Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Տողի անկումը․ մեկօրյա մարտեր գյուղի համար

Հոկտեմբերի 24, 2022

Երկու տարի առաջ այս օրը՝ 2020թ․-ի հոկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Տող գյուղն անցավ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։

Գրավելով Արցախի հարավային տարածքները՝ հակառակորդը մոտեցել էր Հադրութի շրջանի գյուղերին։ Դրանցից հատկապես նշանավոր էր Տող գյուղը, որն, ունենալով պատմամշակութային մեծ նշանակություն, վերջին տարիներին դարձել էր Արցախի տնտեսական և տուրիստական կենտրոններից մեկը։

Հադրութից դեպի Շուշի և Ստեփանակերտ ադրբեջանցիների առաջխաղացման հաջողությունը կախված է Տողը և հարակից գյուղերը գրավելու հանգամանքից, քանի որ այդտեղով էին անցնում Արցախի խորքը տանող ուղիները։

Մինչև հոկտեմբերի 21-ը գյուղի աշխարհազորայինները և կանոնավոր բանակը թշնամու դեմ մարտեր են վարել գյուղի մատույցներում, ապա՝ հենց գյուղի տարածքում։ 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմում Տող գյուղի ինքնապաշտպանության մասին պատմում են գյուղի աշխարհազորայինները և Տողի համայնքապետը։

«Սեպտեմբերի 27-ի առավոտը եղբայրս զանգեց, ասեց, որ պատերազմը սկսվել ա»։

Արցախի Հադրութի շրջանի Տող համայնքի համայնքապետ Վարդան Գրիգորյանը պատմում է, որ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը Երևանում էր։ Եղբոր զանգից հետո միանգամից մեկնել է Արցախ։

«Էտ ճանապարհն ինձ համար ․․․․ և՛ հեշտ էի գնում, և՛ դժվար էի պատկերացնում այս ամեն ինչը։ Մեր շտապօգնության մեքենաներն էին անընդհատ գնացողները, նաև Ղարաբաղից տարհանում էր, անհասկանալի էր», - ասում է Գրիգորյանը։

Որպես գյուղի ղեկավարի՝ պատերազմի ժամանակ Գրիգորյանի վրա են դրված եղել գյուղի մոբիլիզացիան, քաղաքացիական պաշտպանության, տարհանման պարտականությունները։

Քարտեզ։ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ․ սեպտեմբերի 27-ից սկսած Տողի բնակիչների մի մասը տարհանվեց ավելի թիկունքում գտնվող գյուղեր՝ Տումի և Հակակու (կապույտ սլաքներով)։ Միաժամանակ գյուղից մոբիլիզացված ուժերը մեկնեցին ռազմաճակատ՝ Կարախանբեյլիի ուղղությամբ (կապույտով նշված դիրքեր՝ շփման գծի մոտ)։

Պատմում է, որ առաջին իսկ օրը գյուղի ՄՈԲ-ը մեկնել է ռազմաճակատ՝ Կարախանբեյլիի ուղղությամբ (Տողից արևելք, 27 կմ հեռավորության վրա)։ Ավելի ուշ գյուղում են տեղակայվել նաև բանակային ստորաբաժանումներ (Մարտունի 3-րդ պաշտպանականից մեկ վաշտ, մեկ տանկ Իվանյանի տանկային բրիգադից և ՊԲ հատուկջոկատայինների մեկ խումբ)։

«Պատերազմի առաջին օրը գնում ենք Տողից Հադրութ, զենքեր ստանում, ու ես՝ որպես առաջին կռվի մասնակից, դառնում եմ մեր գյուղի՝ մոտ 20 հոգուց կազմված ՄՈԲ դասակի հրամանատար։ Ուղարկում են Հադրութի Կարախանբեյլի կոչվող տեղամասից աջ ընկած տեղամասում երկրորդ գիծ»,- պատմում է Սպարտակ Բադադյանը։

Տողի ՄՈԲ-ի խմբի մեջ էին նաև Լեռնիկ Շաբուրյանը և Արամ Ավանեսյանը։ Լեռնիկ Շաբուրյանը նախկին զինվորական է: Նա պատմում է, որ Կարախանբեյլիում մարտերի չեն մասնակցել, սպասում էին հրամանի:  

«14-րդ օրը (հոկտեմբերի 10-ին, հեղ․) իմանում ենք, որ ադրբեջանցիները շրջանցել են, մտել մեր թիկունքը՝ անտառներով եկել են, մտել Հադրութ։ Մենք հասկանում ենք, որ էնտեղ արդեն անելու բան չունենք, իմաստ չունի մեր էնտեղ մնալը, ավելի լավ է գնանք մեր գյուղը պահենք», - պատմում է Լեռնիկ Շաբուրյանը։

Հոկտեմբերի 11-ին ՊԲ հրամանատարությունը որոշեց, որ Տողի աշխարհազորը վերադառնա գյուղ եւ կազմակերպի գյուղի պաշտպանությունը:

«Գյուղ վերադառնալուց երեք օր հետո (հոկտեմբերի 14-ին, հեղ․) իմացանք, որ գյուղից [10 կմ] արևելք ընկած Կավաք բարձունքի վրա կրակոցներ են եղել, դիվիզիայի հրամանատարի տեղակալ Վարդան Ղահրիյանի հետ Տողից գնացինք դեպի Կավաք՝ իրավիճակը հասկանալու: Ջրաշխարհից (Տողից 3 կմ հյուսիս-արևելք, հեղ․) մի քիչ ներքև մեքենաները կանգնեցրինք։ Արթուր Աղաբեկյանն էր (գեներալ-լեյտենանտ) այնտեղ, Լևոն Մնացականյանն էր (գեներալ-լեյտենանտ), Արտակ Տոնոյանն էր (գեներալ-մայոր)՝ խաղաղապահների հրամանատարը, Կարեն Գրիգորյանը (գնդապետ)»,- պատմում է Սպարտակ Բադադյանը։

Արթուր Աղաբեկյանը Սպարտակին ճանաչում էր առաջին պատերազմից և որպես տեղանքին ծանոթ մարդու՝ հրահանգում է օգնել խաղաղապահ գումարտակի հրամանատար Արսեն Մանգասարյանին, որ գումարտակը դիրքավորվի գյուղից 7 կմ հյուսիս-արևելք գտնվող «Կարվին»-ի տարածքում (ԽՍՀՄ ժամանակ գինու գործարան է եղել այդտեղ, առաջին պատերազմից մնացած դիրքեր են եղել)։

Որպես տեղացիների և որպես պատերազմով անցած մարդկանց՝ Սպարտակ Բադադյանին, Լեռնիկ Շաբուրյանին և Արամ Ավանեսյանին նշանակում են ՊՆ խաղաղապահ զինծառայողներից կազմված դասակների հրամանատարներ: Դասակներին հրահանգում են դիրքավորվել  «Կարվին»-ի դիրքերից հարավ։ Այդ ժամանակ ադրբեջանական ուժերն արդեն գրավել էին Հադրութն ու Ֆիզուլին և երկու կողմից շարժվում էին Տողի հարավ-արևելքում գտնվող Ուխտաձոր, Ջրակուս, Մարիամաձոր գյուղերի ուղղությամբ։

Քարտեզ։ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ․ Հադրութի անկումից հետո ադրբեջանցիները սկսում են առաջխաղացումը դեպի հյուսիսում գտնվող գյուղեր։ Նրանք ուժեր են կենտրոնացնում Ուխտաձորի հատվածում (կարմիր գույնով)։ Հայկական ուժերը, այդ թվում՝ տեղացիների հրամանատարությամբ գործող խաղաղապահների դասակները, տեղակայվում են Տող գյուղից հարավ-արևելք. «Կարվին» կոչվող տեղամասում (կապույտ գույնով)։

Սպարտակ Բադադյանը պատմում է, որ այդ օրերին խաղաղապահների հետ ամրացել են, դիրքեր են փորել։ Ընթացքում այդ դիրքերը մի քանի անգամ ռմբակոծվել են ադրբեջանական ինքնաթիռներից․ «Ռմբակոծեցին։ «Կարվին»-ի թումբը դղրդում էր։ Բարեբախտաբար, զոհեր չեղան։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, ականանետներով սկսեցին կրակել։ Խաղաղապահների ու նրանց կցված ՄՈԲ-ի մեծ մասը դրանից հետո թողեց դիրքերը, մոտ 100 հոգուց 20-ը մնացին»։

Լեռնիկ Շաբուրյանը պատմում է, որ սկզբից մեծ սպառազինություն չունեին․ ունեցածը՝ ավտոմատներ, «ՌՊԿ» (գնդացիր), չաշխատող «ԴՇԿ» (խոշոր գնդացիր), նռնակներ։ Ունեին նաև նռնականետներ՝ մի քանի նռնակներով։ Հետո Լեռնիկ Շաբուրյանի դասակը համալրվում է «ՍՎԴ» դիպուկահար հրացաններով: 

Շաբուրյանը պատմում է, որ անկազմակերպ վիճակ էր, կապը պարբերաբար ընդհատվում էր, որի պատճառով լուրջ խնդիրների առաջ էին կանգնում: Հայկական զինուժի ուղղաթիռները եկել էին՝ ադրբեջանցիների դիրքերը հրթիռակոծելու, սակայն  թիրախավորել էին միջդիրքային հատվածը: Ըստ Շաբուրյանի՝ հետ գնալիս ուղղաթիռներից մեկը խոցվել է: 

Խնդիրներ հրետանու հետ

«Կարվինի» դիրքերում տեղակայված Լեռնիկ Շաբուրյանի դասակը տեսնում էր, թե ինչպես են Ուխտաձորից  ադրբեջանական ստորաբաժանումները բեռնատարներով և զրահամեքենաների ուղեկցությամբ հենց ճանապարհներով գալիս, բացազատվում ու մտնում անտառները, դիրքավորվում։

Լեռնիկ Շաբուրյանը պատմում է, որ առաջնագծից իրենք տեսում էին այդ առաջխաղացումը, թիրախների դիրքերը հաղորդում էին հրետանուն, սակայն հրետանու հարվածները շեղ էին լինում։ Նույնիսկ հետագա ուղղորդումից հետո այդ հարվածները չէին դիպչում ադրբեջանցիների հոծ խմբերին։

«Ասում եմ՝ էսինչ տեղամասն ա․ մի՞թե դուք քարտեզ չեք կարում դնեք։ Ես հստակ ասում եմ, կարաք գցեք մեջները։ Մի հոգի չի, մի երկու սնարյադ գցես, սաղ կոտորվելու են։ Մենակ Ուխտաձոր գնացող ճանապարհին, որտեղով գալիս են, էդտեղ մեր հրետանին մի ավտո է տրաքացնում: Խփում ա, տեսնում եմ, որ ծուխը հելավ, բոցը հելավ։ Մնացածը՝ ոչ մի բան, արտիլերիան ուղիղ չի խփում, ծուռ ա խփում։ Չգիտեմ՝ խի՞, ո՞նց։ Սաղ ծուռ ա խփում»,- ասում է Լեռնիկ Շաբուրյանը:

«Հոկտեմբերի 17-ին Տողի ՄՈԲ-ով գնացինք գյուղ, որպեսզի կազմակերպենք գյուղի պաշտպանությունը։ Խրամատներ չկային։ Գյուղի մեջ պահակային ծառայություն էինք կատարում։ Հակառակորդը եկել, մոտեցել էր Տողին»,- պատմում է Բադադյանը:

Քարտեզ։ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ․ օրերի ընթացքում ադրբեջանցիները շարունակում են առաջխաղացումը։ Ֆիզուլիի (Վարանդայի) կողմից ադրբեջանական ուժերը մեքենաներով գալիս և կենտրոնանում են Հողեր գյուղի հատվածում (կարմիր գույնով)։ Հայկական ուժերը նահանջում են մինչև Տող գյուղի մատույցները։ Շուտով ադրբեջանցիների վերահսկողության տակ են ընկնում նաև Ջրակուս և Մարիամաձոր գյուղերը։ Մոտենում են նաև հարավի՝ Հադրութի կողմից։

Մարտեր Տողի համար

Հոկտեմբերի 20-ի գիշերը Տողի հարակից հատվածներում դիրքավորվածների մոտ վերջացել էր հեռախոսների, ռադիոսարքերի լիցքը։ Լեռնիկ Շաբուրյանը գնում է գյուղ՝ տեխնիկան լիցքավորելու։ Գիշերը մնում է գյուղում։ Առավոտյան լուր է ստանում՝ ադրբեջանցիներն արդեն գյուղի մոտ են՝ գալիս են դպրոցի կողմից՝ արևելքից։

Քարտեզ։ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ․ հոկտեմբերի 21-ին ադրբեջանական ստորաբաժանումները մոտենում են Տող գյուղի սահմաններին։ Գյուղից հարավ-արևելք տեղակայվում է ադրբեջանցիների դիպուկահար խումբը (կարմիր գույնով)։ Հայկական հիմնական ուժերը տեղակայվում են գյուղից հյուսիս-արևելք․ դա դեպի Ստեփանակերտ գնացող ճանապարհի հատվածն է։ Ըստ էության՝ հայկական կողմը նահանջի ճանապարհն է պաշտպանում։ Ադրբեջանցիների առաջին խմբերը գյուղի թաղամասերին մոտենում են արևելքից՝ «1» և «2» թվերով նշված ձորակներով։ Հիմնական մարտերն ընթանում են առաջին ձորակում՝ «Պապունց ծյոր» կոչվող տեղամասում։

Լեռնիկ Շաբուրյանը և Արամ Ավանեսյանը գնում են այդ ուղղությամբ։ Ստուգում են մանկապարտեզի շենքը․ ադրբեջանցիներ չեն լինում։ Հետո ստուգում են հարևանությամբ դպրոցի շենքը․ կրկին ադրբեջանցիներ չեն լինում։ Այդ օրը մառախուղ է լինում, նրանք հեռուն չեն տեսնում, ադրբեջանցիների դիպուկահարներն էլ նրանց չեն տեսնում։

Ձորակի մոտ (տե՛ս քարտեզում) հանդիպում են զինված մեկին։ Ձայն են տալիս, դիմացինը միանգամից դիրքավորվում է։

«Չի կրակում, միանգամից դիրքավորվում է։ Թփոտ տեղ է։ Ծունկը դնում է, որ դիրքավորվի։ Ջոկում եմ, որ ադրբեջանցի է։ Միանգամից երկու պատրոն գլխին եմ խփում։ Դա միլիվայրկյաններ է տևում։ Էդ պահին ինչ-որ տեղից նռնակներ են գցում մեր վրա»,- պատմում է Լեռնիկ Շաբուրյանը։

Նա և Արամ Ավանեսյանը դիրքավորվում են, սկսվում է մարտը՝ նռնակներով, ավտոմատներով։ Ադրբեջանցիները նաև թվով շատ են լինում, սկսում են շրջապատել, սակայն չեն տեսնում Լեռնիկին ու Արամին, չեն կարողանում հասկանալ՝ որտեղից են նրանք կրակում։

Արամը պատմում է, որ  իրենց մոտ փամփուշտ քիչ էր մնացել, սկսել էին մենահատ կրակել: 

«Ասում եմ՝ Լեռնիկ, երկու հատ պատրոն պահի, որ դու քեզ սպանես։ Ես քեզ չեմ սպանելու։ Ես ինձ եմ սպանելու։ Էլ հանձնվել չկա։ Մենակ մեռնենք, գնանք։ Ո՞ւմ հանձնվենք։ Տողի մեջ հանձնվե՞նք»,- պատմում է Արամ Ավանեսյանը։

Նահանջ

Երկու տողեցիները շրջափակումից դուրս են գալիս շնորհիվ այն բանի, որ կարողանում են կապվել յուրայինների հետ, հայտնում իրենց գտնվելու վայրը։ Մերոնք սկսում են կրակել  այդ ուղղությամբ, թշնամին մի պահ խուճապի է մատնվում, Լեռնիկը և Արամը կարողանում են դուրս գալ շրջափակումից։

Զինամթերք են վերցնում ու երկրորդ անգամ խմբով գնում են նույն տեղը, մարտի բռնվում: Ոչնչացնում են ադրբեջանցիների մեծ մասին, մնացածը փախչում են։

Այդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, ըստ Սպարտակ Բադադյանի, հայկական ուժերի մեկ տանկ է (Իվանյանի տանկային բրիգադից) գալիս օգնության, դպրոցի մոտակայքից մի քանի կրակոց է արձակում խաղողի այգիներում կուտակված ադրբեջանական խմբերի ուղղությամբ: Տողի դպրոցի մերձակայքում առավոտյան մարտերին մասնակցում է նաև Մեծ Թաղեր գյուղից միացած 6 աշխարհազորային, որոնցից Վահրամ Լազգիյանը մարտի ընթացքում վիրավորում է ստանում և տեղափոխվում Կարմիր Շուկայում տեղակայված հոսպիտալ։ Այդ մարտում տողեցիներից դիպուկահարի կրակոցից վիրավորում է ստանում Հայկ Գասպարյանը։

Մարտի ավարտից հետո Արամ Ավանեսյանն օգնում է, որ Տողից հարավ-արևելք ընկած Ծակուռի գյուղի անտառներից շրջափակումից դուրս գա հատուկջոկատայինների 23 հոգանոց խումբը, որ մնացել էր ադրբեջանցիների թիկունքում։ Ուղեկցում է նրանց Տումի։

Հոկտեմբերի 21-ի երեկոյան հայկական ուժերը հավաքվում են գյուղից հյուսիս-արևելք, Ստեփանակերտից եկող գլխավոր ճանապարհի սկզբնամասում գտնվող «Թուրքի գյոռուտ» կոչվող բարձունքում (նախկին ադրբեջանական գերեզմանոցի, զենքի պահեստների մոտ) և սբ․ Ստեփանոս եկեղեցում (գյուղի կենտրոնում, բարձունքի վրա)՝ հրահանգների սպասելու։

Այնտեղ էր նաև ժամկետային զինծառայողների մեկ վաշտ Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանից։ Արթուր Աղաբեկյանը կապվում է բարձունքում հավաքված հայկական ուժերի հետ, Արամ Ավանեսյանին հրահանգում է զորքին ուղեկցել ու դուրս բերել գյուղից։

«Աղաբեկյանը խոսեց, թե վաշտը հանի։ Ո՞նց հանեմ։ Ասում է՝ հանի, հո քո սեփակա՞նը չեն, որ մոտդ ես պահում։ Ասում եմ՝ 3-4 խումբ ադրբեջանցի են։ Երեք խմբի սպանել ենք, մեկն էլ առավոտն ենք սպանելու։ Ասում է՝ չէ, զորքը հանի։ Դե, մի կողմից ճիշտ ա ասել, մյուս կողմից մեզ ա վնաս, որ հանում ենք։ Խառը-խշտիկ վիճակ էր, բայց ադրբեջանցիներն արդեն Դրախտիկը վերցրել էին, Ազոխը վերցրել էին, լրիվ սարերը՝ անցել։ Մենք ուղղակի մտած էինք էդ զորքերի մեջ։ 

Իրիկունը զորքերը հանեցի։ Մի քանի հոգի մերոնցից մնացել էին գյուղում։ Ես զորքը հանել եմ, տարել եմ Տումի, որ ճանապարհենք, գնան, Մեծ Թաղերով դուրս գան»,- պատմում է Արամ Ավանեսյանը։

«Դիմադրեցին տողեցիները, դիմադրեցինք մինչև երեկո։ Բայց, ցավոք սրտի, արդեն որ Ստեփանակերտի հետ կապող մեր հիմնական ճանապարհը Դրախտիկ գյուղն էր, Դրախտիկն էլ օրվա երկրորդ կեսին ադրբեջանցիները մտել էին, մեր աջից, ձախից, դիմացից գալիս էին ադրբեջանցիները, մենք ոնց որ արդեն շրջափակման մեջ էինք ընկնում։ Արդեն գիշերը, կարելի է ասել, մենք թողել, գյուղից դուրս ենք եկել»,- պատմում է Տողի համայնքապետ Վարդան Գրիգորյանը։

Հոկտեմբերի 21-ի գիշերը Տողում մնացել էր 5 հոգի ՄՈԲ-ից: Ադրբեջանցիները տարբեր ուղղություններով արդեն մտել էին գյուղ: Լուսադեմին աշխարհազորի վերջին 5 հոգին ստիպված լքում է գյուղը: Նրանք շարժվում են դեպի Տումի: Տումիի գյուղապետը անտառներով դուրս է բերում նրանց դեպի Լիսագոր, որտեղից էլ գնում են Ստեփանակերտ:

Քարտեզ։ ՏՈՂԻ ԱՆԿՈՒՄԸ․ 2020թ․-ի հոկտեմբերի 21-ին գյուղացիների մի մասը նահանջում է գյուղից հյուսիս գտնվող Մեծ Թաղեր գյուղով, իսկ վերջին խումբը հաջորդ օրը դուրս է գալիս Տումի գյուղով (քարտեզի վրա կապույտ գույներով)։

Հոկտեմբերի 22-ից Տող գյուղն ամբողջությամբ անցնում է ադրբեջանական վերահսկողության տակ։

Լեռնիկ Շաբուրյանի խոսքով՝ Տողի ՄՈԲ-ը, գյուղի անկումից հետո, պատերազմի ընթացքում, եղել է երկու ուղղության վրա․ մեկը Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի ուղղությունն էր, երկրորդը՝ Շուշիի մատույցները՝ Շոշ գյուղի զենքի պահեստների մոտակայքում և Լիսագորի ուղղությամբ։

Այնտեղ էլ մնացել են մինչև հրադադարի մասին հայտարարությունը։

Գյուղի տարհանումը

Մինչ ադրբեջանցիները Տող կհասնեին, պատերազմի առաջին իսկ օրը սկսվել էր Տողի բնակչության տարհանումը, բայց մասնակի։

«Սկզբում ժողովրդի մի մասը տարհանվեց դեպի ավելի խորը գյուղեր՝ Տումի, Հակակու և այլ տեղեր, որովհետև արկերից էինք պաշտպանում։ Բայց արդեն հոկտեմբերի 1-ից գյուղից ժողովուրդը տարհանվում էր լրիվությամբ կարելի է ասել»,- նշում է համայնքապետ Վարդան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տրանսպորտի հարցը լուծել են տարբեր կերպ։ Օգտվել են նաև այն դեպքերից, երբ հայկական ուժերն առաջնագիծ տեղափոխող մեքենաները հետդարձի ճանապարհին դատարկ են եղել, և կարողացել են բնակչությանը տարհանել դեպի թիկունք։ Եղել են նաև կազմակերպություններ, որոնք իրենց օգնությունն են առաջարկել, և գիշերները տեղափոխել են Տողի բնակիչներին։

«Մարդիկ կան, փաստաթղթերն էլ չեն հասցրել վերցնեն։ Եղել են մարդիկ՝ մենակ փաստաթղթերն են հասցրել վերցնել, դուրս գալ։ Գյուղի ժողովրդի ունեցվածքը, անասունները, գյուղտեխնիկան, մեծ թվով մեքենաներ մնացել են։ Որոշ գյուղտեխնիկա հոկտեմբերի 18-ին տարհանվել է Մարտունու շրջան»,- պատմում է գյուղապետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում