Որևէ մեկը երբ նշում է <<գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը>>, թող չալարի և գրի իրականությունը․ Մարիա Գիշյան
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Դավիթ Գիշյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդրում եմ հնարավորինս տարածել
Քանի որ եղբորս մահվան մասին հաճախ շատ սխալ կամ կիսատ ինֆորմացիա է շրջանառվում՝ հարկ եմ համարում հստակեցնելը: Իմ եղբայրը՝ Դավիթ Գիշյանը, պատահական գերության մեջ հայտնված և զոհված զինվոր չէ: Իմ եղբայրը ժամեր շարունակ կռիվ է տվել, առավոտյան կողմ երբ վիճակը արդեն անելանելի է եղել՝ խումբը նահանջել է: Նկատելով, որ ընկերը չկա՝ եղբայրս զինվել է և միայնակ ետ բարձրաձել դիրք ընկերոջը գտնելու համար, այդ ժամանակ ազերիները արդեն եղել են մի քանի մետրի վրա: Որից հետո Դավիթը ծանր վիրավորում է ստացել և գերևարվել: Եղբայրս գիտակցված ձևով գնացել է այդ քայլին, անձնազոհաբար փորձել է օգնել ուրիշին, որի արդյունքում էլ արնաքամ է եղել թշնամու ձեռքին և մահացել:
Տվյալ դիրքից զոհվել են միայն եղբայրս և այն տղան, ում համար Դավիթը հետ էր գնացել: Տվյալ դիրքից մնացածները ողջ են, որի համար ես շատ ուրախ եմ, այս ցավը թող ոչ ոք չտեսնի և չզգա:
Եղբայրս վերջին ամիսներին միշտ նույն դիրքում է եղել, տեղանքը արտակարգ լավ գիտեր, ինձ հաճախ էր պատմում: Որևէ մեկը երբ նշում է «գերի ընկած և զոհված Դավիթ Գիշյանը», թող չալարի և գրի իրականությունը՝ «կռիվ տված, իր փրկության հնարավորությունը անտեսած, ընկերոջը օգնելու համար թշնամուն միայնակ դեմ հանդիման գնացող և դրա արդյունքում գերևարված Դավիթ Գիշյանը»: Դավիթ Գիշյանը, ում արյան ոչ մի կաթիլը չարժե այս հայրենիքը: Եղբայրս, ով վերջին 9 ամսում դիրքերից գրեթե չէր իջել, անձրևի, ձյան, արևի տակ դիրքում, գիշերվա ամենամութ ու ամենավտանգավոր ժամերին զենքը ձեռքին արթուն կանգնած էր:
«Հերոս զինվոր», «Հավերժ փառք» և նմանատիպ դատարկ քոմենտներ խնդրում եմ չթողնել, քանի որ այս երկրում այդ «հավերժը» զինվորի մահից հետո մի քանի օր է և մեկ-մեկ էլ կերուխումներին, երբ սնվելուց առաջ կհիշեն մի բաժակ բարձրացնել հերոս զինվորների համար և 2 րոպե հետո չեն հապաղի իրենց պարահրապարակ նետել թուրքական կլկլոցների ներքո: Քանի որ ոչ մի կերպ արդարացված չէ քո «չլինելը» և մնացածի «լինելը»: Քանի որ միշտ իմացել եմ, որ ոչ մի հայրենիք արժանի չէ 18 տարեկանի արյանը:
Երկիրը այդպես չեն պահում:
Այո, հավերժ փառք իմ 19-ամյա, գեղեցիկ, բացառիկ, ազնիվ, մեծ սրտով, խելացի եղբորը, և մեր մյուս եղբայրներին: Բայց այդ հավերժ փառքին իրենք չեն արժանանալու դատարկ խոսքերի և մեկնաբանությունների արդյունքում: Եվ այո, ես անչափ մեղավոր եմ, որ շատ բան չարեցի իմ փոքր եղբորը այդ չարիքից հեռու պահելու համար:
Դու լույս էիր, անգամ մահվան մեջ ավելի լուսավոր և գեղեցիկ ես քան մենք՝ «ապրողներս»: Ծեծված «հայրենիքի համար կյանքը տված զինվոր» բնորոշումը շատ փոքր և ճղճիմ է քո համար, այդ «զինվոր» կոչումը փորձեց ստվերել քո անհատականությունը, բայց դու միշտ էլ հազարավոր անգամներ ավելին ես եղել դրանից: Ափսոս, որ այդքան պատվով էիր և մի փոքր եսասեր չեղար: Փառք քեզ»: