Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Տողի առյուծը

Սեպտեմբերի 27, 2022

Առյուծի ուժ ունեցող հանրահայտ տղան՝ Արմենչոն, արցախյան պայքարի ընթացքում դիրքորոշման խնդիր չունեցավ, որովհետեւ որդին էր Լենո Գասպարյանի՝ Արցախի խիզախի, ով անհավասար պայքարի մեջ էր մտել ամբողջատիրության դեմ՝ ի խնդիր Հայրենիքի հետ Արցախի վերամիավորման: Իր հիշատակ-պատգամի մեջ, դիմելով թոռներին, Լենոն գրում է. «Արցախը Հայաստանին միացնելն անպայման կլինի, հնարավոր չէ հայ ազգին ծնկի բերել, առանձնապես արցախցուն, որ մշտական կռվի մեջ է եղել եւ մեծ պատմություն ունի այս հողի վրա»:

Հոր ցանած սերմը պարարտ հողի մեջ էր ընկել: Արմենը Արցախում պայքարի առաջամարտիկներից էր: Տողի նշանավոր գործողության ժամանակ հրամանատարությունը հապաղում էր գործողությունը սկսել: Զգուշանում էր շատ զոհեր տալուց, որովհետեւ փողոցային մարտեր պիտի լինեին: Արմենչոն ամեն կերպ հորդորում ու երաշխիք էր տալիս, որ գործողությունն առանց զոհի է ավարտվելու: Այնուհետեւ տղաները հրամանատարին պարզապես «ստիպեցին» սկսել գործողությունը:

Շատ է գրվել այդ փայլուն գործողության մասին: Կարեւոր է այս պարագային հրամանատարի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի, կարծիքն իրեն «նեղը գցող» տղաներից մեկի՝ Արմենչոյի, մասին. «Արմենը քաջարի եւ անվեհեր մարտիկ էր, բազմիցս է թշնամու թիկունքում գործողություններ իրականացրել: Ամեն իրավիճակում նա կարողանում էր հիանալի կողմնորոշվել, ուստի նրան անվանում էին Միայնակ Գայլ: Այնուհետեւ նա հասկացավ, որ «մենակը մարտադաշտում մարտիկ չէ»: Մտավ ջոկատ: 5-7 հոգով թիկունքում գործողություն էին կատարում եւ գալիս՝ հեռբից նայում էին, թե թշնամին ինչ կերպ է մեկնաբանելու այդ գործողությունը: Չափազանց համարձակ էր: Զինվորները համոզված էին, որ Արմենի ներկայությամբ հնարավոր չէ պարտվել»:

Կարճ ժամանակ անց, երբ կազմավորվեց պետական բանակը, Արմենչոն դարձավ Տողի գումարտակի հրամանատարը: Վիգենի հետ նրանք մտերիմ ընկերներ էին, շատ հզոր էին միասին: Գաղափարակից էին եւ նույն կազմակերպության անդամ:

Արմենչոն իր խիզախությամբ շատ կռիվներ է զարդարել եւ հաջողության պայման դարձել: Միայն Խծաբերդի տարածքում գտնվող Թոփաղաճ բարձունքի գրավումը բավական է, որ նրա անունն առհավետ մնա արցախյան պատերազմի փառագրքում: Այդ մարտում /1992 թվականի հոկտեմբեր/ Արմենը վիրավորվում է, բայց մարտադաշտը չի թողնում, թեեւ վնասվել էր ձեռքը եւ այլեւս կրակել չէր կարող, սակայն նա օգտագործում է ձեռնառումբերը:

freedomsoldiers.wordpress.com