Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024

Երբ թուլանում եմ, դիմում եմ Դավթին, որ իր սիրով ուժեղանամ

Փետրվարի 12, 2023

«Հույսի ու հուսահատության արանքում դա իրական խելագարություն էր»․ այսպես է նկարագրում որդուն փնտրելու իր ճանապարհը Դավթի մայրը՝ Սիլվա Պետրոսյանը: Նրա հետ մեր նախորդ հանդիպումը 15 տարի առաջ էր. ես ուսանող էի, իսկ տիկին Պետրոսյանի դասախոսություններն իմ ու կուրսընկերներիս ամենասիրելի ժամերն էին, որտեղ խոսում էինք փիլիսոփայությունից ու չէինք հոգնում: Այսօր մենք զրուցում ենք պատերազմից… 

Դավիթ Անդրանիկի Դավթյան

Տիկին Պետրոսյանը պատմում է. «Դավիթը զորակոչվել է բանակ 2020 թ․ հուլիսի 29-ին: Մինչ պատերազմի սկսվելն իրենք Խաչիկում էին, սեպտեմբերի կեսին եկել են Վայք: Երդումից 20 օր հետո իրեն տարել են մարտի դաշտ: Վերջին անգամ Դավթի հետ խոսեցինք հոկտեմբերի 5-ին: Ասաց, որ իրենց տանում են երկրորդ գիծ, բայց իրականում Դավիթն առաջնագծում էր: Հոկտեմբերի 7-ին Ջաբրայիլում՝ եկեղեցու շրջակայքում, իրենք հարձակողական գործողություն են արել, վերադարձրել են թշնամու կողմից գրավված տարածքը, որից հետո թշնամին սկսել է հրետանիով եւ ԱԹՍ-ներով խփել, եւ դեպքն այդ ժամանակ է եղել, բայց ծառայակիցներից որեւէ մեկը չի տեսել, թե ինչպես է Դավիթը զոհվել: Ասում են, որ վերեւից արկերը թափվում էին: Եվ իրենք այդ ժամանակ նահանջի հրաման են ստացել: Ուսումնական վաշտից բոլորը վերադարձել են՝  բացի Դավթից: 

Հոկտեմբերի 5-ից հետո ես այլեւս Դավթից զանգ չէի ստանում եւ շատ անհանգիստ էի: Հետո ե՛ս փորձեցի զանգել: Ավտոմատը պատասխանեց. «Բարի գալո՛ւստ Ղարաբաղ տելեկոմ, բաժանորդն անհասանելի է»: Ու ես հասկացա, որ ինքն Արցախում է: Ես շատ անհանգիստ էի: Հիմա չեմ էլ կարող նկարագրել, թե ամսի 7-ին ինչ վիճակում էի: Հետո միայն հասկացա, որ դա իմ մայրական հեռազգացումն էր: Հոկտեմբերի 8-ից հետո, երբ զանգում էի, էլ չէր ասում՝ «Բարի գալո՛ւստ Ղարաբաղ տելեկոմ, եւ ես մտածում էի, որ գուցե գնացել, հետ են եկել: Դա ինձ մի փոքր հույս էր տալիս: 

Հետո զանգեցի որոշ զինվորականների, որպեսզի խնդրեմ՝ ինչ-որ բան իմանան,  տեղեկացնեն, բայց նրանցից ոչ ոք ինձ հետ չզանգեց: Եվ դա իմ մեջ մեծ վախ ու կասկած գցեց՝ ինչո՞ւ հետ չեն զանգում: Ուրեմն ինչ-որ բան գիտեն եւ ինձ չեն կարողանում ասել: Ի դեպ, ես էլ չէի համարձակվում նույն մարդկանց երկրորդ անգամ զանգել, քանի որ վախենում էի վատ բան լսելուց… շատ էի վախենում… խելագարվելու աստիճան…

 

Տարեդարձը…

Հոկտեմբերի 15-ն իմ ծննդյան օրն է։ Այդ օրը որ անցավ… ես մինչեւ դա էլ ծանր վիճակում էի, բայց աշխատում էի ինձ վրա, դասերի ժամանակ փորձում էի միտքս կենտրոնացնել, ինքս ինձ ուժ էի տալիս. ունեինք ուսանողներ, որոնք արդեն հարազատներ էին կորցրել, մեր դասախոսներից մեկի որդին արդեն զոհվել էր… շատ-շատ աշխատում էի, որ լավատեսության մեջ լինեմ: Այդ գիշեր ես ընդհանրապես աչք չփակեցի: Հասկացա, որ ուղղակի անհնար էր, որ Դավիթն ինչ-որ ձեւով չփորձեր զանգել: Հաջորդ օրը՝ առավոտյան, խելագարված վեր կացա ու սկսեցի, ինչքան ծանոթներ ունեմ, զանգել, խնդրել, որ ինչ-որ լուր իմանան: Բոլորը տարբեր ձեւերով նույն բանն էին ասում. Դավիթը հրամանատարի հետ է, շուտով կգան: Եղավ նույնիսկ մի պահ, որ ինձ ասացին՝ Խնձորեսկում է, մի՛ անհանգստացիր: Եվ միայն հոկտեմբերի 31-ին իմացանք, որ Դավիթն իսկապես կորած է: Բայց մինչ այդ եղբայրս, որը կամավորագրվել էր, հոկտեմբերի 20-ին գնացել էր Վայքի զորամաս, եւ իրեն ասել էին, որ Դավիթը չկա ո՛չ վիրավորների, ո՛չ անհետ կորածների, ո՛չ զոհվածների ցուցակում: Բայց դեռ գումարտակը չէր վերադարձել:

Հետո՝ հոկտեմբերի 31-ին, իմացանք, որ ինքը վերադարձող զինվորների մեջ չէ: Այդ օրը երկինքը փլվեց… սարսափելի բան կատարվեց: Ընդ որում՝ այդ օրը ես պիտի Դավթի գործերը հանձնեի աշխարհագրության ֆակուլտետ, որովհետեւ ինքը նախապատրաստական բաժնից ընդունվել էր հեռակա բաժին: Ես սարսափած փորձում էի հասկանալ՝ ինչ է կատարվում: Զինվորականներն անհասանելի էին, փորձում էի այլընտրանքային հեռախոսահամարներ գտնել: Կա՛մ անհասանելի չէին, բայց տեսնում էին, որ զանգողը ես եմ, չէին վերցնում: Վերջը կարողացա կապվել գումարտակի հրամանատարի տեղակալի հետ, ինքն ասաց՝ գիտե՞ք՝ չենք կարող հստակ ասել, որովհետեւ էդ տարածքներում մե՛կ մենք ենք լինում, մե՛կ իրենք, եւ մենք չենք կարողանում գնալ եւ մարմինները վերցնել: Էս արտահայտությունից հետո ես խելագարված լաց էի լինում եւ չէի հասկանում, թե էդ մարդն ինձ ինչ է ասում: Հոգուս մեջ կարծես մի արգելապատնեշ լիներ, որն այդ տեղեկատվությունը չէր ուզում ընկալել: Սարսափելի էր… տարա Դավթի թղթերը համալսարան… հույս ունեի, որ գալու է… Իհարկե՝ չէի կարողանում խոսել, անվերջ լացում էի, ընդ որում՝ ես զգում էի իմ անուժությունը, որ ես ոչինչ անել չեմ կարող… ոչինչ…

 

Հույսից՝ հուսահատություն

Նոյեմբերի առաջին կիրակին մենք գնացինք զորամաս: Հանդիպեցինք հրամանատարին, ասաց, որ իրենք գերիներ չեն տվել, եւ մեզ հույս չտվեց։ Ես հասկացա, որ… սարսափելի բան է եղել… տղաս չգիտեմ որտեղ է… բառերով չեմ կարող նկարագրել այդ օրերը: Դա անհնար է մեկնաբանել, անհնար է բացատրել… Գնացինք Ուլնեցու վրա գտնվող իրենց կենտրոն, ինչքան լուսանկարներ կային մարմինների, ես բոլորը նայեցի՝ մտածելով՝ եթե բերել են, եթե Հայաստանում է, եթե էդպես լինի… էն էլ, չէ՛, չկա՜ր։ Որոշ ժամանակ խելագարվում էի, հետո իմացանք, որ մոտ 26 կորած տղաներ կան: Նրանց ծնողներն ասում էին, որ տղաները ողջ են, տղաները փրկված են: Եվ գիտե՞ք՝ դա ինձ հույս էր տալիս: Նրանք էնքա՜ն համոզված էին: Ես զարմանում էի, քանի որ զինվորականներից ոչ ոք հույս չէր տվել, բայց նրանք վստահեցնում էին, ասում էին՝ մեր տղաները փրկված են: Ես հարցնում էի՝ փաստարկներ ունե՞ք: Իրենք շատ խորհրդավոր ձայնով պատասխանում էին՝ կա՛, կա՛… 

Ինչ-որ պահ լուրեր տարածվեցին, որ Իրանում տղաներ կան, եւ մեզ մոտ կարծես էլի հույս արթնացավ, որ գուցե Դավիթն էնտեղ է: Հետո՝ դեկտեմբերին, 6-7 զինվոր փրկված վերադարձան, ու դա է՛լ ավելի ուժեղացրեց հավատը, որ գուցե փրկված լինի… եւ քանի որ որեւէ մեկը չէր տեսել, թե ինչպես է Դավիթը զոհվել, մենք հավատում էինք։ Հավատով սպասում էինք… չգիտեմ, շատ դժվար էր, սարսափելի դժվար: Հույսի եւ հուսահատության արանքում դա ուղղակի խելագարություն էր: Դժվարանում եմ բառերով նկարագրել էդ ապրումները, էդ տեսիլքները, անքնությունը: Ես անաշխատունակ էի դարձել, 5 ամիս չկարողացա աշխատել:


4 ամիս անց…

Հունվարի 29-ին զանգում են եղբորս ու հայտնում, որ Ջաբրայիլի եկեղեցու մոտակայքից գտել են։ Դավիթը 4 ամիս հողով ծածկված է եղել: Մեզ համար առեղծված է՝ դա մերո՞նք են արել, թե՞ պայթյունների հետեւանքով է էդպես եղել: Իր բոլոր փաստաթղթերը, զինվորական գրքույկը, հեռախոսն իր մոտ են եղել: Հարվածը եղել է գլխին… դեմքը լրիվ անճանաչելի էր…եղբայրս է ճանաչել որդուս: Ես ուզում էի, իհարկե, շա՜տ էի ուզում տեսնել տղայիս, բայց ինձ ասացին, որ չեմ դիմանա…

Այդ ամիսների ընթացքում ես չէի կարողանում ինձ թույլ տալ վատ բան մտածել, կարծես ինքս ինձ արգելեի: Լուրեր չէի լսում, մարդկանց հետ չէի շփվում եւ հավատում էի այն առասպելին, որ Դավիթը պիտի գա, անպայմա՛ն պիտի գա ինչ-որ տեղից… Մայրս մինչեւ հիմա էլ հավատում է, ասում է՝ ես գիտեմ՝ Դավիթը գալու է: Գիտե՞ք խնդիրը որն է՝ մենք մեր աչքով չենք տեսել իրեն: 

Ես շատ տեսիլքներ էի ունենում, ու այդ տեսիլքներում Դավիթը գալիս էր կամ գտնվում էր: Ես անընդհատ սպասում էի, որ դուռը հիմա կբացվի. դռան մեջ Դավթի պատկերն էի տեսնում, ես դրանով էի ապրում: Մեծ ճիգեր պահանջվեցին ինձնից, որպեսզի վերադառնամ աշխատանքի: Շատ հաճախ ինձ ինչ-որ գործեր են առաջարկում՝ մտածելով, որ զբաղվածությունն ինձ կօգնի, բայց ես մերժում եմ, ես դեռ չեմ կարողանում, իմ ներսում շա՜տ-շա՜տ բան կա ապրելու, զգալու, սա շատ ծանր բան էր: Ամենասկզբում ես անսահման մեծ մեղքի զգացում ունեի Դավթիս հանդեպ, ինձ մոտ այն զգացումն էր, որ ես չկարողացա իրեն պահպանել, ես չկարողացա իրեն խնայել: 

Երբ ամսի 2-ին խոսեցի Դավթի հետ, ինքը շատ ոգեւորված էր, ասաց՝ մա՜մ, ինձ հետ զորակոչված տղաները չկան, պիտի գնանք, որ իրենց վրեժը լուծենք: Էդ պահերին բոլորս մտածում էինք, որ դա հայրենական պատերազմ է, որտեղ բոլորն են ոտքի կանգնում: Բայց հետո, երբ այս ամենը տեղի ունեցավ… չգիտեմ՝ ժամանակ է պետք հասկանալու՝ ինչ է կատարվել: 

 

Դավթի քույրը

Երբ Դավիթն անհետ կորած էր, ինքն անմիջապես իմացավ, քանի որ տանն անընդհատ հեռախոսազանգեր էինք անում: Բայց մենք լավատեսորեն սպասում էինք: Դեկտեմբերի 31-ին՝ ամբողջ օրը, մի փոքրիկ աթոռ էր դրել տան դռան դիմաց ու նստել էր, տեղից չէր շարժվում: Երբ հարցրի՝ ինչո՞ւ ես էդտեղ նստել, ասաց՝ ես գիտեմ՝ Դավիթը հաստատ Ձմեռ պապիկի շորեր կհագնի ու կգա… Ես էլ էի սպասում, որ 2021-ին կգա…իհարկե՝ աղջիկս հետո նեղացավ: Նեղացավ, որ եղբայրն այդպես էլ չեկավ: Մեկ էլ իր ծննդյան օրը՝ ամռանը, երբ Դավթին արդեն Եռաբլուր էինք ճանապարհել, ինձ ասաց՝ ես նեղացել եմ Դավիթից, որ ծննդիս էլ չի գալիս: Ախր պետք չէ նեղանալ, որովհետեւ ինքն իրականում մեզ համար է գնացել: Դավիթը հենց էդպես էլ ասաց՝ մա՜մ, ե՛ս եմ ձեր պաշտպանը: Բայց ի՞նչ ասես եղբորն անսահմանորեն սպասող քույրիկին:

Ես ամբողջ օրը Դավթիս հետ եմ, տան բոլոր անկյուններում նրա նկարներն են: Հիմա մենք հավատում ենք, որ ինքը երկնային զորքում է, որ ինքն անելիք ունի: 

Դավթին փնտրելու ամիսներին գնում էինք տարբեր եկեղեցիներ ու աղոթում էինք: Օրերից մի օր մի տեսիլք ունեցա. Նոր Հաճնի եկեղեցում՝ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի առջեւ, ծնկաչոք աղոթում էի (աղոթքներս ժամեր էին տեւում ու ծնկաչոք, ու այն աստիճան, որ հաճախ անջատվում էի), խնդրում էի, որ Դավթիս վերադարձնի: Մեկ էլ այնպիսի զգացում ունեցա, որ կարծես նա հայացքով ինձ ասեր՝ ես իմ զավակին տվել եմ, դու հիմա ի՞նչ ես խնդրում: Ու էդ պահից կարծես ինտուիտիվ զգացի, որ մեր տղաները, իմ տղան սուրբ են, իրենք նահատակվել են:

 

Մահ չկա

Հիմա ես ձգտում եմ, որ իմ մեջ գերակշռողը լինի սերը, որովհետեւ Դավթիս մեջ էնքա՜ն սեր կա. ինքն ամեն ինչը սիրում էր՝ կյանքը, մարդկանց: Երբ ես սկսում եմ ապրել այն սիրով, որով որ ես եմ սիրում Դավթին, ու հիշում եմ՝ ինքը ո՜նց էր ինձ սիրում, գիտե՞ք՝ այդ զգացումի առաջ մահն ընկրկում է: Էդպիսի պահերի ես զգում եմ, որ մահ չկա, որ Դավիթն ինձ հետ է: Իսկ երբ մյուս զգացումներն են տիրապետող լինում՝ բողոքը, արդարության խնդիրը, մեղքի զգացումը, շատ-շատ դժվար է լինում: Մարդը շատ ավելին է, քան այն, ինչը մենք տեսնում եւ զգում ենք: Հոգին կա: Ես դա զգում եմ: Ու դա ինձ ապրեցնում է: Ինձ այն հույսն է պահում, որ Դավիթը հիմա ավելի լուսավոր իրականության մեջ է: Ես Դավթի ներկայությունը մշտապես զգում եմ: Երբ թուլանում եմ, դիմում եմ իրեն, որ իր սիրով ուժեղանամ: Մի օր Եռաբլուրի ճանապարհին երիտասարդ տղաների հանդիպեցինք, ու ես շատ տրտմեցի՝ Տե՛ր Աստված, ինչո՞ւ պիտի Դավիթը հիմա այս տղաների հետ չլիներ: Աղջիկս պատասխանեց՝ մա՜մ, Դավիթը հիմա ավելի լավ տեղում է, ավելի լավ տղաների հետ… իմ կյանքը մեծապես կապված էր Դավթի հետ, իմ նպատակների կիզակետում ինքն էր…

Ես միշտ սիրել եմ հայրենիքս, բայց հայրենիքիս համար չէի ուզի վճարել որդուս կյանքով: Եթե Աստված ինձ ընտրության հնարավորություն ընձեռեր, կգերադասեի իմ կյանքը տալ Դավթի կյանքի դիմաց»:

 

Նյութը՝ hraparak.am-ից