Մահվան ու կյանքի սահմանագծին սկոռիով կյանքեր փրկող բժշկուհին՝ Լուսինե Սարգսյանը. Սպիտակ բանակի գեներալը
Ռմբակոծությունների և անդադար կրակի ներքո շտապօգնության մեքենայի ղեկին վիրավոր զինվորի համար հոկտեմբերի 4-ին Գորիսից Իշխանաձոր արյան պլազմա և թթվածին տեղափոխելիս բժշկուհի Լուսինե Սարգսյանն ասում է, որ հույս չուներ, թե ողջ կմնա:
«Այդ օրն ամենածանրն էր։ Ոչ մի վայրկյան չեմ վախեցել, մտքումս միայն վիրավոր զինվորն էր, ում կյանքն ինձնից էր կախված,- «Մեդիալաբին» պատմում է 42-ամյա բժշկուհին, որը 44-օրյա պատերազմի ժամանակ շտապօգնության մեքենայի ղեկին ամենավտանգավոր իրավիճակներում մարդկային կյանքեր է փրկել:
Բժշկուհին 44-օրյա պատերազմը հիշելիս ասում է՝ չար ֆիլմ էր։
Հիշում է, որ դեռ Գորիսում էր, երբ ամուսինը, որը զինվորական է, զանգեց, ասաց՝ խնդրում եմ՝ հետ մի՛ գնա, բուժքույրերն էլ զանգեցին, ասացին՝ վատ է վիճակը, հոսպիտալը հավաքում է վրանները:
«Ես գնացի: Կուբաթլու հասնելուն պես տեսա, որ ուժգին ռմբակոծություններ են»։
Թեև ասում է՝ վախ չուներ, բայց իրավիճակը գնահատելով մտածել է՝ տեղ չի հասնի:
«Զանգեցի քրոջս, ասեցի՝ Արև, 300 հազար դրամի չափ փող ունենք բանկում, աղջկաս մի բան կառնես: Քուրս գոռաց, ասեց՝ Լո՛ւս, տենց երբեք չես ասել, ուրեմն մի բան կա, որ նման բան ես ասում, դու ուժեղ ես… Գոռալով լաց եղավ, ասեցի՝ կատակ եմ անում, որ քույրիկս ավելի ծանր չտանի»,- հիշում է Լուսինեն ու ասում, որ հուզված էր, բայց զինվորների ծանր վիճակից՝ իր մասին ոչ մի վայրկյան չի մտածել:
Գորիսից Իշխանաձոր կրակի տակ, բժշկուհի Լուսինեն շտապօգնության մեքենան վարելով հասցնում է անհրաժեշտ արյունը վիրահատության համար, և հնարավոր է լինում փրկել զինվորի կյանքը:
«Քանի որ արյան կարիք կար, ես չէի կարող սպասել, պետք է ոչ թե հետ, այլ առաջ գնայի, որ փրկեի զինվորին, սպասում էին ինձ»,- գերլարված ծանր օրերն է վերհիշում նա։
44-օրյա պատերազմի օրերին կյանքի ու մահվան սահմանին, շտապօգնության մեքենային ղեկին այս նուրբ ու զգայուն կինն ունեցել է բազմաթիվ պահեր, երբ զինվորի կյանքի համար պայքարում կարող էր զոհել սեփական կյանքը:
Լուսինե Սարգսյանը ընտանեկան բժիշկ է։ Արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոցի գործադիր տնօրենն էր։
Լուսինեն ամուսնու և 11-ամյա աղջկա հետ ապրել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում, որտեղ տեղափոխվել էր Լոռու մարզից 2000-ին՝ մանկավարժ ծնողների հետ միասին։ 21 տարի ապրել, կրթվել և երազել է Իշխանաձորում։ Լինելով ընտանեկան բժիշկ՝ կատարել է մասնագիտական տարբեր աշխատանքներ՝ ծննդօգնությունից մինչև ատամի հեռացում:
«Գյուղում պետք է կարողանաս ամեն ինչ անել»,- ասում է Լուսինեն:
Սեպտեմբերի 27-ին պատերազմի լուրն առնելուն պես բժշկուհին առանց երկմտելու անցնում է պատերազմական բարդ իրավիճակում իր մասնագիտական պարտքը կատարելուն:
Շտապօգնության մեքենան անձամբ էր վարում՝ ամենաթեժ կետերից վիրավորներ տեղափոխելով հիվանդանոց, կյանքեր փրկելով:
«Հայաստանից վարորդները լավ չգիտեին ճանապարհները, ես դուրս էի գալիս, գնում վիրավորներ բերելու։ Շատ հաճախ, երբ դուրս էի գալիս Ջրական, ամուսինս չի իմացել դրա մասին: Զորամասի շտապօգնությունները վիրավորներին դիրքերից հանում էին, հասցնում մեր պայմանավորված տեղը, մենք էլ բերում էինք հիվանդանոց»,- պատմում է բժշկուհին։
Օրուգիշեր քուն ու դադար մոռացած, ռմբակոծությունների տակ Լուսինեն նվիրյալ բուժաշխատողների հետ կազմակերպել է Իշխանաձորի անխափան աշխատանքը, հազարավոր վիրավորների վիրաբուժական, հոգեբանական աջակցությունից մինչև տարրական հարցեր լուծելով, հիվանդանոցի բակն ու պետքարանները մաքրելուց մինչև վիրավորների խնամքը:
Պատմում է, թե ինչպես սկսեց նաև շտապօգնության մեքենան վարել:
«Շտապօգնության մեքենայի վարորդի կինը ծանր հիվանդ էր, պետք է տեղափոխեր Գորիս, ու քանի որ մեքենան նոր էր ու չէինք հասցրել մեկ ուրիշի կցագրել, ես որոշեցի վարել մեքենան։ Մեքենան վերցրեցի ու գնացի հիվանդանոց, բոլորը զարմանում էին՝ յա, էս աղջի՞կ ա սկորու շոֆերը, մտածում էին՝ շոֆեր եմ, ոչ թե բժիշկ»,- ժպտալով հիշում է բժշկուհին։
Պատմում է, որ լինում էին օրեր, երբ հիվանդանոց երկու ժամում 130-180 վիրավոր էին բերում Ջրականից։ Բժշկուհին ասում է՝ մինչև վիրավորներին տեղափոխելն իրենք արդեն կազմ-պատրաստ սպասում էին նրանց:
«Մկրատները շարված էին, մեր գործն էր՝ արագ զինվորին մերկացնել, որովհետև բոլորը արնահոսող զինվորներ էին, հետո՝ որ իրար վրա լցրած բերում էին, մեկի արյունը մյուսի շորերի վրա էր, ու մենք չգիտեինք՝ տակը վերք ունե՞նք, թե՞ ուրիշի արյունն ա լցվել։ Լվանում էինք ամբողջ մարմինը, պերեկիսով սրբում, պատռտված շորերը փոխում, վիրակապում, եթե պետք էր վիրահատել, ուղարկում էինք վիրահատարան»,- պատմում է բժշկուհին և ասում, որ շատ էին ամպուտացիաներ լինում։
«Նույնիսկ լինում էր, որ երբ փորձում էինք զինվորական կոշիկը հանել, մենակ ոսկորն էր մնացած լինում կամ կտրած-ընկած, կամ ուսը չկա, կամ ոտքը»,- հուզմունքով պատմում է բժշկուհին։ Մինչև գիշերը ժամը 3-ը սպասարկում էին վիրավորներին, որից հետո դիակներն էին տեղավորում։
Բժշկուհին ասում է՝ դաժան օրեր էին, բայց բուժանձնակազմով համախմբված աշխատում էին՝ իրար ոգևորելով, ուժ տալով, կես խոսքից հասկանում էին իրար ու փորձում փրկել վիրավորներին։ Լինում էր՝ տարածքը լքելու ազդանշան էր տրվում, քանի որ հիվանդանոցի գլխին անօդաչուներ էին պտտվում, սակայն բժիշկները շարունակում էին վիրահատել:
«Ունեինք ազդանշան, ասում էին՝ ցրվեք, որ կենդանի մնաք, բժիշկը՝ իմանալով, որ կարող ա պայթի, վիրահատությունը չէր թողնում, շարունակում էր։
Մենք ամբողջ ժամանակ կամիկաձեի ձայնի տակ ենք եղել։ Իշխանաձորում մեր ամբուլատորիայից մի քանի կիլոմետր վերև խփեցին, 18 երեխա տեղում այրվեցին մեքենայի մեջ»,- ծանր ու դաժան օրերը վերհիշում է բժշկուհին։
Հոկտեմբերի 4-ին Իշխանաձորում վիճակը ծայրաստիճան է դառնում։ Հարկադրաբար Խնձորեսկի բուժանձնակազմի 90 տոկոսը տեղափոխվում է Խնձորեսկ։ Լուսինեն մի քանի գործընկերների հետ շարունակում է մնալ Իշխանաձորում մինչ հոկտեմբերի 16-ը, որից հետո տեղափոխվում է Կովսական, որտեղից էլ 2 օր անց կրկին դուրս է գալիս՝ իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված․
«Քաղաքապետը եկավ, ասեց՝ բժշկուհի ջան, փախե՛ք, դիվերսիան մտնում ա քաղաք: Ես զենք ունեի, ասեցի՝ չպետք ա գնանք, ո՞ւր գնանք… Բոլորս հավատում էինք, որ հաղթելու ենք։ Ուշ ժամի ստիպված դուրս եկանք»։
Պատերազմում պարտության լուրն իմանալը իրական մղձավանջ է դառնում Արցախի հողի ու ջրի համար ապրող և հաղթանակի հույսն ու սպասումը ունեցող բժշկուհու համար։ Մեծ հիասթափությունից հետո բժշկուհու մոտ ի հայտ են գալիս առողջական խնդիրներ։
Ասում է՝ եթե պատերազմի ելքն այդպիսին չլիներ, գուցե պատերազմում տեսածն ու ապրածը առողջության վրա չազդեին․ «Հոգեբանական ծանր վիճակում հայտնվեցի, գնացի հոգեբանի մոտ այցերի, հետո ատամներս ամբողջովին փշրվեցին, 6 ատամ ա մնացել, շատ եմ նիհարել: Ես, որ շատ ժողովրդասեր, կատակով, հումորով էի, հիմա ուզում եմ մենակ մնալ։ Ամաչում եմ իմ տեսքից, կնճիռներ են ավելացել։ Սիրտս էր վատ, բուժում ստացա»։
Բժշկուհին հիմա էլ շարունակում է ապրել իր համագյուղացիների խնդիրներով ու ցավերով, ճշտում է՝ ով որտեղ է ապաստան գտել, ինչպես են զգում, ինչ վիճակում են:
«Հիմա որ գիտեմ բոլորը թափառական են, գժվում եմ, ամեն ինչի մասին մտածում եմ՝ էն մեր հարևանի ծառը, էն մեր հարևանի կովը, էն մեր երեխեն, զանգում եմ՝ ո՞ւր եք, որտե՞ղ եք տեղավորվել: Որ գիտեմ՝ մեկը լավ վիճակում չի, ես մեռնում եմ, որ իրենց զանգերը չլինեին, չգիտեմ՝ ոնց կլինեի»,- ասում է Լուսինեն։
Չնայած առողջական վիճակին ու ապրած հիասթափությանը՝ Լուսինեն շարունակում է համոզված լինել, որ այն, ինչ կորցրել է, անպայման վերադառնալու է։ Անհամբեր սպասում է, որ գալու է այդ օրը։
«Ես ապրում եմ Արցախի համար ու կմեռնեմ Արցախում։ Իմ կյանքի լավագույն տարիները էնտեղ են անցել, ես ապրել եմ, վայելել եմ իմ բոլոր բնակիչների սերը, ամեն ներդրումս էդ հողի համար էր։
Ես սպասում եմ երկրորդ առիթի, մենք պիտի հաղթենք, մենք հաղթող ազգ են, մենք պետք ա մեր տվածը հետ վերցնենք։ Ես գիտեմ՝ թուրքը շատ վախկոտ ա, էս պահին իրա փողերի վրա ա հղփացած, մենք հերոս արյուն ունենք, հիմա էլ ասեն՝ պատերազմ ա, ազգը կանգնելու ա, ուղղակի ճիշտ կառավարում ա պետք, տանը ճիշտ տեր ա պետք»,- ընդգծում է բժշկուհին։