Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024

Ասեց՝ <<հյուրեր ունենք>>՝ նկատի ունենալով թուրքերին

Փետրվարի 19, 2023

Արցախում թշնամու դեմ ծավալված մարտերում զոհված Վաղինակ Աբգարյանը 26 տարեկան էր, զինկոմիսարիատի միջոցով մոբի հետ միասին հոկտեմբերի 17-ին մեկնել էր ռազմաճակատ։ Սակայն, մի քանի օր անց, հոկտեմբերի 24-ի գիշերը զոհվել է։ 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում զոհված հերոսի մորաքրոջ որդին՝ Կարեն Կարապետյանը, ցավով նշեց, որ Վաղինակի դին մեկ ամիս շարունակ չեն կարողացել դուրս բերել հակառակորդի տարածքից։ Ի վերջո, նոյեմբերի 24-ին հաջողվել է նրա դին հասցնել Հայաստան։ 

Նա պատմեց, թե ինչպես է եղբայրը զոհվել մարտի դաշտում․ «Դիրքերում են եղել, թուրքերի դիվերսիոն խումբը ներթափանցել է այնտեղ, 10 րոպե մերձամարտ է տեղի ունեցել, թշնամուն հետ շպրտելու պայքարում Վաղինակը զոհվել է։ Իրենց խմբի 35 անդամներից 4-ը զոհվել են, այդ թվում նաև ինքը»,- ասաց Վաղինակի մորաքրոջ որդին։ 

Վաղինակը թշնամու դեմ մարտնչել է ամենաթեժ կետերում, բայց մինչև վերջին պահն այնպես է պահել իրեն, որ հարազատներն անգամ չեն էլ մտածել, որ իրենց զավակը կյանքի ու մահվան պայքար է տալիս․ «Իր հետ, որ խոսում էինք ոչինչ չէր պատմում մարտական գործողությունների բուն ընթացքից։ Միշտ ասում էր ամեն բան նորմալ է։ Վերջին անգամ մայրիկի հետ է խոսել, ասել է՝ «հյուրեր ունենք»՝ ըստ երևույթին նկատի ունենալով թուրքերին»,- նշեց Կարենը։ 

Վաղինակ Աբգարյանը Աշտարակի Փարպի գյուղից էր, ամուսնացած էր, ունի 2 դուստր։ Տան միակ տղան էր, ապրում էր ծնողների, կնոջ, երեխաների հետ անբարենպաստ պայմաններում։ Ընտանիքը սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում է, ապրուստի միջոց հայթհայթողներից մեկն էլ Վաղինակն էր, որն իր կյանքը տվեց հանուն հայրենիքի։ 

Նյութը՝ lurer.com-ից