Ուրբաթ, Դեկտեմբերի 27, 2024
Ուրբաթ, Դեկտեմբերի 27, 2024

Ինձ ասում են՝ պիտի ուժեղ լինես, որ իրա կյանքը շարունակվում ա չորս էրեխեքի մեջ, բայց ինձ համար մենակ ահավոր դժվար ա

Սեպտեմբերի 27, 2022

Չորս անչափահաս երեխաների մայր, 29-ամյա Ամալյա Խաչատրյանը ամուսնու զոհվելուց հետո մենակ է մնացել հոգսերի ու ծանր ապրումների մեջ։ Ասում է՝ մինչև պատերազմն ապրում էին անհոգ ու խաղաղ, իսկ հիմա պետք է կարողանա ուժերը հավաքել, որ երեխաներին մեծացնի, նրանց ապրուստը հոգա։

«Ահավոր ծանր ա, ես շատ վատ եմ։ Ես մինչև հիմա մտածում եմ, որ ինքը մի տեղից գալու ա… Որ իրան մեռած չեմ տեսել, դագաղը փակ ա եղել, հավատս չի գալիս։ 

Մտածում եմ՝ առանց իրա ոնց եմ չորս էրեխուն մեծացնելու, իմ պապան էլ ա շուտ մահացել, հիմա նույն բանը իմ երեխեքի հետ էղավ… Վախենում եմ, թե ոնց եմ հաղթահարելու էս ամեն ինչը»,- հուզմունքով ասում է մայրը:

Ամալյայի ամուսինը՝ 29-ամյա պայմանագրային զինծառայող Սերոբ Գասպարյանը, պատերազմի առաջին իսկ օրից մեկնել է առաջնագիծ։ Ընկել է հոկտեմբերի 16-ին։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

Ընտանիքը Սերոբ Գասպարյանի հետ վերջին անգամ կապ է հաստատել հոկտեմբերի 13-ին, որից հետո զանգերն անպատասխան են մնացել։

«Մինչև պատերազմը ինքը գործի էր, հետո հասել ա տուն, էլի զանգել-կանչել են, գնացել ա: Ասել են՝ բան չկա, ապահովության համար են կանչում, հետո նորից են զանգել-կանչել, սեպտեմբերի 27-ին գնացել ա, 28-ի առավոտ տարել են դիրքեր։

Վերջին անգամ որ խոսեցինք, հոկտեմբերի 13-ին էր: Հարցրեց՝ ի՞նչ եք անում, ո՞նց եք, էրեխեքին լավ կնայես։ Դրանից հետո ես զանգեցի, չպատասխանեց։ Հետո զանգեցի իրանց կամանդիրին, ասեց, որ զոհվել ա»,- պատմում է կինը։

Ասում է՝ ամուսնու զոհվելու հետ կապված տարբեր բաներ են պատմում, մինչև այսօր էլ ստույգ չգիտեն՝ մեքենայում է եղել, մեքենա՞ն են խփել, թե՞ վիրավոր է եղել ու վիրավոր ընկել շրջափակման մեջ։

«Սկզբում ասեցին՝ ավտոյի մեջ ա եղել, ավտոն տրաքել ա, հետո ասեցին՝ վիրավոր ա… Սկսեցինք հիվանդանոցներում ման գալ, չէինք գտնում։ Մեզ համար տենց էլ հանելուկ ա մնացել, մենք մինչև հիմա էլ ճիշտը չգիտենք, մեզ հետո ասեցին՝ վիրավոր ա եղել, ու իրան թողել են։ Իրան Ֆիզուլի-Ջաբրայիլի կողմերից են գտել, 2 ամիս հետո»,- ասում է Ամալյան։

Կինը պատմում է, որ Գոռը հոգատար ամուսին էր և հայր։ Ասում է, որ երբ երեք աղջիկներից հետո չորրորդը տղա է ծնվել, ուրախությունից 7 օր հրավառություն է կազմակերպել։

«Երեխեն 9 ամսական էր, որ իրա պապան գնաց կռիվ ու չեկավ»,- սրտնեղած ասում է Ամալյան ու ընդգծում՝ առանց ամուսնու կյանքի գույները խամրել են:

«Ինքը որպես հայր շատ լավն էր, իրա նման հայր երևի չի եղել, ինքը իրա էրեխեքի համար ամեն ինչ արել ա, իրանց ուզածը արել ա: Որպես ամուսին իմ հետ շատ լավ ա եղել, ամեն ինչ ստեղծում էր, որ մեզ համար լավ լիներ, շատ ընկերասեր էր ու հայրենասեր, ու կյանքն էլ տվեց հանուն հայրենիքի»,- ասում է կինը։

Ամալյան ասում է՝ մտքով ամեն օր ամուսնու հետ է, հիշում է համատեղ ապրած տարիները: «Ու միշտ եմ հիշելու, փորձում եմ երեխեքիս միջոցով կարոտն անցկացնեմ։ Թեպետ ինձ ասում են՝ պիտի ուժեղ լինես, իրա կյանքը շարունակվում է չորս էրեխեքի մեջ, ամեն ինչ դեռ առջևում ա, բայց ինձ համար մենակ ահավոր դժվար ա։ Շատ ծանր ա, դոմիկում ենք ապրում, տուն չունենք, Արցախում էլ, եթե տուն տան, երեխեքին ո՞նց վերցնեմ, գնամ, արդեն վախենում ենք»,- հուզվում է Ամալյան։

Ամալյա Խաչատրյանը՝ երկու դուստրերի հետ

MediaLab.am