Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024

Ադրբեջանցիները նույն վախկոտներն են, եթե զենք ունենանք՝ մինչև Բաքու էլ կգնանք․ Մանվել Խաչատրյանը զոհվել է Ջերմուկի դիրքերում՝ ԱԹՍ-ի հարվածից

Հոկտեմբերի 06, 2022

Սեպտեմբերի 13-ին թշնամի պետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհվել է «Վարդանանք» ջոկատի հրամանատար Մանվել Խաչատրյանը՝ Ճուտը։

Մանվել Խաչատրյանը Երևանից էր, 47 տարեկան, 2 երեխայի հայր։ Որպես կամավոր՝ մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, ապա՝ 2016 թվականի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։

Խաչատրյանի դուստրը՝ Ռուզաննան, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը` լսելով թշնամու հարձակման մասին, ջոկատը մարտական պատրաստության էր բերվել և շտապել առաջնագիծ․

«Առավոտ շուտ՝ մոտավորապես ժամը 5-ի կողմերը շարժվել են Ջերմուկ, նույն օրը երեկոյան ժամերին ջոկատի 8 անդամները, այդ թվում` հայրս, ԱԹՍ-ի հարվածից զոհվել են։ Պապան դիրքեր գնալուց միշտ հաջող էր անում մեզ, եթե անգամ քնած լինեինք, միշտ համբուրում, հաջող էր անում՝ նոր գնում, այս անգամ ոչ մեկիս հաջող չարեց, միայն, թե՝ 1 վայրկյան շուտ հասնեին Ջերմուկի դիրքեր․․․»։

Ռուզաննան պատմեց, որ «Վարդանանք» ջոկատը ձևավորվել է 90-ականներին, բայց հայրը միայն հրամանատարի մահից հետո է ջոկատի անդամների կողմից ընտրվել հրամանատար․

«Հրամանատարի մահից հետո ջոկատի անդամները որոշել են, որ հայրս պետք է լինի հրամանատարը, էդպես փոխանցվել է իրեն։ Հայրս 90-ականներին ՀԱԲ ջոկատում է կռվել՝ Հայոց ազգային բանակում։ 90-ականներին Լաչինի շրջանում են կռվել, Շուշիում, Մարտակերտում, գրեթե բոլոր տեղերում եղել են։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Հադրութում, Ֆիզուլիում են կռվել, ոչ մի զոհ չեն ունեցել, մի քանի վիրավորներով վերադարձել էին։ Հայրս ասում էր՝ 44-օրյա պատերազմը տարբերվել է 90-ականների պատերազմից զուտ զենքի առումով, թե չէ՝ նույն վախկոտներն էին, ասում էր՝ եթե զենք ունենաք՝ մինչև Բաքու էլ կգնանք․․․»։

 

Ռուզաննան պատմում է՝ հայրն անբացատրելի զգացմունք ուներ հայրենիքի նկատմամբ, և, որ ջոկատը մեծ ոգևորությամբ էր մասնակցում նաև եռամսյա հավաքներին․

«Այս ընթացքում արդեն 2 անգամ հասցրել էր մասնակցել եռամսյա հավաքներին, մեկը՝ նախորդ տարի օգոստոս-նոյեմբեր ամիսներին, մյուսը՝ այս տարի ապրիլ-հուլիս ամիսներին։

Պապաս շատ բարի էր, 33 տարի հայրենի հողի համար պայքարեց, չեմ կարող բնութագրել նրան, դժվար է շատ․․․ Հիշում եմ, որ ամենադժվար պահին միշտ զանգում էր, ասում՝ բալես, մի հատ վիդեոն միացրու, քեզ տենամ։

Միշտ ասում էր՝ որ գնամ, իմ ոտքով հետ եմ գալու, ինձ չեն բերելու։ Ասում էր՝ ես ծնվել եմ էս գործի համար, իմ մահը ուրիշ ոչ մի ձև չեմ տեսնում, եթե ես մեռնեմ, մենակ մի ձև կարող է դա լինել՝ իմ հողի վրա, իմ ֆորմայով ու զենքը ձեռքիս, ուրիշ ոչ մի ձև․․․»։

Դեպքի մասին հարազատներն իմացել են զոհվելու հաջորդ օրը՝ սեպտեմբերի 14-ին։ Մանվել Խաչատրյանի և մարտական 2 ընկերների՝ Աշոտ Մուրադյանի և Սերոբ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նույն օրը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։