Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024

Ես անպատասխան չեմ թողնելու այս ամենը. զոհված զինվորի մայր

Հոկտեմբերի 17, 2022

Երկու տարի առաջ այս օրերին Ռաֆիկ Սահակյանը վերջին անգամ զանգահարել է մորն ու ընկերներին: Հենց այդ զանգերն էլ հետագայում հիմք են հանդիսացել նրա մահվան վկայականում օր նշելու համար: Մինչ օրս հայտնի չէ, թե ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգը  44-օրյա պատերազմի ընթացքում կոնկրետ որ օրն է զոհվել եւ ինչ հանգամանքներում:

Ռաֆիկի մայրը` Վարդուհի Մանույկանը նոյեմբերի 9-ին մեկնել է Արցախ եւ յոթ ամիս անդադար մնացել  այնտեղ, կազմակերպել է որդու եւ մյուս տղաների որոնողական աշխատանքները, անձամբ է մտել դիահերձարաններ, ստուգել ամեն նոր հայտնաբերված աճյունն ու մասունքները:

«Ռաֆոն ծառայում էր Ջրականում: Սեպտեմբերի 29-ին նրանք հետնահանջով հասել էին Արալեռ: Նրա հետ կար 200 հոգանոց ջոկատ: Նա ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, բայց նրանց հետ չկային սպաներ, միայն մեկ սերժանտ է եղել, այլ մեկը չի եղել: Այդ ժամանակ նրանք պետք է փորձեին հասնել Հադրութ: Հեռախոսով խոսում էինք, ես նրան ասացի` Ռաֆո ջան, էնպես արի, որ ճանապարհի տակի հատվածով գաս, գերի չընկնես, ասեց` ավելի լավ է կանգնած մեռնեմ, քան ծնկաչոք ապրեմ: Այդ խոսքերը այժմ գրված են նրա խաչքարի վրա»,- պատմում է մայրը:

Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Ռաֆիկն ու նրա զինակիցները ծանր մարտեր են վարել: Մոր խոսքով, այդ ընթացքում ինքը կարողացել է հեռախոսով խոսել որդու հետ. «Նրանց մոտ կային մի քանի վիրավոր տղաներ, որոնց սարից իջացրել են ու Ռաֆոն պահում էր նրանց, օգնում էր: Նրանք արդեն շրջափակման մեջ էին: Ես ասում էի` Ռաֆ, դու կարող ես դուրս գալ, դուրս արի, հետո վիրավոր տղաների հետեւից մարդ կուղարկենք, ինքն ասեց` ես իրանց ոնց մենակ թողնեմ, մեկն արնահոսում է, մյուսը արդեն շատ վատ վիճակում է…  Թե հետո ինչ է եղել, կոնկրետ ոչ ոք չկարողացավ ինձ ասել: Ութ ամիս հետո գտանք տղայիս մասունքները»:

Անցած երկու տարիների ընթացքում Վարդուհի Մանուկյանը ի հիշատակ զոհված տղաների բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել, նաեւ աջակցում է իր պես որդեկորույս ծնողներին: Բացի դա, զոհված զինվորի մայրը ակտիվ մասնակցում է Ողջ մնալու արվեստը կազմակերպության դասընթացներին, սովորում է կրակել, ինքնապաշտպանվել, առաջին բուժօգնություն ցուցաբերել եւ այլն: «Իմ սրտի ամեն մի զարկը վրեժ է: Ճիշտ է, ասում են` վրեժը վրեժ է ծնում, վրեժը սրտում ապրելու լավ բան չէ, բայց այնուամենայնիվ …Ես անպատասխան չեմ թողնելու այս ամենը: Բոլորիս են պետք այս գիտելիքները` թե մարտական գործողությունների ժամանակ առաջին բուժօգնությունը, թե զենքին տիրապետելը, թե հմտական վարժությունները: Դրանք բոլորին են պետք: Սուրը մեր գլխին կախված է, մենք չգիտենք, թե ինչին պետք է պատրաստ լինենք: Բայց ինչքան լավ պատրաստված լինենք, այնքան լավ: Եթե մեր երեխաների կողքին կանգնած լինեին սպաներ, որոնք գիտելիքներ ունեն, սգացող մայրերի թիվն այօր քիչ կլիներ… »,- ասում է Ռաֆիկի մայրը:

Ռաֆիկ Սահակյան տասը տարեկանից զբաղվում էր կառատեով, ուներ բազմաթիվ հաջողություններ, մասնակցել էր աշխարհի առաջնության մրթույթներին: Հետմահու պարգեւատրվել է Մարտական Խաչ 1 աստիճան շքանշանով:

Մանրամասները տեսանյութում՝

forrights.am