Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024

Գարեգին պապը գիշերով, իր որսորդական հրացանով, փախել էր տնից ու միացել կամավորների ջոկատին․ Լուսանկարիչը՝ արցախյան 44-օրյա պատերազմի իր հերոսի մասին

Հոկտեմբերի 17, 2022

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը պատճառ դարձավ, որպեսզի մեր հայրենակիցներից շատերը լքեն իրենց տները և ժամանակավոր բնակություն հաստատեն Հայրենիքի այլ շրջաններում։ Այդ ընթացքում նրանք բախվեցին սոցիալական տարբեր խնդիրների, որոնք էլ ֆիքսել է երիտասարդ լուսանկարիչ Սամուել Ոսկանյանի տեսախցիկը։

– Սամուել, դու այն լուսանկարիչն ես, ով փորձեց ներկայացնել մեր տեղահանված հայրենակիցների խնդիրները և գտնել օգնության ձեռքեր։ Ստացվե՞ց, թե՞ դու էլ բախվեցիր ինչ-որ խնդիրների։

– Հիմնականում դեպքեր եղել են, որ ստացվել է։ Ես կարծել եմ, որ տվյալ հերոսները բնակարանի կարիք ունեն։ Դեպքերից մեկը հիմա բարձրաձայնեմ։ Տեղահանված ընտանիք էր, բնակվում էր նկուղային հարկում՝ Արարատի մարզի գյուղերից մեկում։ Մոտեցա նրանց՝ սկսեցին հյուրասիրել. ուրախացել էին, որ մոտեցել եմ նկարելու։ Թեև սպասելիքներ չունեին, որ կացարանով կապահովվեին, բայց ես շեշտը դրեցի այն հեռանկարի վրա, որ իրենք կացարան ունենան։ Սկսեցի կադրեր որսալ իրենց առօրյայից։ Այդ կադրերը տարածվեցին համացանցում, և բարերարներից մեկն անձամբ մոտեցել էր իրենց, տեսանյութ էր հրապարակել, որի արդյունքում իրենց համար տնակ գնեցին։ Այդպիով, արվեստը ծառայեց ժողովրդին։

Կրկին Արարատի մարզում և տնակում բնակվող մեկ այլ ընտանիքի առօրյան վավերագրեցի, բավականին մեծ գումար հավաքվեց, ու նրանք ունեցան իրենց տանիքը։ Քարե տուն ունեցան, և դրանով ինձ լիարժեք բավարարված զգացի։

– Քո հերոսների թվում շատ կան փոքր երեխաներ։ 44-օրյա պատերազմից հետո նաև նրանց ես նկարել։ Տպավորիչ են նկարներից մի քանիսը։ Օրինակ, մի փոքրիկ աղջկա ձեռքին տիկնիկի փոխարեն հրացան է, և վերնագրված է՝ «Կյանքն է ստիպել, որպեսզի տիկնիկը թողնեմ և հրացանը վերցնեմ ձեռքս»։ Մեկ այլ նկարում մեկ այլ փոքրիկ աղջնակ է, ով սպասում է իր զինվոր հայրիկին։ Համոզված եմ, փոքրիկների հետ զրուցել ես, հիմնականում նրանք կիսվե՞լ են իրենց հույզերով։ Ի՞նչ են պատմել։

– Ի տարբերություն մեծահասակների՝ փոքրերը հիմնականում լռում են, ու հենց այդ լռությունն է ավելի հետաքրքիր արտացոլում լուսանկարչությունը։ Կարող է առօրյայում իրենք շատ ժամանակ ուրախ են, խաղեր են խաղում, բայց հենց պատերազմական թեման բարձրաձայնվում է՝ իրենց խաղից դուրս են գալիս ու լռում են։ Այդ լռությունից ես ապրումն եմ վերցնում։ Օրինակ, այդ երեխան, որ տիկնիկի փոխարեն՝ հրացան էր վերցրել՝ կյանքն էր նրան ստիպել, որ այդպես անի։ Շատերն ասում են՝ ինչո՞ւ ես նկարել, շատ բարդ տեսարան է, բայց ես չեմ հեղինակը։ Հեղինակը կյանքն է, և պետք է բարձրաձայնել։ Այդ զենքով, խաղով ես ներկայացնում եմ իր հոգեբանությունը։

– Նկարելուց հետո դու կապ պահպանո՞ւմ ես քո հերոսների հետ, հետաքրքրվո՞ւմ ես, թե ինչպե՞ս են ապրում։ Օրինակ, փոքրիկի զինվոր հայրիկը վերադարձա՞վ․․․։

– Տվյալ փոքրիկը տարհանված ընտանիքից էր, և հայրը Քարվաճառում էր ծառայում։ Ցավոք, դիրքերը հանձնելուց հետո այլ դիրքերում էր։ Դեկտեմբեր ամիսն էր, երեխան սպասում էր ու, բարեբախտաբար, վերադարձավ։ Հորից էլ կադր ունեմ։ Շատ հայրենասեր տղա է ու հետագայում, ցուցահանդեսի ժամանակ, կներկայացնեմ նաև հոր կերպարը։

– Կա՞ն կադրեր, որոնք քո աչքերն են նկատել, սակայն չես ֆիքսել տեսախցիկի միջոցով։

– Իհարկե։ Փողոցում պատահում են կադրեր, որ հասկանում եմ՝ կարող է լինել հետաքրքիր, ասելիքով լուսանկար, և դրանք իմ մտքում մնում են։ Լինում են նաև կադրեր, որոնք նկարում և հետո ջնջում եմ, որովհետև նայելը շատ ցավալի է լինում ու նույնիսկ արխիվում չեմ կարողանում պահել։

– Հետո չես փոշմանո՞ւմ, որ ջնջել ես։

– Ընկերներս ասում են՝ կփոշմանես, բայց դեռ չեմ փոշմանել։ Ես իմ առջև նպատակ եմ դրել, որ ստեղծագործեմ ասելիքով։ Եթե կա կարոտ, այն պետք չէ տխուր ներկայացնել։ Կարոտը նաև գույներ ունի իր մեջ։ Իսկ տվյալ կադրերը, որոնք ջնջել եմ, դրանցում շատ ցավ կար, կադրը պատմում էր ցավի մասին։ Բայց քանի որ դա իմ արվեստում չկա՝ ջնջել եմ։

– Շատերը երբ նայում են քո լուսանկարները, ասում են, որ հերոսների աչքերում կա և՛ ուրախություն, և՛ տխրություն, նաև ապրելու, կյանքը շարունակելու ձգտում։ Ինքդ կյանքում ի՞նչ դժվարությունների ես հանդիպել, հաղթահարել, և նույնը քո հերոսների դեպքում՝ ինչպես են իրենք հաղթահարել։

– Ես հաղթահարել եմ իմ ծնողների շնորհիվ։ Ինձ օգնել է նաև կրթությունը, որ բարդությունները հաղթահարեմ։ Իսկ հերոսներս, քանի որ միայն ցավով չեմ իրենց ներկայացնում, այլ դրական գույներով, ինձ թվում է՝ հենց այդ դրականը կպատմի, որ իրենք ապագայում հաղթահարելու են, այսինքն՝ չեն մնալու ցավի մեջ։

– Լուսանկարները հիմնականում սև ու սպիտակ են։ Դա կապված է քո հերոսների կյանքի այդ փուլի գունապնակի՞ հետ, թե՞ դու ուղղակի նախընտրում ես սև ու սպիտակ լուսանկարել։

– Ես նախընտրում եմ սև ու սպիտակ, և հերոսներիցս էլ է կախված։ Կան, որ գունավոր են, կարծում եմ, որ պետք չէ սև ու սպիտակով պատմել իրենց մասին, ու այդ ժամանակ գունավոր եմ ֆիքսում իրենց կադրը։ Իսկ սև ու սպիտակը ես նմանեցնում եմ պոեզիային՝ սպիտակ թղթի վրա սևով գրված տառերով, այսինքն՝ գույները ստեղծվում են քո մտքում՝ երբ նայում ես կադրին։ Հաճախ ասելիքդ ներկայացնելու համար նույնիսկ հագուստի գույնը կարող է խանգարել, և նաև այդ պատճառով է, որ սև ու սպիտակ եմ ներկայացնում։

– Սոցիալական վիճակը ներկայացնող նկարները վաճառվո՞ւմ են, թե՞ հնարավոր է՝ միայն ցուցահանդեսներին ներկայացնես։

– Վաճառքի քիչ դեպքեր են եղել, բայց եղել են, գոհ եմ։ Ինձ թվում է՝ ապագայում ցուցահանդեսը խթան կհանդիսանա, որպեսզի նաև վաճառք լինի։ Կկարողանամ նաև ինքս ինձ կողքից ճանաչել, երբ ցուցահանդես ունենամ։ Այդ ժամանակ կհասկանամ, թե ինչ եմ անում։ Հանդիսատեսի հայացքն ինձ շատ բան կհուշի, քան համացանցում ինչ-որ գովեստի խոսքերը։

– Տեղյակ եմ, որ լուսանկարները նաև ցուցադրվել են արտերկրում․ դա եղել է ինչ-որ պատկերասրահի առաջա՞րկ, թե՞ մեր հայրենակիցներն են կազմակերպել։

– Մեր հայրենակիցներից գերմանաբնակ Աննայի գլխավորությամբ է եղել։ Հայուհի, ով իմ արվեստը գնահատում է, Գերմանիայի քաղաքաներից մեկում փոքրիկ ցուցահանդես էր կազմակերպել՝ շեշտը դնելով հիմնականում տեղահանված ընտանիքների վրա։ Ցավոք, քովիդի ժամանակահատվածն էր, և այցելությունները շատ չեն եղել, բայց ուրախ եմ, այդ փաստն ամեն դեպքում ոգևորեց ինձ։ Նաև գումար հավաքվեց, այցելեցինք իմ հերոսներին։

– Նշեցիր, որ նաև եղել են գնորդներ․ հիմնականում գնել են տանը, պատից կախելու համա՞ր, թե՞ ուղղակի նկարն իրենց շատ է հուզել։

– Անկեղծ ասած, գնորդներն արվեստագետներ են եղել, և դրա համար ավելի ուրախ եմ։ Ու քանի որ արվեստագետ է գնել, դա խոսում է այն մասին, որ հաստատ միայն տանը կախելու համար չէ, այլ նայելու, վերլուծելու, զգալու համար է։

– Սովորել ես Թատրոնի և կինոյի ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում, ապա նոր մուտք ես գործել լուսանկարչության աշխարհ։ Ի՞նչը հնարավոր չէ ներկայացնել կինոյի միջոցով, որն անում ես տեսախցիկի միջոցով։

– Սովորել եմ երջանկահիշատակ Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցում և իր պահանջների շնորհիվ տնային աշխատանքները կատարել ենք շատ բարձր որակով, որոշ ուսանողներ բուռն ձևով են դասերին մասնակցել։ Ես հեռակա եմ սովորել, բայց Ռուբեն Գրիգորյանն ինձ հետ անհատական էլ է պարապել։ Քանի որ կինոն ծնվել է լուսանկարչությունից, դա էլ էինք պարապում։ Կադրեր էի անում, որոնք ինչ-որ իմաստ էին հաղորդում։ Սկզբում պարոն Գրիգորյանը դժգոհում էր, հետո ես ինձ վրա աշխատեցի՝ իր խորհուրդները, հանձնարարված ֆիլմերը դիտելով, նաև Արտավազդ Փելեշյանի ընդհանուր վավերագրությանը ծանոթանալով՝ սկսեցի վավերագրական կադրեր անել, և, բարեբախտաբար, պարոն Գրիգորյանին դուր եկան, իսկ կինոյի հետ կապված՝ ես հասկացա, որ շարժումն իմը չէ։ Այսինքն, իմը պետք է ստատիկ կադր լինի, դա է ինձ տրված, ես չեմ կարող ինչ-որ ռիթմիկ գործ ստեղծել։ Եվ կարելի է ասել՝ հենց դասերի ժամանակ ես ինձ գտա։ Նաև գրականությունը մեծ ներդրում ունեցավ․ Լև Տոլստոյ, Դոստոևսկի և այլ մեծանուն գրողների գործեր։

– Դեր ունեցավ այն առումով, որ հիմնականում քո ուշադրության կենտրոնում հայտնվեն սոցիալական խնդիրներ ունեցող մարդի՞կ։ Գիտեմ, որ նկարում ես միջին և աղքատ խավին։

– Աղքատ, բայց հոգով հարուստ մարդկանց եմ նկարում, և հենց այդ հարստությունից եմ ես քաղում կադրերը։ Իրականում այդտեղ աղքատությունը չէ, հոգու հարստությունն է։ Ամեն դեպքում ես դա եմ փնտրում։ Իսկ գրականությունը հիմնականում ստեղծված է նմանատիպ հերոսներով։ Անհետաքրքիր, շատ ճոխ կյանքով ապրող հերոսը էլի կարող է ինչ-որ դրամայի մեջ լինել, բայց քիչ դեպքերում։ Հիմնականում իմ հերոսները զուգորդվում են դասական գրականության հերոսների հետ։

– Բնականաբար, հերոսներիդ հետ զրույցների ընթացքում որոշ դրվագներ իմանում ես նրանց կյանքից։ Կա՞ն հերոսներ, որոնց կյանքի պատմությունը քեզ ցնցել է։

– Հիմնականում քիչ առաջ պատմածս հերոսների վերաբերյալ հիշողություններն են ինձ մոտ մնացել։ Նրանք, որոնց համար տնակ էինք գնել՝ շատ հայրենասեր ընտանիք էին: Տան մեծահասակը Գարեգին պապն էր, ով մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին, տնեցիները միշտ ուշադիր են եղել, որ չփախչի, բայց սեպտեմբերի 27-28-ն ընկած ժամանակահատվածում, գիշերով, իր որսորդական հրացանով փախել էր տնից ու միացել կամավորների ջոկատին ու հնարավորինս պայքարել։ Հերոս պապի վերաբերյալ կադրեր ունեմ․ հիմնականում ցնցել է, և մինչ օրս Գարեգին պապի հետ կապի մեջ ենք։ Ամենաազդեցիկ պատմությունն իր մասին է։

– Շատ լուսանկարիչներ նշում են, որ որևէ կադր ստանալու համար նախընտրում են որոշ ժամանակ ապրել այդ բնակավայրում, շփվել մարդկանց հետ։ Քո դեպքում և՞ս այդպես է։

– Ես առաջին մեկ ժամը պարտադիր շփվում եմ հերոսների հետ՝ հասկանում եմ իրենց խնդիրները և կադրերը ստեղծելիս հաշվի եմ առնում իրենց պատմածը, ապրածը։ Այդ մեկ ժամվա ընթացքում սկսում ենք ընկերանալ․ երեխաների հետ խաղալ, մեծերի հետ տարեցի պես զրուցել․․․։ Դրա համար սկսում են վստահել ինձ։ Լինում է, որ տեսախցիկը երեխաներին եմ տալիս, որ տեսնեն՝ վախենալու չէ, նույնն է, ինչ հեռախոսով նկարվեն, ու իրենք սկսում են չքաշվել, սովորում են տեսախցիկին, և ստացվում է կադրը։

– Հերոսներդ երբևէ ցանկություն հայտնե՞լ են վերցնել տեսախցիկն ու քեզ նկարել։ Այդ դեպքում, ըստ քեզ, ի՞նչ գույներով դու կներկայանայիր։

– Եղել է դեպք, որ ինձ նկարել են, ու ասեմ, հետաքրքիր, լավատեսությամբ լի կադրեր են ստացվել։

– Մեր երկրում լուսանկարիչներն ի՞նչ խնդիրների են բախվում։ Կարծեմ՝ դու որևէ լրատվամիջոցի հետ չես համագործակցում, այլ տեղեր չես ուղարկում, որպեսզի գումարի դիմաց տպագրեն լուսանկարները։

– Խնդիրներ չեմ ունենում, ճիշտն ասած։ Երբ ստեղծագործում ես, ուրեմն ստեղծագործում ես։ Երբ զենքը ձեռքիդ խրամատում կանգնած ես ու պետք է կռվես՝ կռվում ես, ոչ մի բանի չես նայում, նույնը արվեստում է, պետք է անես, պետք է ստեղծես։ Սկզբում լուսանկարչությունն ինձ մոտ խաղի նման էր, երկխոսությունը մի քիչ մանկական էր, հիմա լուսանկարչությունը կենսական է դարձել։ Պետք է անես՝ և վերջ։ Այդ ամենը կարծես արյունատար անոթներիդ մեջ լինի։

– Որպես օրինակ՝ վերցրել ես մեր հայ լուսանկարիչների՞ն, թե՞ այլազգի։

– Երջանկահիշատակ Գերման Ավագյանի գործերն եմ գնահատում, սովորում եմ իրենից։ Հոգեբուժարանում կադրեր էր արել, որի արդյունքում փոփոխություններ էին մտցվել հիվանդների կենցաղում։ Ընդհանուր դասական լուսանկարիչների գործեր նայում եմ, ոգեշնչվում։

– Դու նաև մասնակցել ես արցախյան 44-օրյա պատերազմին։ Եթե զենքի փոխարեն տեսախցիկը լիներ ձեռքիդ, ի՞նչ կադրեր էիր ֆիքսելու և որո՞նք էիր դուրս թողնելու։

– 44-օրյա պատերազմին հիմնականում թիկունքային զորամասում եմ եղել։ Տեսախցիկն ինձ մոտ է եղել, բայց շատ չեմ չարաշահել։ Ունեմ կադրեր, որոշակի արխիվ։ Հիմա նայում ու զարմանում եմ․ հիմնականում ուրախ, դրական կադրեր եմ արել․ այնտեղ ծիծաղ է, ժպիտ, հումոր։ Այդ կոնտրաստն է հետաքրքիր․ հասարակական կյանքում մելանխոլիան եմ վավերագրում, ծառայության ժամանակ՝ ուրախություն։ Լրիվ գունավոր նկարներ են։

– Դրանք երբևէ ցուցադրվելո՞ւ են։

– Ապագայում գուցե ցուցադրվեն, տեսնենք։

Մանրամասները՝ 168.amտեսանյութում