Որդուս ճանաչել են Մեծամորի դիահերձարանում տատուներից
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում Մանուկյանների ընտանիքի համար արշալույսները արդեն երկու տարի է՝ նախկինի նման չեն. Աղավնի տատին Թռչունիկ ասողը չկա, գյուղի, ընկերների սիրելի Արոն չկա:
«Ամբողջ գյուղն ա ծանր տանում… մեր ցավը չենք կարա բացատրենք։ Տառապում ենք, տանջվում ենք, բայց մեր խաչն ա, մեր ուսերին պիտի տանենք»,- ասում է Արա Մանուկյանի հայրը՝ Նորիկ Մանուկյանը:
20-ամյա Արա Մանուկյանը, որին բոլորը Արո էին ասում, ապրել, մեծացել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում: Բանակ է զորակոչվել 2019թ․-ին և ծառայությունը սկսել Նոյեմբերյանում: Արան ավագ հետախույզ-գնդացրորդ էր:
2020-ի աղետալի պատերազմի ժամանակ հոկտեմբերի 18-ին տեղափոխվել է Արցախ, Իշխանաձոր, հոկտեմբերի 20-ին վերջին անգամ խոսել ծնողների հետ:
Հայրը՝ 50-ամյա Նորիկ Մանուկյանը, պատմում է՝ տեղյակ չի եղել, որ որդին Նոյեմբերյանի զորամասից տեղափոխվել է Արցախ ու մասնակցել մարտերի։ Հոկտեմբերի 20-ին վերջին անգամ խոսել է որդու հետ, սակայն նա ոչինչ չի ասել․
«Ես գիտեմ՝ Տավուշում են, ուզում էի գնայի իրանց մոտ: Որ զանգեց, ասեցի՝ կգամ հոպարիդ հետ, չասեց, որ Քաշաթաղում ա, մասնակցում ա մարտերին… Միշտ էր էդպիսին, հատկապես պատասխանատու գործերում, սիրում էր, որ գործողությունից հետո մենք իմանանք, չէր սիրում նախապես ասել»։ Հենց հոկտեմբերի 20-ին էլ Արա Մանուկյանը զոհվել է Իշխանաձորում՝ թշնամու դեմ թեժ մարտում:
Մանուկյանների համար հետպատերազմյան մղձավանջը շարունակվել է 7 ամիս՝ հարցուփորձեր, փնտրտուք: Նրանք տեղեկություն են ստացել, որ որդին, հնարավոր է՝ գերի է ընկել, բայց երբեք չեն մտածել՝ զոհվել է:
Սակայն 7 ամիս անց՝ 2021-ի մայիսի 25-ին, Մանուկյանները Մեծամորի դիահերձարանից զանգել են և տեղեկացրել՝ ԴՆԹ փորձաքննությունը նույնականացրել է Արա Մանուկյանին: «Մեր հարազատներից գնացել, ճանաչել էին:
Ճանաչելը հեշտ էր եղել՝ որդիս տատու ուներ, ինձ նկարով բերեցին, ցույց տվեցին տատուները»,- խեղդված ձայնով ասում է ավագ Մանուկյանը։
Հարազատները հրաժարվել են Արային Եռաբլուրում հուղարկավորելուց, նախընտրել են՝ երեխան լինի իրենց գյուղում՝ Արշալույսի եղբայրական պանթեոնում: Այստեղ նրա կողքին են հանգչում նաև 44-օրյա պատերազմում զոհված երկու զինակից ընկերները:
Արայի մասին խոսելիս հայրը հազիվ է զսպում արցունքները, բայց ձայնը խեղդվում է: Պատմում է՝ Արային բոլորն Արո էին ասում, ժպտերես էր, կատակասեր։
Մտնում էր տուն, իր հետ ուրախություն բերում։ «Ինքը միշտ էր ժպտում էր, կմտներ տուն, մորս անունը Աղավնի ա, կասեր՝ բարև, Թռչունիկ»,- ասում է Նորիկ Մանուկյանը:
Առանձնահատուկ սեր ու հարգանք է տածել մոր նկատմամբ. «Իրա մորն ասում էր՝ գեղեցկուհիս, իմ գեղեկուհին ես դու: Մայրը իր համար առաջին սրբությունն էր, առաջնահերթ մայրն էր, հետո՝ մյուսները։
Ամեն Մարտի 8-ի, Ապրիլի 7-ի, ծնունդի ժամանակ պարտադիր պետք ա նվերներով գար։ Ամեն գիշեր պետք ա մորը պաչեր, նոր քներ»։
Արան զբաղվել է ըմբշամարտով, Հայաստանում մասնակցել բազմաթիվ մրցումների և արժանացել մեդալների ու պատվոգրերի։ Մինչև բանակ զորակոչվելը ընդունվել է Ֆիզկուլտ ինստիտուտ։
Սպորտից բացի, սիրել է գյուղատնտեսությամբ զբաղվել, հայրն ասում է՝ ջերմոց ունեն, որն Արան ուզում էր եղբոր հետ մեծացնել, զարգացնել։ Դեռ փոքր հասակից աշխատել է, ստեղծել։
Հայրը պատմում է՝ տղան 13 տարեկան էր, նապաստակների ֆերմա է ստեղծել, աճեցրել նապաստակներին ու վաճառել։
Արա Մանուկյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։
Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:
Արշալույսի եղբայրական պանթեոնը Մանուկյան ընտանիքի համար վերջին երկու տարիներին դարձել է այցելության միակ վայրը, որտեղ ծնողները զրուցում են որդու հետ, որդու գերեզմանաքարի մոտ հիշում նրա հետ կյանքի ուրախ ու տխուր պահերը, նրա կատակներն ու նրա հետ կատարվածը, պատմում իրենց առօրյան:
«Արայիս անցյալով ենք ապրում, բայց ինքը միշտ ներկա ա, մեր կողքին ա, մեր հետ ա, մեր սեղանի շուրջը նստած ա։ Գերեզման եմ գնում, ասում՝ Աստված տա՝ գանք մոտդ։ Ես չեմ ասում՝ իզուր գնացիր, որովհետև իմ համար տարբերություն չկար՝ ով էր զոհվում, շատ տղաներ գնացին, իմ տղեն էլ միացավ իրանց»,- ասում է հայրը։