Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024

Ջերմուկի դիրքերում զոհված Տիգրանը սպորտսմեն էր. նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի

Նոյեմբերի 01, 2022

Ադրբեջանական վերջին հարձակման ժամանակ զոհված 19-ամյա Տիգրան Բաբիկյանն Արագածոտնի մարզի Կարբի գյուղից էր. բանակ էր զորակոչվել 2021թ. հուլիսին: Տիգրանի մարմինը գտնվել է զոհվելուց մեկ շաբաթ անց: Դիրքից, որտեղ Տիգրանն է կռվել ու զոհվել, ոչ ոք ողջ չի մնացել: Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կարբիի վարչական ղեկավար Ռոլանդ Հակոբյանը:

«Վեց ամիս ծառայել է Վանաձորում, որից հետո տեղափոխվել է Ջերմուկ: Սեպտեմբերի 12-ի գիշերը՝ կեսգիշերի կողմերը մի հատ տուն է խոսել ու անջատել հեռախոսը: Դեպքը եղել է լուսադեմին: Տիգրանի ձախ ձեռքի դաստակը չկար, բացի այդ՝ ձախ կողքից բեկորային վնասվածքներ էլ ուներ: Հակված ենք կարծելու, որ խրամատի մեջ՝ հենված դիրքում նռնակը քաշել է: Դե, այդ դիրքից ոչ ոք ողջ չի մնացել, որ հաստատապես ասենք, բայց փաստերի համադրությունը հուշում է, որ հենց այդպես է եղել»,-ասել է Հակոբյանը:

Տիգրան Բաբիկյանը երեք քույրերի եղբայր էր. մայրը բժշկուհի է, հայրն էլ գյուղատնտեսությամբ է զբաղվում:

«Սպորտսմեն տղա էր, ֆիզիկապես ամուր, հարգանքով, ժպիտը դեմքին, բարետես արտաքինով: Կարճ ասած՝ շատ լավ մարդ էր, կիրթ ընտանիքից դուրս եկած»-նշել է Ռոլանդ Հակոբյանը:

Բացի Տիգրանից, Կարբին սեպտեմբերյան վերջին պատերազմի ընթացքում ևս մեկ զոհ է տվել՝ Նարեկ Ստեփանյանը: Նարեկը ևս 2003թ. ծնունդ էր. զոհվել է Ներքին Հանդի հատվածում:

Կարբիից մեկ զինծառայող էլ համարվում է անհետ կորած: