Ուրբաթ, Դեկտեմբերի 27, 2024
Ուրբաթ, Դեկտեմբերի 27, 2024

Ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջեն. զոհված 19–ամյա Ռուսլան Թովմասյանը Շենավանից էր

Սեպտեմբերի 25, 2022

Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Ռուսլան Թովմասյանինն էր։

19–ամյա Ռուսլանը Արմավիրի մարզի Շենավան բնակավայրից էր։ NEWS.am–ի հետ զրույցում նրա հորաքրոջ տղան՝ Արսեն Հակոբյանը պատմեց, որ Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը  ու մի քանի օր անց՝ 2021 թվականի հուլիսին՝ զորակոչվել բանակ։ Ռուսլանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան։ 

«Ռուսլանը Ադրբեջանի  հարձակումից կես ժամ առաջ զանգել էր հորեղբոր տղայի ծնունդը շնորհավորել։ Ասել էր, որ ամեն ինչ լավ է։ Սա իր վերջին խոսակցությունն է եղել հարազատների հետ։ Ռուսլանը կռվել է թշնամու դեմ, հետո իրենց նահանջի հրաման է տրվել, նախ վիրավորներին տարհանել է, հետո զինվորներից մեկի հետ վերադարձել դիրք, կրակը վերցրել են իրենց վրա, որ մյուս զինվորները կարողանան նահանջեն, հաջողացրել են։  Հետո դիրքից իջել են համեմատաբար ավելի անվտանգ գոտի, իսկ որոշ ժամանակ անց էլ եւս երկու տղայի  հետ վերադարձել է հարեւան դիրք՝ օգնության ու շարունակել կռվել թշնամու դեմ։ Վաշտի հրամանատարը կապ է տվել, որ զինամթերք է պետք, չգիտեմ՝ կարողացել են զինամթերքն ապահովել, թե՝ ոչ, բայց իրենց չեն կարողացել մոտենալ, մինչեւ վերջին փամփուշտը կրակել են, վաշտի հրամանատարն էլ է զոհվել։ Եթե նորմալ ապաստարան ու բավարար քանակի զինամթերք լիներ, թշնամին իրենց չէր կարող հասնել»,– պատմեց Արսեն Հակոբյանը՝ հավելելով, որ Ռուսլանը զոհվել է Սեւ լճի տարածքում, հրազենային վիրավորումից։

Ռուսլանը ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ունի։

«Ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին, նախընտրեց իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Շատ համարձակ էր, հասուն, պատասխատանատու, չնայած մեր մեջ  տարիքային մեծ տարբերությանը, ես իր հետ կարող էի յուրաքանչյուր հարցով կիսվել։ Ընկերական մեծ շրջապատ ունի, բոլորի թիկունքին կանգնած էր,  ասպետ բառը իրեն շատ բնորոշ է։ Դպրոցում երբ միջոցառում էր լինում, գալիս էր համազգեստս վերցնում ու մեծ հպարտությամբ հագնում, ոնց որ էդ համազգեստն իրեն մեծ ուժ տար, շատ լավ կրակում էր նաեւ, սիրողական մակարդակում բոքսով էր զբաղվել»,– Ռուսլանի մասին ջերմ հիշողություններով՝ կիսվեց Արսենը։

«Համեստ, խելացի, կարգապահ, ժպտերես»,– NEWS.am-ի հետ զրույցում այսպես է հիշում 19–ամյա Ռուսլանին՝ դասղեկը՝ Շենավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը։

Ռուսլանի մասին դասղեկի հիշողությունները միայն դրականն են.

«Ռուսլանը լուսավոր անձնավորություն էր։ Աչքերը միշտ կախ էին, խոսելիս դեմքիդ չէր նայում, հայացքը միշտ ցած էր, բայց ժպիտը՝ դեմքին։ Հիմա երբ փորձում եմ Ռուսլանին հիշել, միայն ժպիտն եմ մտաբերում։ Երբեւէ անշորհքություն իրեն թույլ չէր տա, վատ պահվածք չէր դրսեւորի, մեծ ցավով եմ անցյալով խոսում Ռուսլանի մասին։ Մեծ ջանասիրությամբ պարապում էր, որ ընդունվեր համալսարան, ուզում էր ծրագրավորող դառնալ»։

Ռուսլան Թովմասյանին հուղարկավորել են սեպտեմբերի 24–ին, զինվորական կարգով, հայրենի Շենավան գյուղում։