Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024

Հրդեհի հետեւանքով զոհված Դավիթ Սարգսյանը Կոշ գյուղից էր. 2 օրից կլրանար նրա ծառայության մեկ տարին

Հունվարի 20, 2023

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է շարքային զինծառայող Դավիթ Սարգսյանը։ 19–ամյա Դավիթը Արագածոտնի մարզի Կոշ գյուղից էր։ Երկու օրից կլրանար նրա ծառայության մեկ տարին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Աշոտ Ենգիբարյանը։

«Դավիթը դաստիարակված, մարդասեր, հայրենասեր տղա էր։ Դպրոցում շատ լավ էր սովորում, ողջ գյուղը սգում է տղայի մահը»,– ասաց Աշոտ Ենգիբարյանը։

Դավիթը 9–ամյա կրթությունից հետո ընդունվել էր քոլեջ. ավտոմեխանիկ էր ուզում դառնալ։ Նա ընտանիքի ավագ զավակն է։ Երկու եղբայր եւ մեկ քույր ունի, եղբայրներից մեկն օրեր առաջ է զորակոչվել բանակ։

Դավիթը մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։