Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Հրամանատար, մեզ Աստված չի կարողացել բաժանել, միասին ծնվել ենք, պետք լինի՝ միասին էլ կզոհվենք․ Արցախում զոհված զույգ եղբայրներն այսօր կդառնային 21 տարեկան

Սեպտեմբերի 25, 2022

2020 թվականի սեպտեմբերին թշնամու  սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրներ Արմեն և Ռուբեն Շահինյաններն այսօր կդառնային 21 տարեկան։ Արդեն 2-րդ տարին է, որ ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերներն առանց եղբայրների ֆիզիկական ներկայության են նշում այս օրը։

Տան նախասրահի պատին Ռուբենի և Արմենի նկարներն են փակցված, տպավորություն է, որ նրանք միշտ ներկա են։ Այստեղ նաև կողք կողքի դասավորված են եղբայրների զինվորական համազգեստները, անձնական իրերը։

Երկու հերոսի մայրը՝ Պայծառ Թորոսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2001 թվականին կորցրել էր մորը, և, որ նույն տարում զույգ տղաների ծնունդն ի վերուստ տրված պարգև էր․

«Աստված մամայիս տարավ ու փոխարենը տվեց զույգ տղաներիս․․․ Մինչև ծնվելն արդեն գիտեինք, որ զույգեր են, սպասում էինք։ Չգիտեմ՝ անբացատրելի զգացողություն էր։ Ինչպես կզգա մայրը՝ զույգ որդի լույս աշխարհ բերող, շատ էի հպարտանում»։

Տիկին Պայծառը հիշում է, թե ինչ ոգևորությամբ էր սպասում  տղաների ծննդյան տարեդարձին, պատմեց նաև, թե որդիներն ինչպես էին նշում այդ օրը․

«Արմենս շատ-շատ էր սիրում իր ծննդյան օրը, իսկ Ռուբենը, որ լինում էր ժամը 11-ը, ու 12-ին օրը պետք է փոխվեր ու լիներ սեպտեմբերի 24-ը, գնում քնում էր, ասում էր՝ չեմ ուզում։ Բայց Արմենս սիրում էր տորթի մոմերը փչեր, ուրախանում էր իր ծննդյան օրով։ Գնում ախպորն ասում էր՝ վեր կաց, տորթի մոմերը պետք է միասին փչենք․․․ Փոքրուց միշտ միասին, իրենց բաժանել հնարավոր չէր»։

Ռուբենն ու Արմենը ծնունդով Արմավիրի մարզի Արաքս գյուղից էին: Հենց այդտեղ է գտնվում Սարդարապատի հուշահամալիրը։ Ավանդույթի համաձայն՝ Արմավիրի մարզի առաջին զորակոչվածները հենց Սարդարապատի հուշահամալիրից են մեկնում ծառայության։ Եղբայրներն էլ 2019 թվականի դեկտեմբերի 17-ին այստեղից մեկնեցին ծառայության՝ պաշտպանելու հայրենի սուրբ հողը։

«Բանակ ճանապարհելուց, որ մայրերը լացում էին, նեղվում էին, ես հպարտ եմ եղել, որ 2 զինվոր եմ ուղարկել հայրենիքին։ Մենք նեղվեցինք, ուզում էինք՝ Ամանորն անցներ, նոր գնային։ Ասացին՝ ոչինչ, կարևորը՝ 2 տարի հետո Ամանորին տանը կլինենք»։

 

Արմենն ու Ռուբենը ծառայում էին Մարտակերտում, ընդամենը 2 ամսվա ծառայող էին, երբ լավ առաջադիմության համար կրտսեր սերժանտի կոչում ստացան։ Ցավոք, ծառայության 9-րդ ամսում թշնամին լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի ուղղությամբ։

Եղբայրները սկզբում պաշտպանել են հարազատ  դարձած Մարտակերտի դիրքերը, այնուհետև տեղափոխվել են Մատաղիս, մասնակցել թեժ մարտերի, իսկ վերջին կետը եղել է Մարտունին․

«Ռուբենս ջերմություն է ունեցել, ամբողջ պատերազմի ընթացքում ջերմել է, ոչ մի կերպ չեն կարողացել դիրքերից իջեցնել։ Էդ ժամանակ էլ գեներալն ասել է՝ Ռուբենին ուղարկենք հոսպիտալ, ասել է՝ ոչ մի կերպ, պարոն հրամանատար, մեզ Աստված չի կարողացել բաժանել, մենք միասին ծնվել ենք, պետք լինի՝ միասին էլ կզոհվենք։ Էդպես ախպորը մենակ չթողնելով՝ Կարմիր Շուկայից տեղափոխվել են Մոնթեի ազատագրած Ուլյան բարձունքը․․․»։

19 հոգանոց անձնակազմը 7 օր շարունակ կռվել է՝ թշնամուն պատճառելով մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ։ Հոկտեմբերի 30-ին հակառակորդը տեսնելով, որ չի կարողանում ոչ մի կերպ մոտենալ տղաների պահած դիրքին, սկսել է ավիահարվածներ հասցնել․

«Վազել, իրար են գրկել այդ պահին․․․ Իրենց շնորհիվ չեն մտել Մարտակերտ, Մատաղիսի վերջին սահմանն է․․․»։

Տղաները զոհվել են 2020 թվականի հոկտեմբերի 30-ին, բայց եղբայրների մարմինները հարազատներին են փոխանցել շատ ավելի ուշ․

«Մարմինները գտել ենք 1 տարի անց, 2021 թվականի հոկտեմբերի 24-ին ենք հուղարկավորել»։

Զոհված տղաների հայրը՝ Գեղամ Շահինյանը, պատմեց, որ կռվի օրերին գնացել է կենտրոնական հավաքակայան, որպեսզի կամավորագրվի և մեկնի առաջնագիծ, տղաների հետ հայրենիքը պաշտապնելու, սակայն արգելել են․

«Ասացի՝ զույգ տղաներս Մարտակերտում են ծառայում, ուզում եմ ես էլ գնամ սահման, ես էլ իրենց հետ պահեմ մեր Արցախը։ Ասաց՝ չի՛ լինի, դու երրորդն ես արդեն, խնդրում ենք, գնա․․․․»։

Ռուբենը վերջին անգամ հոր հետ խոսել էր հոկտեմբերի 28-ին՝ զոհվելուց 2 օր առաջ, իմացել էր, որ հայրն ուզում է առաջնագիծ մեկնի, խնդրել էր մնալ տանը․

«Ասեց՝ պապ ջան, չգաս, մի արի, դու մեզ չես տենա, հանկարծ չգաս»։

Հերոսների հայրը պատմում է, որ երբ  գտել են որդիների մարմինները, նրանցից միայն մեկի՝ Արմենի գրպանում են անձնական իրեր եղել։ Մայրն էլ դրանք զգուշությամբ դասավորել է մի կտորի մեջ և դրել զինվորական համազգեստների վրա։

«Ռուբենիս իրերից ոչ մի բան չունենք, սա Արմենիս գրպանից ենք հանել։ Հեռախոսն է, սա սերժանտական վկայականն է, քանի որ ջոկի հրամանատար էր, ջոկի անձնակազմի տվյալներն են՝ անուն-ազգանուն, ծնողների բջջային համարներ․․․»։

Տղաներին հերոսաբար կռվելու համար միայն  Արցախի իշխանություններն են պարգևատրել՝ «Արիության» մեդալով և «Մարտական խաչ» 2 աստիճանի շքանշաններով։

«Մեր իշխանություններից՝ ոչ մի բան։ Արցախի նախագահն է ուղարկել շքանշանները»։

Ընտանիքը պատերազմից հետո պատահմամբ գտել է մի լուսանկար, որտեղ միայն Արմենն է․

«Պատահական ուրիշներից ենք վերցրել, էս մի նկարն է, Ռուբենս չկա, Արմենս է՝ ծերացած, ձեռքերն արյունոտ․․․»։

Տանը՝ Ռուբենի և Արմենի համար առանձնացված հատուկ մի անկյունում, շարունակում են նոր իրեր ավելանալ։ Տիկին Պայծառին ծննդյան օրը, ինչպես նաև մարտի 8-ին, եղբայրների անունից նրանց ավագ քույրը՝ Լիլիթն է անակնկալներ մատուցում:  Եղբայրներն էլ ոչ մի տոն բաց չէին թողնում ու միշտ սիրելի մորը ծաղիկներով ու նվերներով էին շնորհավորում։

Մանրամասները՝ տեսանյութում