Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024

Նրանք զոհվեցին <<Վիլիսի>> մեջ, ՀՀ տարածքի հրետակոծման ժամանակ

Հոկտեմբերի 18, 2022

Սեպտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նախորդ օրը ադրբեջանական սադրանքի հետևանքով երեք զոհ ենք ունեցել։ Զոհվել են փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:

Զինծառաողները զոհվել են Ջերմուկի դիրքերից մեկի ճանապարհին, թշնամու հրետակոծության ժամանակ։ Նրանք ինժեներական աշխատանքներ էին իրականացնում։

Նույն  օրը ՀՀ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ այս դեպքին, ասելով․ «Ընդ որում,  ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն  ՀՀ տարածքից»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի, Ջերմուկ քաղաքի ուղղությամբ։

Փոխգնդապետ Նահապետ Մարգարյանի հուղարկավորությունը տեղի կունենա  վաղը, Եղեգնաձորի շրջանի Թառաթումբ գյուղում։ Նա  32 տարեկան էր, երկու երեխաների հայր էր, աշխատում էր Վայքի զորամասում։ Փոխգնդապետի հորաքույրը՝ Գոհար Մարգարյանը, Forrights.am-ին հայտնեց, որ եղբայրը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ «Ու՞մ մտքով կանցներ, որ մեր արծիվը մի օր կխոցվի թշնամուց։ Չէ՞որ նա 44 օր շարունակ գիշեր ու ցերեկ մարտնչել էր թշնամու դեմ», — ասում է կինը։

Սերժանտ Հովհաննես Սուքիասյանը Վայոց Ձոր մարզի Նոր Ազնաբերդ գյուղից էր, 44 տարեկան։ Զորամասում վարորդ էր աշխատում։ Ունի երկու որդի։ Ավագ որդին ծառայում է հայկական բանակում։ Հոր մահվան հետ կապված նրան իջեցրել են դիրքերից։

Նոր Ազնաբերդում Հովհաննես Սուքիասյանը  մեծ հարգանք էր վայելում։ Նրա հարազատներից Ալվարդ Միքայելյանը պատմում է, որ Հովհաննեսը հարգված, մեծ շրջապատով տղա էր։ «Զորամասում վարորդ էր աշխատում։ 44–օրյա պատերազմի ընթացքում նա Ազնվաբերդի Հաց բերողն էր։ Էն ժամանակ «Ուրալ» էր քշում, հաց էր հասցնում զինծառայողներին, վիրավորներին էր հանում։ Ինքը բարի, ընկերասեր տղա էր, համեստ, աշխատավոր ընտանիք էին», — ասաց զոհվածի հարազատը։ Տղաների մահվան հանգամանքները հստակ հայտնի չեն։ «Գյուղում ոմանք ասում են, որ տղաները մեքենայի մեջ արդեն լսել են, ԱԹՍ-ի ձայնը, դուրս են եկել ավտոյից, մտել են խրամատ ու այնտեղ են խփվել։ Մյուսներն էլ ՝ որ մեքենայի մեջ են մահացել»։ Երեք զինծառայողների մահվան լուրն առել են գիշերով։

Հովհաննես Սուքիասյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 30–ին, Եռաբլուրում։

Պարտադիր ժամկետային զինծառայող Էդվարդ Հովհաննիսյանն էլ Ապարան քաղաքից էր, 19 տարեկան, եվրոպական համալսարանի Տնտեսագիտության եւ կառավարում ֆակուլտետի ուսանող, մոտ մեկ տարի առաջ զորակոչված։  Նա ծառայում էր Վայքում, բայց վերջին սահմանային լարման ժամանակ, սեպտեմբերի 13–ից հետո, տեղափոխվել էր Ջերմուկ։

Նախարարությունում մեր աղբյուրը հայտնում է, որ Նահապետ Մարգարյանը, Հովհաննես Սուքիասյանը և Էդվարդ Հովհաննիսյանը զոհվել են մարտական դիրք ուղևորվելիս։

Նրանք եղել են Vilis մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը հայտնվել է թշնամու թռչող սարքի թիրախում։ Մեքենան զրահապատ չի եղել, պաշտպանված չի եղել նարավոր հրետակոծությունից։

«Վիլիսը»՝ խորհրդային արտադրության ամենագնացը, որը 30-ականներից մինչ օրս օգտագործվում է բանակում, ըստ փորձագետների, վաղուց արդեն հնացել է։ «Դրանց ժամանակը անցել է՝ շարժիչը, անցունակությունը, տարողունակությունը՝ ամեն ինչ խնդիր է։ Բայց մենք դա ունենք։ Այլ ավտոմեքենաները ձեռք չեն բերում, որովհետև փող չկա դրա համար», — ասում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։ հարցին, թե ինչ արժեն ժամանակակից ամենագնացները, նա պատասխանեց․ «Ամեն մի ամենգնաց, եթե մեծ խմբաքանակ  գնես, կոպիտ 10.000 դոլլար է։ եթե խոշոր խմբաքանակ բերեսէ մի 1000 հատ, դա կարժենա 10 մլն։ Ադրբեջանական բանակը օգտագործում է արևմտյան արտադրության «Ջիպեր»՝ թեթև զրահապատ ամենագնացներ»։

Սա նշանակում է, որ եթե ՀՀ կառավարությունը անցյալ տարվա նոյեմբերին ԱԺ նախագահի համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար 200 հազար դոլարանոց BMW մակնիշի ծառայողական մեքենա չգներ, այլ այդ գումարն օգտագործեր բանակի համար, ապա, ըստ փորձագետի, կարող էր մոտ 20 ամենագնացներ ձեռք բերել։

forrights.am