյութում նաև թշնամու ոհմակն է: Թշնամին հայտարարում էր, որ դիպուկահարի, դիվերսիոն խմբի է սպանել: Հուսոյի մարմինը ցույց են տալիս, ասում՝ ձեր Վազգենին ենք սպանել, կարծես ասելով, թե ձեզ ենք կոտրել, ձեր ուժն ենք խլել»,-ասում է քույրը:

Տղաները նահատակվում են անհավասար մարտում: Թշնամին նրանց մարմինները տեղափոխում է հատուկ վայր և առանձինառանձին հողին հանձնում։ Հուսիկի մարմինը հայկական կողմին է փոխանցվել դեկտեմբերի վերջին, հուղարկավորությունը տեղի է ունեցել 2021 թ.-ի հունվարի 24-ին՝ Եռաբլուրում։ Խիզախ, անկոտրում, անձնազոհ երիտասարդը տուն է «վերադարձել» 3 ամիս անց:

Հ. Գ. Հուսիկ Հովակիմյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար» շքանշաններով:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

past.am​​