Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ալբերտ Ալավերդյան /Աբո/

Սեպտեմբերի 26, 2022

Աբոն, Պետոն, Կարոտը կարծես նույն ընտանիքի, նույն մոր կաթը կերած լինեին:
Հրազդանի Արարատ

Քիշմիրյան Վարդանը մի օր ինձ նախատեց, երբ կարդաց հոդվածս գումարտակի ազատամարտիկներից մեկի մասին: «Եթե էս մարդու մասին էսքան լավ բաներ ես գրել, բա Աբոյի մասին ի՞նչ ես գրելու»:

Ամեն ազատամարտիկ իր առինքնող ուժն ունի:

Ըստ կարգավիճակի Աբոն բարձր էր շատ, որովհետեւ կամ Պետոն էր դիրքի պատասխանատու լինում, կամ Աբոն, Հրազդանի Աբոն՝ Շուշիի առանձնակի գումարտակի վարչապետը:

Ռուբոն, Մհերը Սմբոյի հետ վերազարթոնքի շարժումներին են մասնակցել եւ զինվոր են դարձել ՀԱԲ-ում: Շուտով այդ կառույցը կազմալուծվում է, եւ տղաներն անդամագրվում են ՀՅԴ-ին: Բոլորի մեծը «աֆղանցի» Արարատն էր: Այդ ժամանակ կոմիտեները կռվելու պատրաստ դաշնակցականներ էին հավաքագրում, եւ տղաները ներկայացան Արարատին:

Երեքով գնացին՝ Արարատը, Աբոն, Ռուբոն: Պռոշյանից Կարոտն էր, Պետոն, Հրաչը, Վարդգեսը, Արմենը, Բաղրամյանից՝ Ռոմիկը, Թոթոսը, Մանվելը: Պավլիկն էր Ապարանից, քիչ անց Մուրադը եկավ: Թալինցիներն էին: 

Image

Ջոկատն այդպես ստեղծվեց: Դաշնակցությունը տարբեր տեղերից մարդկանց բերեց, զոդեց, միացրեց իրար, դարձան մեկ հավաքական ուժ: Այդ օրերին ազգային ոգին շատ հզոր էր, հույսը մեծ, հավատը՝ խոր եւ ճշմարիտ: Էլի են լինելու նման օրեր:

Նախքան պատերազմը Աբոն գիտեր ազգի պատմությունը: Եւ երբ սկսվեց ազգի համաժողովրդական անհանգիստ ալիքումը, Աբոն առաջիններից էր: Կռվին առաջին անգամ մասնակցողները զգում էին նրա ընդունակությունները եւ գաղափարի առկայությունը: Որոշ ժամանակ անց Աբոյին վստահեցին հրամանատարությունը, եւ դա բոլորի սրտով եղավ:

Ալբերտը ծնվել է Քարհատի (թուրքերեն՝ Դաշքեսան) Զագլիկ (Փիպ) գյուղում, 1963 թվականի սեպտեմբերի 16-ին: 3-4 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Հրազդան: Ամուսնացած էր, ուներ երեխաներ, սակայն ընտանիքը միշտ հանրակացարանում էր ապրում, միայն վերջերս էին բնակարան ստացել:

Նա ժամանակ չուներ այդ հարցով զբաղվելու, ինչպես եւ գումարտակի մնացյալ տղաները. ո՞վ է իր ընտանիքի անձնական հարցերով զբաղվել:

Աբոն պարզորոշ գիտեր, թե ով է իր զինվորներից տվյալ օրն ի վիճակի կռվելու: Ասում էր. «Էսօր դու վատ կանխազգացում ունես, դու տեղ չես գնա»: Զինվորը վախի մասին չէր արտահայտվում, սակայն Աբոյի ներըմբռնումը, անմիջական իմացական կարողությունը մեծ էր: Աբոն զինվորի հոգին կարդում էր, ինչպես բաց գիրք:

Երասխավանից է իր կռիվների սկիզբը դրել: Բայց ինքն արդեն իր զենքը վաղուց ուներ, հմուտ մասնագետ էր եւ ինքն էր պատրաստել:

Աբոն միանգամից մարսվող կերպար չէր: Ռազմական գործի մեջ նա ընկեր չէր ճանաչում, ռազմական հմուտ մանկավարժ էր, աշխատում էր մարդկանց բնավորությունը կոփել, կամքը կռել եւ նրա ասածին առարկել կամ չհամաձայնել չէր լինում, որովհետեւ միաժամանակ անչափ հոգատար էր իր զինվորների նկատմամբ: Հրազդանցի Անդրանիկ Ափոյանի խոսքով՝ Աբոն մարտադաշտը պատկերացնում էր այնպես, ինչպես մարզական մեկնաբանը՝ մարզադաշտը: Ամեն մի փամփուշտ գիտեր տեղին օգտագործել:

Տեղանքում կողմնորոշվում էր ինչպես իր տան մեջ: Ճանաչում էր բնությունը եւ սիրում էր իր այգու նման: Ռազմավարական առումով ուներ մեծ ձիրք:

Ընտանիքի մեջ էլ շատ բարձր էր, հիանալի հայր էր: Նրա համար ընտանիքը սրբություն էր: Աբոն մի որդի ունի, մի դուստր: Երբ Աբոն զոհվեց, կինն իրեն չկորցրեց, որովհետեւ ամուսինն էր պատգամել՝ միշտ լինել ոգու բարձրության վրա: Ասել էր՝ քեզ կտիրապետես:

Նա զոհվեց 1994 թվականի հունվարի 10-ին, Ֆիզուլիի մերձակա գյուղերից Կարախանբեյլիի մոտ: Ալեքսան Պողոսյանի վկայությամբ՝ Աբոն սկզբում վիրավորվեց, եւ ոտքերը կտրված վիճակում ասում էր. «Տղերք, մի՛ փախեք»: Ավտոմատը բռնած կրակում էր: Հետո զինբուժարանում, գրեթե արյունաքամ վիճակում նայեց, տեսավ վիրավորները շատ են, ասաց. «Դիրքերը հո չե՞ք տվել: Պահե՛ք, դիրքերը լա՛վ պահեք»: Սրանք էին Աբոյի վերջին խոսքերը եւ մեկ էլ. «Զենքս էսինչ մարդու մոտ է»:

Մեծ հեղինակություն էր, սիրված ընկեր, ազդեցիկ եւ առաքինի Ալբերտ Ալավերդյանը՝ Հրազդանի Աբոն: Հրազդանի Չարենցավանի, Աբովյանի, Սեւանի ավազանի ջոկատների պատասխանատուն, իդեալ զինվորի անուն շահած մարդը, զինվորական գործի գաղափարական, կազմակերպական եւ հոգեբանական կողմերի գիտակը:

Երբ մտապատկերիդ մեջ են Ալբերտները, ուզում ես Հրազդանի Արարատի հանգույն ասել. «Երնեկ մեր ազգին, որ Աբոյի նման զավակներ է ունեցել»: Եթե ունեցել է, ուրեմն էլի կունենա:

«ԱԼԻՔ», թիվ 265, 6 դեկտեմբերի, 1997

freedomsoldiers.wordpress.com