Ոգեկոչման ցերեկույթ կրթօջախում
Կապանի տարածաշրջանային պետական քոլեջի բակում Արցախյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է․․․ Հինգերորդ սերնդի այս պատերազմում, ռազմագետների բնորոշմամբ, կրթօջախը եւս անդառնալի կորուստներ ունեցավ: Տարբեր տարիների սովորողներ եւ շրջանավարտներ բռնեցին հավերժի ճամփան՝ Սասուն Ներսիսյան, Հովհաննես Խաչատրյան, Սասուն Պետրոսյան, Արման Հարությունյան, Արման Օհանյան, Սերգեյ Լալաբեկյան, Հարություն Վարդանյան, Հայկ Իսայան, Էդվարդ Շահնազարյան, Բորիս Ավանեսյան, Խաչատուր Խաչատրյան:
Նրանց հիշատակին նվիրված ոգեկոչման ցերեկույթ տեղի ունեցավ կրթօջախում, որին մասնակցում էին զոհվածների ծնողները, մտերիմները եւ հարազատները, հրավիրված անձինք: Դահլիճին կից հարկաբաժինը վերածվել է «Մարտական փառք»-ի սրահի, որի խորքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի մեծադիր նկարն է, իսկ պատի տակ շարված սեղաններին նահատակների դիմանկարներն են՝ իրենց կենսագրականներով:
Զոհվածների սխրանքը արժևորող խոսքով հանդես եկավ Կապանի հոգեւոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը: Այնուհետեւ մեծադիր էկրանին սահում էին զոհվածների դիմանկարները, հընթացս ներկայացվում էր նրանց մարտական ուղին: Այն ընդմիջվում էր Կապանի արվեստի մանկական դպրոցի ուսուցիչների եւ քոլեջի սովորողների երաժշտական կատարումներով:
Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ քոլեջի տնօրեն Անժելա Մաքյանը՝ «Պարտավոր ենք ապրել այնպես, որ արժանի լինենք հերոսների հայրենիքում ապրելու: Քանզի նրանք այդ նույն հայրենիքին տվեցին ամենաթանկը՝ մարդկային կյանքը եւ ընտրեցին հավերժության ճամփան: Նաեւ դարձան հերոսության օրինակ մի ողջ սերնդի համար: Ապրողներիս պարտքն է վառ պահել ընկածների հիշատակը: Մեր առաքելությունը հերոսների օրինակով սերունդ դաստիարակելն է: Առավոտյան ծաղիկներ խոնարհեցինք քոլեջի՝ առաջին պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ցավալիորեն այդ նույն հուշաքարի կողքին նորը կկառուցվի, որին կփորագրվեն 44-օրյա պատերազմում ընկած հերոսների անունները: Հավերժ փառք նրանց հիշատակին»:
․․․ Մասնակիցները ծանոթացան «Մարտական փառքի» սրահի ցուցադրանքին: