Վահագնս վիրավոր է եղել, մինչև հոսպիտալ հասցնելը մահացել է․ զոհվածի ծնողները պատասխաններ են պահանջում
Վահագն Սարգսյանը սեպտեմբերի 13-ի կեսգիշերից սկսված պատերազմի զոհերից մեկն է։ Նա Արմավիրի մարզի Խանջյան գյուղից էր, 19 տարեկան։ 19-ամյակը լրացել էր սեպտեմբերի 3-ին՝ թշնամու հրահրած ռազմական ագրեսիայից 10 օր առաջ։
Որ Վահագնը պայքարում է թշնամու դեմ ծնողները իմացել են սեպտեմբերի 14-ի վաղ առավոտյան։ Մինչ այդ ավագ եղբայրը՝ Կարենը, սոցցանցերից տեղեկացել է Մարտական գործողությունների մասին, սակայն, ծնողներին ոչինչ չի ասել, փորձելով կապ հաստատել եղբոր հետ։ Կապ հաստատել, սակայն, ամբողջ գիշեր չի հաջողվել, Վահագնը զանգերի չի պատասխանել՝ մինչև որ ինքն է տուն զանգել։
«Առավոտյան 6։30-ին մեծ տղաս ասաց՝ պապ, կռիվ է։ Դրանից հետո խառնվանք իրար, Վահագնից զանգ չկար, հա զանգում էինք իրեն։ Վահագնը իրինունը 6:10 զանգեց,խոսեցինք, հանգստացանք․․․ »,-ասաց Վահագնի հայրը՝ Արմեն Սարգսյանը։
«Հետը խոսելիս լացեցի, հարցրեց՝ տունը բա՞ն է եղել, որ լացում ես, ասեցի՝ չէ, ախպեր, քո համար եմ նեղվում, պատասխանեց այստեղ ոչ մի բան չկա, շատ նորմալ է ու դրանից հետո չի զանգել»,-ասաց մայրը՝ տիկին Թեհմինան։
Սա Վահագնի և ծնողների վերջին զրույցն է եղել։ Վահագնը զոհվել է սեպտեմբերի 14-ին հայտարարված հրադադարից մի քանի ժամ առաջ։ Մոր զանգերն անպատասխան են մնացել։
«Հենց իրանց բլինդաժին են խփել։ Վահագնս վիրավոր է եղել, մինչև հոսպիտալ հասցնելը ճանապարհին մահացել է։ Սաղ վնասված է եղել իր մոտ՝ ոտքի ձախ կողմից մինչև վերջ»,-պատմեց հայրը։
Վահագն Սարգսյանի հայրը
Վահագնը ժամկետային զինծառայող էր, Կապանի զորամասից տեղափոխվել էր Սիսիանի զորամաս։ Ծառայության ութերրորդ ամիսը լրացել է զոհվելուց չորս օր անց։
«Մեր ձեռքից գնաց, էլ ինչ մտածենք։ Շատ նպատակներ ուներ, բայց չկատարվեց»,-ստեղծված իրավիճակի մասին նշում է հայրը։
19-ամյա Վահագնի ծնողների համար իրենց որդու զոհվելու հանգամանքը շարունակում է անհայտ մնալ։ Նրանք մի շարք հարցեր ունեն, որոնք ցանկանում են ուղղել պատասխանատու անձանց։ Ծնողները նշում են, որ իրենց որդին եղել է հինգ հոգուց բաղկացած խմբում, որից մեկը դասակի հրամանատարն է եղել՝ կոչումով լեյտենանտ։ Նա ևս զոհվել է։ Հայրն ու մայրը հարց են բարձրաձայնում՝ ինչո՞ւ են զինվորներն առանց փորձառու հրամանատարի եղել, ինչո՞ւ են բոլոր զոհերը հիմնականում 18-20-ամյա զինվորներ։ Վահագնի մայրը նշում է՝ եթե որդին անուշադրության մատնված չլիներ, գուցե փրկվեր։
«Մեծերից միայն իրենց վաշտի հրամանատարն է եղել։ Անուշադրության են մատվել, հաստատ։ Իրենց ուղղություն պետք է ցույց տային, ինչ-որ մի բան։ Գոնե մեծերից իրենց մոտ մարդ լիներ, միայն զինվորներ, ինչո՞ւ մեծերի չկան․․․ խի՞ պետք է այդպես լինեին իմ էրեխի տարիքի էրեխեքը։ Անուշադրության են մատնել»,-ասում է մայրը և շեշտում, որ որդին ամենավտանգավոր ուղղություններից մեկում է ծառայել ու պատերազմել։ «Իրենք եղել են ամենավտանգավոր ուղղությամբ, չորս զինվորով ու իրենց վաշտի հրամանատարը, իրենց հետ ոչ մեկ էլ չի եղել»։
Վահագն Սարգսյանի մայրը
Վահագնի քեռին՝ Միհրանը, որ առաջինն է տեղեկացել քրոջ որդու զոհվելու մասին հայտարարում է, որ հրամանատարության և Վահագնի ողջ մնացած ծառայակիցների փոխանցած տեղեկությունները միմյանց հակասում են։ Հարազատներին այս պահի դրությամբ հաջողվել է պարզել, որ դիրքերը, որտեղ եղել է Վահանգնը պատշաճ կահավորված չի եղել։ Սարգսյանները սա ևս լուրջ պատճառ են համարում իրենց 19-ամյա տղայի զոհվելու համար։
«Դեպքի մասին մեզ ոչ մի բան չեն ասել։ Ինչ էլ ասել է զանպալիտն է ասել, բայց ասածը ոչ մի բանի հետ համ չի ընկնում, մենք կողքից լրիվ ուրիշ բան ենք իմանում։ Ինքն ասում է, որ բայրաքթարն է խփել, բայց մենք իմանում ենք, որ գրադն է խփել իրենց։ Վահագնենց թաքստոցն էլ այնպիսի տեղ է եղել, որ երևացել է, ոնց որ պետք է սարքին չի եղել։ Մենք ուզում ենք կոնկրետ իմնալ՝ դեպքը ոնց է եղել, կարողա դա կապված է թաքստոցի հետ, գուցե նորմալ սարքին լիներ, բան չլիներ»,-ասաց Վահագնի քեռին։
Վահագնի զոհվելու մասին Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի տեղեկացրել, ինչպես նաև հայրենիքի համար կյանքը տված մյուս տղաների մասին։ Խանջյանի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը պետության հետ որևէ առնչություն ունեցող միակ կառույցն է, որտեղ նշված է Վահագնի զոհվելու մասին։ Դպրոցը իր վիշտն ու ցավակցությունն է հայտնել նախկին աշակերտի զոհվելու կապակցությամբ։ Զոհվածների անունները պատշաճ չհրապարակելը Վահագնի մոր խոսքով ևս մեկ վերաբերմունք է պետության կողմից, որը ցուցաբերվում է զինվորների նկատմամբ։
«Զինվորներին իրենք անուշադրության են մատնում, չեն հետաքրքրվում ոչ մի բանով։ Իրենց համար միևնույն է, թե զինվորն ում համար է գնացել, ինչի համար է գնացել, եթե հետաքրքրեր այսօր կհրապարակեին»,-ասաց մայրը։
Տիկին Թեհմինեն նշում է՝ որդին ուժեղ էր, նույնիկս պատերազմելիս փորձել է ցույց տալ, որ տրամադրությունը բարձ է, որ առողջական խնդիրներ ունեցող մայրը չանհանգստանա։
Մանրամասները՝ տեսանյութում։