Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

<<Ոսկե արծիվ>> շքանշանակիր Թովմաս Թովմասյան

Օգոստոսի 26, 2022

Ներկայացնում ենք «Ոսկե արծիվ» շքանշանակիր Թովմաս Թովմասյանի կյանքի եւ կատարած սխրագործությունների մասին «Ապառաժ»-ի հարցազրույցը նրա եղբոր՝ Նահապետ Թովմասյանի հետ:

Թովմաս Թովմասյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 10-ին, Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում: Չորս եղբայր էին, նա երրորդն էր: Սովորել է գյուղի Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցում, առաջին դասարան գնացել է 1990թ., եղել է հարվածային և ավարտել 2000թ.: Ապա, նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարան «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում. ճանապարհային երթևեկության կազմակերպում» մասնագիտությամբ և ավարտել 2009թ. ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ: 2001թ. զորակոչվել է ժամկետային զինծառայության` Հադրութ, և զորացրվել է 2003թ.:
Ամուսնացած է, ունի 2 երեխա:

44-օրյա պատերազմի ժամանակ Թովմասն իր ընկերոջ՝ Արցախի հերոս Նարեկ Հովհաննիսյանի հետ ակտիվ մասնակցել են մարտական դիրքերի պաշտպանությանը, դիվերսիոն, հետախուզական գործողություններ  իրականացրել հակառակորդի թիկունքում, պատճառել ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ: Հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու գործողություններ իրականացրել սկզբում 7-րդ պաշտպանական  շրջանում, Մռավում, իսկ ապա՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ուղղությամբ և Շուշիի մատույցներում: Նրանք, չլքելով իրենց վստահված դիրքերը, պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Ավագ լեյտենատ Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոս բարձրագույն կոչում:

Արցախի հերոս Թովմաս Թովմասյանի կյանքի և կատարած սխրագործությունների մասին «Ապառաժ»-ը զրուցել է նրա եղբոր՝ Նահապետ Թովմասյանի հետ:

Ինչպե՞ս կբնութագրեք Թովմասին:

-Աշխույժ, ժիր, կայտառ, էքստրեմալ իրավիճակների սիրահար և չափազանց հայրենասեր:

Մեծանալով ազատամարտիկի ընտանիքում` չէր կարող չլինել հայրենասեր:

Հայրս` Սեյրան Թովմասյանը, 1992թ. Արցախյան առաջին ազատամարտի մասնակից էր, Շուշիի ազատագրման ժամանակ մեր գյուղի ջոկատի հրամանատարն էր, Շուշիում էլ վիրավորվել է: Իսկ մայրս` Լաուրա Թովմասյանը, 1988թ. Արցախյան շարժման ակտիվիստներից էր: Նրանք իրենց ապրած կյանքով և գործունեությամբ  օրինակ են եղել  Թովմասի համար և մեծ ազդեցություն թողել նրա  ոգու և ներաշխարհի վրա: Թովմասն իր հայրենասեր ու նվիրյալ հոր ժառանգն էր, և չէր կարող անմասն մնալ հայրենիքի պաշտպանության գործից:

Թովմասն ընտրեց զինվորականի մասնագիտությունըԻ՞նչ ուղի ունեցավ:

— Բազմաթիվ աշխատանքների առաջարկներ եմ արել նրան, նույնիսկ խանութ էի ուզում նվիրել, սակայն չհամաձայնվեց: Զորացրվելուց հետո՝ զգալով, որ զինվորական լինելն է իր կոչումը, անցել է պայմանագրային ծառայության ՀՕՊ զորքերում և դարձել սպա:

Նա այն սպաներից էր, ով ծառայել է պատվով և նվիրումով: Իր ծառայության ընթացքում նա արժանացել է մի շարք հավաստագրերի և պատվոգրերի:

Դժվար է ինձ համար խոսել նրա մասին, սակայն պետք է նշեմ, որ Թովմասը այն անձնավորությունն էր, ով մշտապես մտածում էր հայրենիքի և իր զինվորների մասին: Ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի ծառայությանը:

2010թ. Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

2011թ. պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:

ՊԲ ՀՕՊ զորքերում ծառայել է մինչև 2014թ., ապա տեղափոխվել Հաթերքի զորամաս՝ միաժամանակ ծառայություն իրականացնելով նաև Մռավում: Ծառայել է մինչև 2017թ.:

Մասնակցել է 2016թ. ապրիլյան պատերազմին:

2017թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարան և ավարտել՝ որպես մոտոհրաձգային դասակի հրամանատար, ապա լեյտենանտի կոչումով նշանակվել դասակի հրամանատար:

2018թ. սեպտեմբերին ՀՀ ՊՆ հրամանագրով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Իսկ ընդամենը մեկ ամիս անց` հոկտեմբերին, երրորդ եռամսյակի արդյունքներով մարտական պատրաստության բարձր ցուցանիշների և զինվորական օրինակելի կարգապահության համար պարգևատրվել է պատվոգրով:

2019թ. մարտին օրինակելի և բարեխիղճ ծառայության, բարձր պատասխանատվության և ենթակա ստորաբաժանումում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովելու համար պարգևատրվել է պատվոգրով: Ապա նույն թվականի օգոստոսին ստացել է ավագ լեյտենանտի կոչում: Իսկ հոկտեմբերին ստացել է պատվոգիր սույն թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ցուցաբերած բարձր առաջադիմության, պարտականությունների բարեխիղճ կատարման և զինվորական օրինակելի կարգապահության համար:

Վաստակել է նաև «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ:
2020թ. ստացել է հավաստագիր դիպուկահարների դասընթացներին մասնակցելու և լավագույն արդյունք ցուցաբերելու համար:

— 2020թսեպտեմբերի 27ին սկսված լայնամասշտաբ պատերազմում նա կրկին զենքը ձեռքին դուրս էր եկել թշնամու դեմ և արիության համար հետմահու արժանացել Արցախի հերոս բարձրագույն կոչմանը

— Երբ սկսվեց պատերազմը` եղբայրս ու իրենց ջոկատը առաջնագծի տարբեր հատվածներում հերոսաբար մարտնչեցին ոսոխի դեմ: Պատերազմի ողջ ընթացքում` 44 օրում եղել է տարբեր դիրքերում` «Եղնիկներ» -ում, Մռավում, Սղնախում, Շուշիում, Քարին տակում :

Բավականին մեծ աշխատանքներ են կատարել «Եղնիկներ» -ում. անցնելով հակառակորդի թիկունք՝ լուրջ մարդկային և տեխնիկական կորուստներ են հասցրել: «Եղնիկներ» -ից հետո՝ լսելով, որ Մռավում իրավիճակը ծանր է, անմիջապես մեկնում են այնտեղ, ապա Սղնախ՝ Չախմախ կոչվող տեղամաս:

Նրանց արածն այս պատերազմում իրոք հերոսություն է, որի համար էլ արժանացել է Արցախի հերոսի կոչմանը: Նրանց արածի մասին գիտեն ռազմական ղեկավարները և այն մարդիկ, ովքեր իսկապես կռվել են: Բոլորն են հերոս, սակայն այդքան դիվերսիաներ, հմուտ գործողություններ ոչ բոլորը կարող էին կատարել: Քարին տակի վերևի մասում 7 հոգով  200-300 հոգու դեմ գրոհել են և կոտորել բոլորին:

Դեռևս կռվի ժամանակ՝ նոյեմբերի 5-ին էին Թովմասին և իր ընկերոջը՝ Նարեկին Արցախի հերոսի կոչում շնորհել, սակայն նրանք չեն իջել դիրքերից կոչումը ստանալու համար՝ պատճառաբանելով, որ պատերազմ է և խրամատն ու իրենց զինվորներին լքելու պահը չէ:

Նրանց ջոկատում բոլորը «խենթեր» էին:

Երբ թշնամին հասել էր Քարին տակ գյուղի մատույցներ, Թովմասն իր ընկերների` Նարեկի, նրա երկվորյակ եղբոր` Արայիկի, կամավորականներ Հարութի, Գուրգենի, Վարդանի, Գոռի, Հակոբի, Եղիշեի, Բորյայի, Քրիստափորի (Քիրո) ու հատուկ ջակատային Մհերի հետ կանխել է հակառակորդի առաջխաղացումն ու հետ շպրտել նրան:

Արցախի հերոս». սփոփա՞նքհպարտությո՞ւնթե՞ դատավճիռ:

— Ոչ մի բան չի կարող մեղմել մեր ցավը: Իհարկե, հպարտանում ենք, որ այդպիսի եղբայր ունենք, սակայն առանց նրա…Նա  սիրում էր իր զինվորին. Թովմասը զինվորին մենակ չի թողել:

Թովմասը վիրավորվե՞լ էր

-Նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում վիրավորվել է:

Շուշիի համար մղվող մարտը վերջին, ճակատագրական մարտն էր: Նա ու ընկերը` Բորիսը, արդեն Քարին տակի Սղնախ-Ավետարանոց հատվածում էին և անվախ ոգով պատրաստ էին նենգ ոսոխին ճզմելու:

Երբ ընկերը դիպուկահարի կրակոցից վիրավորվում է, նա գնում է ընկերոջը դուրս բերելու, սակայն նա նույնպես վիրավորվում է, որից հետո նրան տեղափոխում են «Ռուսի աղբյուր» կոչվող տեղամաս, որտեղից այլևս չեն կարողանում դուրս հանել:  Վիրավորվելուց մոտ կես ժամ հետո խոսել եմ նրա հետ. վերջում ասաց, որ այլևս չի կարողանում խոսել, որովհետև հարձակվում են իրենց վրա: Այդ ամբողջ ընթացքում Բորյան, ով վիրավոր չէր, մնացել է Թովմասի հետ և միասին զոհվել են: 

Հայրս վիրավորվել էր Շուշիի ազատագրման ժամանակ՝ Շուշիի տանկ-հուշարձանի մոտ, իսկ Թովմասը զոհվեց Շուշիի անկման ժամանակ:

Ես չեմ պատկերացրել, որ Թովմասը երբևէ կնահատակվի: Ավելի շատ մյուս եղբորս՝ Նարեկի համար էի վախենում, որովհետև տեխնիկայով գտնվում էր ամենատարբեր տեղերում՝ Ջաբրայիլում, Հադրութում, Մարտակերտում:

Թովմասն հաճախ էր որդուն իր հետ դիրքեր տանում:

Ձեր կարծիքով՝ ո՞րն էր մեր պարտության պատճառը:

— Եթե Թովմասի ու իր ընկերների նման բոլորը կռվեին, թուրքերին շատ հեռու կքշեինք: Երևի չեն ցանկացել, որ զորքը կռվի…Մենք մինչև վերջին վայրկյան կռվել ենք, որովհետև մեր առջև այն նույն թուրքն էր, որ փախչում էր առաջին պատերազմում: Օր կար, երբ 21 հոգով  Չախմախից մինչև Հյունոտ մաքրել ենք թուրքերից, և խնդրել ենք, որպեսզի զորք բերեն, սակայն մի մարդ անգամ չեն բերել, դրա համար էլ պարտվել ենք:

Այս պատերազում պարտվել են մի քանի հոգի: Հայ զինվորը չի պարտվել:

— Արցախյան առաջին պատերազմում 5000 զոհ ենք ունեցելսակայն հաղթանակի բերկրանքը կարծես սփոփում էր մեր ցավը և հույս տալիս՝ ապրելու և արարելուԱյս պարտությունից հետո ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ապագան:

— Յուրաքանչյուր հայ, մանավանդ արցախցի, պարտավոր է ապրել Արցախում:

Այս պարտությունը մենք չենք կարող մարսել: Վաղ թե ուշ մենք զենքով պետք է ետ բերենք մեր կորցրածը: Պետք է հզորանանք: Պետք է վրեժ լուծենք մեր զոհված բոլոր տղաների համար: Սա պետք է դառնա մեզ համար ուղենիշ և ապրելու նպատակ:

aparaj.am