Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024

Թուրքը մեծ սամալյոտով նորից ա խփել, ու ես ըտեղ կորցրել եմ իմ Գառնիկին․ մինուճար որդուն կորցրած մայրն ասում է՝ ապրում եմ դժոխքում

Հոկտեմբերի 16, 2022

Եթե փողոցում մեկին նմանեցնում եմ՝ էդպես բարձրահասակ, թիկնեղ, կանգնում, նայում եմ, գիտեմ, թե ինքն ա գալիս: 42-ամյա Անահիտ Եգանյանը պատերազմի հետևանքով կորցրել է մինուճար որդուն, ողբերգական դեպքից հետո որդեկորույս մոր համար կյանքը դժոխք է թվում։

Տղան՝ 19-ամյա Գառնիկ Եգանյանը, ժամկետային զինծառայող էր։ 

44-օրյա պատերազմի ժամանակ մինչև հոկտեմբերի 30-ը Գառնիկը հակառակորդի դեմ կռվել է Հադրութում, կրակել է միաժամանակ երկու զենքով. «Ինքը նռնականետ ու մեծ զենք ա կրակել»։ Հոկտեմբերի 30-ին տեղափոխել են Մարտունի, որտեղ զինակից յոթ ընկերների հետ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Վշացած մայրն ասում է՝ տեղափոխել են մի բարձունք, որտեղ ոչ խրամատ է եղել, ոչ պաշտպանական որևէ համակարգ։

«Տեղափոխել էին Մարտունի՝ Ճարտարի կողմերը։ Իր վերջին զանգը եղել ա հոկտեմբերի 30-ին, ասեց՝ մա՛մ, մեզ մի տեղ են բերել, կարծես անապատ լինի, ոչ խրամատ կա, ոչ ծառ, ոչ թուփ, մենք չգիտենք՝ որտեղ ենք, մի բարձունքի վրա ենք։

Տեղափոխվելուց անմիջապես հետո ԱԹՍ հարվածից զոհվել ա իրա հրամանատարը՝ Հայկ Կիրակոսյանը, հրամանատարությունն արդեն մեկ ուրիշն ա վերցրել։
Բունկերից գեներալը էնտեղ էր ուղարկել, Հայկն ասել էր՝ մեզ էս ո՞ւր ես ուղարկել, էստեղ ոչ խրամատ կա, ոչ բան, ասել ա՝ ոնց ասում եմ՝ տենց արա։ Ամսի 31-ին երեխեքին մեծ սամալյոտով խփում են, տղերքը փախնում են էս ու էն կողմ, ասում են՝ էլի բան չեղավ ոչ մեկիս, շատ մարտունակ էին: Երեխեքը վազում են, կիսատ շինություն ա լինում, թաքնվում են, բայց էդ շան թուրքը մեծ սամալյոտով նորից ա խփում, էդ շինությունը քանդվում ա, ու ես ըտեղ կորցնում եմ իմ Գառնիկին,- արտասուքն աչքերին պատմում է մայրը և նշում,- յոթ հոգով միասին զոհվեցին, յոթ ընտանիք քանդվեց»։

Ասում է՝ որդու զոհվելու հանգամանքների մասին տեղեկացել են որդու ընկերներից, որոնք հրաշքով փրկվել են․ «Ախպերս գնաց հետաքրքրվեց, վիրավոր երեխեքն են պատմել էդ ամբողջ իրողությունը, նույնը պատմել է հրամանատարը, որ մեր տուն եկավ»։

Մայրը կարոտով նկարագրում է որդուն՝ բարձրահասակ, բոյը՝ 1․85, սպորտով է զբաղվել, սուսերամարտի է հաճախել, սիրել է կյանքն ու անչափ ընկերասեր։ Ասում է՝ իր ու որդու միջև գաղտնիք չկար, շատ կապված էին․ «Տղաս սիրած աղջիկ ուներ, դասընկերուհին էր, հիմա մենք մայր ու աղջիկ ենք դարձել»,- հուզվում է Անահիտը և հիշում, որ մինչև բանակ գնալը որդին որոշել էր՝ գա, ոսկերչություն սովորի, ընտանիք կազմի:

«Մինչև բանակ գնալը գնացինք ոսկերիչների դպրոց, խոսեցինք, մեզ ուղղորդեցին մի ոսկերիչի մոտ: Գնացինք, խոսեցինք, էդ մարդն ասեց՝ գնա բանակ արի, ես քեզ կսովորեցնեմ: Հետո տղաս բանակից մի անգամ զանգեց, ասեց՝ մա՛մ, էդ մարդը մի տարվա մեջ յոթ վիրահատություն ա տարել, որ հետ գամ, գոնե սաղ լինի․․․»,- հուզմունքի պատճառով խոսքն անավարտ է թողնում մայրը։

Անահիտը մենակ է մեծացրել որդուն, մինչ որդուն կորցնելը այս ընտանիքը ևս մեկ ողբերգություն է տեսել, Գառնիկը 3․5 տարեկան է եղել, երբ Անահիտը ավտովթարի պատճառով կորցրել է ամուսնուն։

Ասում է՝ այդ դեպքից հետո օրնիբուն աշխատել է, կատարել ամենատարբեր աշխատանքներ, որ տղան որևէ բանի պակաս չունենա, բոլոր երազանքներն ու նպատակները կապել է որդու հետ, իսկ հիմա մնացել է միայնակ ցավի ու կսկիծի մեջ։

Որդու զոհվելուց հետո Անահիտը առողջական խնդիրներ է ձեռք բերել, բուժում ստացել, հոգեբանի է այցելել․ «Շատ վատացա, էն կարգի, որ ինձ տարան բժշկական կենտրոն, դեղեր նշանակեցին, հոգեպես լավ չէի, հավասարակշռությունս կորցրել էի, տեղս չէի գտնում»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 42-ամյա կինը։

Անահիտը ցավով նշում է, որ որդուն իր մորեղբոր անունով էին կոչել, ինչպես մորեղբոր հետ ճակատագիրը դաժան վարվեց, նույն կերպ էլ՝ որդու հետ․ «Իմ քեռին էլ Գերմանիայի Հայրենական մեծ պատերազմին ա մասնակցել, էլի զոհվել ա 19 տարեկանում… Ճակատագիրը կրկնվեց, դաժան ձևով կրկնվեց»,- հուսահատ ասում է մայրը։

Անահիտն այժմ ապրում է երազներով, ասում է՝ սպասում է, թե երբ է մթնելու, որ տղան երազին գա, այդպես կարոտն առնի:

Լուսանկարում՝ Գառնիկ Եգանյանը։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

«Երազներով եմ ապրում։ Երազումս իրեն լավ տեղերում եմ տեսնում՝ ծառերի, կանաչի մեջ, ասում եմ՝ բարձունքում ա»,- կարոտով ասում է մայրը։

MediaLab.am