Շտապ օգնության մեքենայի վարորդը չի համարձակվում վիրավորներին տեղափոխել հոսպիտալ. վախենում է, որ թշնամին կխոցի այն, ու այդ ժամանակ Հուսիկը…
Արամ Գևորգյանը գրում է. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Հովակիմյան Հուսիկը Ջրականում (Ջեբրայիլում) ժամկետային զինծառայող էր։ Այդ օրերին արկն ընկել է նրա ու վառելիքի բաքի արանքում ու հրաշքով չէր պայ թել։ Հուսիկը միշտ հիշում էր այդ դեպքն ու ասում, որ Աստված իրեն փրկել է։
Նրա զորացրվելուց 4 տարի անց կրկին պատերազմ սկսվեց, ու այս անգամ, առանց վարանելու գնաց ու կամավորագրեց, անգամ ստիպեց, որ իրեն տանեն պատերազմ։ Քույրերը շատ էին խնդրել, որ սպասի, մինչև կանչեն, բայց հակադարձել էր. «Որ Ապրիլյանի օրերին կամավորները էկան եւ կանգնեցին մեր կողքին, գիտես ո՜նց էինք ուրախացել։ Պիտի գայի ու կանգնեի էս տղերքի կողքին, պիտի գայի»։ Սկզբում Հուսիկին ուղարկում են իրեն արդեն ծանոթ Ջրական, այնուհետև՝ Հադրութ՝ «Թութակ» կոչվող բարձունք։ Հենց այստեղ է, որ տեղի է ունենում անդառնալին։
«Շտապ օգնության» մեքենայի վարորդը չի համարձակվում վիրավորներին տեղափոխել Մարտունու հոսպիտալ, քանի որ վախենում է, որ թշնամին կխոցի այն։ Իսկ արնաքամ լինող զինվորները երկար սպասել չէին կարող։ Հուսիկը երկար չի մտածում, և վտանգի ու սեփական կյանքը փրկելու մեջ ընտրում է առաջինը։
Վերցնում է «Շտապ օգնության» մեքենա, 3 վիրավորի տեղափոխում մեքենայի մեջ, նստում ղեկին, որպեսզի նրանց հասցնի հոսպիտալ։ Բայց ավաղ, այդպես էլ տեղ չի հասնում.. 1 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 21-ին, վիրավորներ տեղափոխող «Շտապ օգնության» մեքենան հայտնվում է թշնամու շրջափակման մեջ։
Հուսիկը մինչև վերջին շունչը պայքարում է վիրավորների կյանքի համար, բայց ցավոք 4-ն էլ զոհվում են…
3 ամից անց միայն, ԴՆԹ եռակի փորձագիտության արդյունքներով Հուսիկի մասունքները հանձնում են հարազատներին։ Հիշատակդ վառ, քաջ տղա, խունկ ու խոնարհում հիշատակիդ։ Հուսիկը 24 տարեկան էր։