Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024

Աղոթքներում հիշեք բոլոր զինվորներին

Փետրվարի 20, 2023

Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված տանկիստ Գևորգ Ջավախյանը դեռ 2019 թվականին  զինծառայության մեկնելուց առաջ մի գրառում էր  կատարել, որը  տպավորվել է նրա ընկերներնի  ու հաազատների մեջ։

«Ես չեմ ուզում  պատմել իմ պլանների մասին, բայց վստահ կարող եմ ասել, որ դուք իմ անունը շուտով ավելի բարձր կլսեք»:։ Հենց այդպես էլ եղավ։ Նրա անունը բարձր հնչեց։

Գևորգը մինչև զինծառայության մեկնելն արդեն իսկ հասցրել էր սիրված ու ճանաչված դառնալ՝  նկարահանվելով «Ոսկե դպրոց» բազմասերիանոց սիթքոմում։ Նա ավելի հայտնի դարձավ, նրա անունն է՛լ ավելի բարձր հնչեց,  նա հերոսացավ՝ հանուն հայրենիքի։

Օգոստոսի  28-ին Երևանի Շենգավիթ համայնքի Արտաշիսյան 56 հասցեում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված 44- օրյա պատերազմում զոհված Գևորգ Գրիգորի Ջավախյանի հիշատակին․ բացվեցին Գևորգի անունը կրող պուրակ, հուշաղբյուր և խաչքար։ Օգոստոսի 28-ին լրացավ Գևորգի մահվան 10 ամիսը…

«Այս այգին, հուշաքարը պետք է մեզ, մեր ապագա սերունդներին հիշեցնեն՝  Գևորգի և նրա սերնդակից տղաների շնորհիվ մենք ապրում ենք, հայրենիք ունենք։ Այո՛, մենք ապրում ենք նրանց շնորհիվ»,- ասաց Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդան։ 

ForRights.am-ի թղթակցի հետ զրույցում  քույրը պատմեց՝ Գևորգը զինծառայության է անցել 2019 թվականի հուլիսի 11-ին։

«Եղբայրս սկզբում ծառայել է Արմավիրի տանկային զորամասում, հետո՝ 2020 թվականի հունվարի 9-ին, տեղափոխվել է Խոջալու՝  կրկին տանկային զորամաս։ Նա օրինակելի զինվոր է եղել։ Այդ մասին են վկայում այն խրախուսանքներն ու պատվոգրերը, որոնք շնորհվել են նրան զինծառայության ընթացքում։ Նա տանկի նշանառու-օպերատոր էր, հզոր տանկիստ», — հերոս եղբոր մասին պատմեց Սեդան։

Ցավոք, մյուս պարգևներն ու հուշամեդալները  հերոսին շնորհվեցին հետմահու․

«Մինչև հոկտեմբերի 22-ը Գևորգն Աղդամում է եղել, մեզ չէր ասել, մենք հետո ենք իմացել: Հոկտեմբերի 23-ին իրենց տեղափոխել են Կարմիր շուկա, որտեղ Գևորգը մարտական գործողությունների ընթացքում հասցրել է խոցել 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա, 1 զրահափոխադրիչ»,- պատմեց Սեդան։

Հոկտեմբերի 24-ի երեկոյան թշնամու անօդաչու թռչող սարքը հարվածել է Գևորգի տանկին ու  նա ծանր վիրավորում է ստացել մարմնի տարբեր մասերում:

«Ես ամսի 26-ին հիվանդանոցում գտա եղբորս: Հոկտեմբերի 28-ին գիտակցության չգալով՝ Գևորգը  հերոսացավ»,- պատմեց է Գևորգի քույրը:

Սեդան հիշեց՝ պատերազմի օրերին եղբոր հետ կարճատև հեռախոսազրույցներ է ունեցել, Գևորգն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, միայն խնդրել է աղոթել։ Երբ քույրն ասել է՝ մենք աղոթում ենք քեզ համար, Գևորգն ավելացրել է՝աղոթքներում հիշեք բոլոր զինվորներին։

«Միայն ինձ համար մի՛ աղոթիր, աղոթի՛ր բոլոր զինվորների համար»:

 

Նյութը՝ forrights.am-ից