Ասացին՝ ԴՆԹ համընկում է եղել, բայց մի հոգու հետ էլ է համընկել, ամուսինս հարցրեց՝ ու՞մ հետ…. զոհված հերոսի մոր պատմությունը
Կարապետ Միրաքյանը 2020 թ.-ի հունվարին էր զորակոչվել բանակ: 6 ամիս ծառայել է Գյումրիի հակատանկային գումարտակում։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո տեղափոխվել է Արցախի Մարտունի- 2, ծառայությունը շարունակել որպես հակատանկային դասակի հաշվարկի հրամանատար։
«Երբ Գյումրիում էր ծառայում, ասում էր՝ մամ, ես երազում եմ, երբ պիտի անցնի էս վեց ամիսը, որ գնամ Արցախ: Կարապետը չէր տեսել Արցախը, բայց շատ էր ուզում այնտեղ ծառայել: Ասում էր՝ մենք Մոնթեի ազատագրած դիրքն ենք պահում, էստեղ թուրքը ոչ մի անգամ չի մտել: Արագ հարմարվեց ծառայությանը, գոհ էր ծառայությունից, չեմ հիշում մի օր, որ մեզ նեղություն տված լինի:
Մենք սեպտեմբերի 26-ին գնացել էինք Արցախ, որ Կարապետիս տեսնենք, մեզ 10 րոպեով թույլատրեցին, ես Կարապետի հայացքն եմ հիշում, երեւի տղաներն ամեն ինչ գիտեին:
Պատերազմի օրերին ամեն զանգելուց ասում էր՝ մեզ մոտ ամեն ինչ հանգիստ է, գնում եմ քնելու, հեռախոսն անջատում եմ: Միայն մի անգամ ասաց՝ մամ, չեմ կարող լողանալ, ասացի՝ ոչինչ ցավդ տանեմ, շորերդ փոխի: Հարցրի՝ ունե՞ք ինչ-որ բանի կարիք, ասաց՝ չէ մամ, ոչ մի բանի կարիք չունենք, ամեն ինչ նորմալ է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Կարապետ Միրաքյանի մայրը՝ Ինա Հակոբյանը:
«Ես ռեանիմացիայի բաժանմունքի ավագ բուժքույր եմ, պատերազմի օրերին տուն չէի գնում. զինվորներին ուղղաթիռով տեղափոխում էին հիվանդանոց, վիրահատարանները ծանրաբեռնված էին, պատերազմի ամբողջ թոհ ու բոհն իմ աչքի առաջ էր, բայց Կարապետս զանգում, ասում էր՝ մամ ջան, մեր մոտ ամեն ինչ հանգիստ է… մինչեւ հոկտեմբերի 22-ը համոզում էր, որ անհանգստանալու ոչինչ չկա: Հոկտեմբերի 22-ին զանգեց, բայց էլի չասաց, որ այդ օրն իրենց տանելու են Վարանդայի մարտական դիրքեր»,- շարունակում է հերոսի մայրը:
Հոկտեմբերի 23-ին հակատանկային դասակը, որի կազմում էր Կարապետը, առաջադրանք է ստանում մտնել Վարանդա: Զոհվել է 6 ընկերների հետ միասին՝ Վարանդայի ճանապարհին մարտական խնդիրը կատարելիս:
Կարապետ Միրաքյանի մարմինը հարազատներին փոխանցվել է ամիսներ անց. մինչեւ ԴՆԹ թեստի արդյունքը, ստացված տեղեկություններն իրարամերժ ու հակասական են եղել:
«Մենք սպասում էինք, բայց ես զգում էի, որ իմ տղան չկա, որովհետեւ իմ տղան էնքան ճարպիկ էր, որ ոնց էլ լիներ կզանգեր ինձ:
Ասում էին՝ գորիսեցի սպիտակամորթ սերժանտին էս ինչ դիրքում ենք տեսել, մենք էլ գնում էինք, հետո էն մյուսն ասում էր՝ էն դիրքում ենք տեսել:
ԴՆԹ թեստով երեք մարմին հայտնաբերվեց ու դրանից հետո ոչ մի բան…ամուսինս ասում էր՝ դու պատրաստ եղիր նաեւ նրան, որ մենք Կարապետին չենք գտնելու:
Ես էլ գնացի ԴՆԹ հանձնելու…գնացի հանձնեցի, բայց չասացի, որ ամուսինս էլ է հանձնել: Ամուսինս միացավ նաեւ որոնողական աշխատանքներին ու էլի չկարողացանք գտնել տղայիս: Կարապետիս ընկերները գտնվեցին, բայց Կարապետս չկար: Ամբողջ օրը Երեւան-Արցախ, Երեւան-Արցախ… մարտի 22-ին կիրակի օր էր, մեր հեռախոսին զանգ եկավ, ասացին, որ ԴՆԹ համընկում է եղել, բայց մի հոգու հետ էլ է համընկել, ամուսինս հարցրեց ու՞մ հետ, ասացին՝Հակոբյան Ինա: Ամուսինս ասաց՝ մեր երեխան է… իմ տղեն չէր կարող փախնել, նա ընկերոջը մենակ չէր թողնի»,- պատմում է Ինա Հակոբյանը:
Կարապետ Շավարշի Միրաքյանը ծնվել է 2001 թ.-ի սեպտեմբերի 20-ին Գորիս քաղաքում: Սովորել է Գորիսի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո 2019 թ.-ին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ մեխանիկայի բաժինը։
Բանակ է զորակոչվել 2020թ.-ի հունվարի 8-ին, պատերազմի առաջին իսկ օրից մարտնչել է ամենաթեժ հատվածներում, զոհվել է հոկտեմբերի 23-ին Վարանդայի ճանապարհին՝ մարտական խնդիրը կատարելիս: