Ուրուրն էկավ, իմ բալեքին տարավ, քոռանամ ես. 70-ամյա Անահիտը Ավանեսյանը պատերազմի հետևանքով կորցրել է երկու թոռանը
70-ամյա Անահիտ Ավանեսյանը Արցախյան պատերազմի հետևանքով երկու թոռանն է կորցրել։ Դեռ չէր կարողացել ուշքի գալ 19-ամյա Էմիլ Ադամյանի զոհվելու լուրն իմանալուց, երբ ստացավ երկրորդ թոռան՝ 20-ամյա Նարեկ Ադամյանի մահվան բոթը։ Ավանեսյանի երկու թոռներն էլ ժամկետային զինծառայողներ են եղել։
«Էմիլս փոքր տղայիս տղան ա, Նարեկս՝ մեծ տղայիս։ Նարեկս մեծ տղայիս մինուճարն էր, տղես էլ ինֆարկտից մահացել էր, թոռս էլ գնաց»,- կսկիծով ասում է տատը։
Լուսանկարում՝ ձախից Նարեկ Ադամյանը, աջից՝ Էմիլ Ադամյանը։
Ճերմակ մազերով, բարի հայացքով 70-ամյա Անահիտը թոռների մասին առանց հուզվելու պատմել չի կարողանում. ցավը խեղդում է, աչքերը լցվում են արցունքներով, սփոփանքի որևէ խոսք անզոր է մխիթարել 70-ամյա կնոջը։
Էմիլի ծառայությունն անցել է Մարտակերտում: Մինչև բանակ զորակոչվելը ապրել է Ռուսաստանում, դպրոցն ավարտելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան՝ զինվորական ծառայության անցնելու։ Զորակոչվելուց առաջ ավտոէլեկտրիկի մոտ դասերի է գնացել՝ ստացած գիտելիքները բանակում օգտագործելու համար։ Թոռան մասին տատն ասում է՝ գեղեցիկ էր, ժպտադեմ, և շտապով ավելացնում՝ շատ հայրենասեր էր։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Էմիլը մահացել է անօդաչու թռչող սարքի հարվածից․ «Իրանք 43 հոգի նստած են էղել, որ հանգստանան, անօդաչուն ընկել ա, 43 հոգին էլ ընկել են, Էմիլիս սրտի մեջ ա մտել ասկոլկան, տեղում մահացել ա։
Որ իմացանք Էմիլիս մասին, ես արդեն չկայի, իրա մաման Ռուսաստանից թե ոնց էկավ, գիշերով հասավ… տեսավ՝ իրա բալեն արդեն չկա։ Էմիլիս պապան էլ նենց ա ծերացել, ատամները ներվերից թափվել են, մի հատ ատամ չունի բերանը, ինքը չէր կարող գալ, միայն մերն էկավ»,- պատմում է Անահիտը։
Էմիլ Ադամյանի զոհվելուց երկու օր անց վիրավորում է ստանում մյուս թոռը՝ 20-ամյա Նարեկ Ադամյանը։ Ծանր վիճակում Նարեկին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ 40 օր կյանքի համար կռիվ մղելուց հետո Նարեկի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, և Ադամյանները կորցնում են երկրորդ որդուն։
«Մենք սպասում էինք՝ վայ, Նարեկս հեսա կգա: է՜հ, ինչ գալ, հողն էկավ իմ գլխին, էրկու-էրկու գնացին,- արցունքների միջից ասում է տատը ու շարունակում,- ընդամենը երեք թոռ ունեի, մնաց մեկս, էն մեկն էլ ահավոր վիճակում էր՝ ոնց էր գոռում, լացում էրկու ախպերների համար»։
Նարեկը սովորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Տատն ասում է՝ քչախոս էր, շատ մեծ սիրտ ուներ։ Ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ) և պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ պայքարելիս ծանր վիրավորում ստացել․ «Գրադ ա, թե ինչ ա՝ ընկել ա, ասկոլկեն ծակել, մտել էր ողնաշարի մեջ… Բժիշկները 40 օր բուժում արեցին, բայց՝ ապարդյուն»,- ասում է Անահիտ Ավանեսյանը։
Նարեկի մայրը՝ 44-ամյա Լուսինե Խաչատրյանը, ասում է՝ տղան գիտակցություն ուներ, բոլորին հիշում էր ու խոսում, բայց վիրավորումը անհամատեղելի եղավ կյանքի հետ․ «Իրեն որ բերեցին, անդամահատված տեղ չուներ, ողնուղեղային նյարդն էր կտրվել, ու անշարժ պառկեց։ Սկզբում խոսում էր, հետո պրոպկա դրեցին կոկորդին՝ դեպի կերակրափող, էլ չէր կարողանում խոսել։ Ասկոլկեն մեկը կտրել էր նյարդը, դուրս էր էկել, մեկն էլ հեռացված չէր»։
Լուսինեն նշում է, որ ընտանիքում բոլորը մշտապես հույսով սպասում էին, որ Նարեկը կապաքինվի, թեպետ սրտի կանգ էր նկատվում տղայի մոտ, բայց չէին ուզում հավատալ, որ Նարեկին էլ կկորցնեն։ «Սենց բան չէինք սպասում, չէինք ուզում հավատալ։ 180 աստիճանով փոխվեց մեր կյանքը։ Օրը մի կերպ մթնացնում ենք: Ես էս ապրել չեմ համարում»,- ասում է որդեկորույս մայրը։
Էմիլն ու Նարեկը, որ փոքր հասակից մտերիմ էին ու սիրով լի եղբայրներ, պատերազմում զոհվում են մեկ ամսվա հաջորդականությամբ՝ այդպես էլ միմյանցից որևէ տեղեկություն չունենալով: «Մեկը մյուսի մասին տենց էլ չիմացան։ Ճակատագիր էր, փորձություն էր, ինչ էր՝ ես դեռ չեմ գիտակցում, պահի տակ դեռ սպասում եմ, սպասողական վիճակ ա»,- արտասվելով ասում է Լուսինեն։
Էմիլն ու Նարեկը՝ մանության տարիներին։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։
Անահիտ Ավանեսյանը թոռներին առանձնահատուկ ջերմությամբ է հիշում, ասում է՝ լսող էին, շատ հոգատար, ուշադիր։ Արցունքախառն աչքերում թույլ ժպիտ է նշմարվում, երբ հիշում է, որ գյուղ էր գնացել, թոռներին տանը մենակ թողել, եկել-տեսել էր՝ տղաները ճաշ են պատրաստել ու ուզում են տատին հյուրասիրել․ «Ոսպով ճաշ էին արել, քոռանամ ես։ Շատ ջիգյարով էին, իրար շատ էին սիրում ու շատ լավ էին իրար հետ»։
Ադամյանների ընտանիքում երիտասարդ տղաների ողբերգական մահը խոր հետքեր է թողել, մայրերը, տատը ոչ մի կերպ սփոփանք չեն գտնում, բայց ճակատագրի հետ հաշտվել ևս չեն կարողանում։
«Ես ինսուլտ տարա, հարսս՝ օպերացիա։ Անհնար ա սփոփվել, ամեն րոպե իմ ուղեղի մեջ ա, ամեն քայլափոխին ասում եմ՝ վա՜յ, Էմիլս, վա՜յ, Նարեկս։ Առավոտ բարլուսին ասում եմ՝ բարլուս, Էմի՛լ ջան, բարլուս, Նարե՛կ ջան, նստում, լացում եմ։ Ասում եմ՝ է՛հ, երեխեք ջան, ուրուրն եկավ, իմ բալեքին տարավ, քոռանամ ես»։
Մանրամասները՝ տեսանյութում