Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024
Հինգշաբթի, Դեկտեմբերի 26, 2024

Մեր դիրքը միայն կյանքի գնով կտանք․ Ջերմուկում զոհված Անդրանիկ Վարդանյանը փետրվարին պետք է զորացրվեր

Հոկտեմբերի 18, 2022

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Անդրանիկ Վարդանյանը։

19-ամյա Անդրանիկը փետրվարին պետք է զորացրվեր։ Նա վարորդ էր, ծառայում էր Ջերմուկում։

«13-ի առավոտյան զանգահարել է հորը, ասել է՝ մի մտածեք, ես և ընկերներս մեր դիրքը չենք թողնի, եթե թողնենք էլ, միայն մեր կյանքի գնով։ Մեր դիրքից հետո Երևանն է։ 13-ից հետո մենք Անդրանիկից տեղեկություն չենք ունեցել մինչև ԴՆԹ-ի պատասխանը գալը»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Անդրանիկի հորեղբայրը՝ Նարեկ Վարդանյանը։

Անդրանիկը եղել է սեպտեմբերի 20-ին Հայաստանին փոխանցված 95 զոհված զինծառայողների թվում։ Նա զոհվել է գլխի հատվածում ստացած բեկորային վնասվածքներից։

Անդրանիկը Երևանից էր, ցանկանում էր ճարտարապետ դառնալ։ Նա հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։