Նա նվիրված էր բոլորին
Խաչատրյան Ջիվան Ռոբերտի․ ծնվել է 1994 թ․ ապրիլի 26-ին Ագարակ քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ագարակ քաղաքի միջնակարգ դպրոցում։ Ամուսնացած էր՝ ունի մեկ որդի։
Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ, ծառայել է Արա լեռան զորամասում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը՝ սովորել եւ ավարտել է Մեղրիի պետական քոլեջի բեռնափոխադրումների կառավարում բաժինը։
Աշխատում էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ բեռնատարի (Բելազ) վարորդ։
2019 թ․ հուլիսի 1-ին ամուսնացել է։
Ջիվանի մասին զրուցում ենք մանկության ընկերոջ՝ Արայիկի հետ, «Ջիվանին բնութագրելու համար պիտի առանձնացնեմ նրա ամենատարբերվող հատկությունը՝ նվիրվածությունը, նա նվիրված էր բոլորին, կարող էր ինքն իրեն վնասել, բայց այնպես անել, որ իր հետ գործ ունեցող մարդիկ վնաս չկրեն։ Նա ոչ մեկին չէր ասել, որ մեր (Մեղրիի) դիրքերից տեղափոխվել է Արցախ։ Ես մի քանի օր նրան փնտրելուց հետո միայն հասկացա, որ Արցախում է։ Մի առանձնահատկություն էլ ուներ՝ նրա ներկայությամբ պիտի ամեն ինչ լավ լիներ, որեւէ լարվածություն, անհամաձայնություն, վեճ նրա ներկայությամբ բացառված էր։ Կարողանում էր իր խոսքով մեզ կտրել առօրյայից, նրա հետ հոգսերը մոռանում էինք։ Ասել, որ ափսոսում կամ ցավում ենք, նշանակում է՝ ոչինչ չասել, մեր ցավը շատ մեծ է, նրա հիշատակը միշտ վառ է մնալու մեր սրտերում․․․»։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց։ Ջիվանի որդին 17 օրական էր, Ջիվանը սյունեցի էր, իսկ սյունեցին իր տան պաշտպանությունն ուրիշին չի թողնում․ նա եւս միացավ Ագարակի մերձակա դիրքերը հսկող տղաներին։ Արցախում դրությունն օրհասական էր․ հոկտեմբերի 5-ին Ջիվանը կամավոր միանում է Արցախ մեկնող խմբին։
Հոկտեմբերի 11-ին թշնամու անօդաչուի հարվածից զոհվում է Ջիվանը՝ այրիանում է մի երիտասարդ հայուհի, փլվում է հայոց մի օջախ եւս․ մի մանուկ կրելու է հերոսի անունը որպես հայրանուն, բայց հայրական գրկի մասին միայն մի քանի լուսանկար են պատմելու, որոնցում ինքը հոր ափի չափ է․․․