Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024

Դարձավ հավերժի ճամփորդ

Փետրվարի 19, 2023

Լեյտենանտ Աշոտ Կոստյայի Մաթևոսյանը (ծնված 1978թ.), Արցախա-ադրբեջանական պատերազմի լուրն առնելով, կամավորագրվեց և անմիջապես մեկնեց ռազմաճակատ: Նա Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի շրջանավարտ էր, սովորել էր 1994֊-1999թթ. (մասնագիտությունը` «Նյութական ռեսուրսների կառավարում և արտադրական միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում»):

Հերոսի մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկություններ է հաղորդել նրա զարմուհի Շուշան Նավասարդյանը: Աշոտը արմատներով Շամշադինից էր, և Տավուշ աշխարհը մեծ դեր ուներ նրա կյանքում: Հիանալի տիրապետում էր հայ ժողովրդի պատմությանը, հայրենասեր ու հայրենանվեր էր: Պատերազմում, շուրջ մեկ ամիս լինելով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներում, նա մարտնչել ու փրկել է բազմաթիվ մարդկային կյանքեր: Նույնիսկ բեկորային վնասվածքներ ստանալուց հետո էլ շարունակել է կռիվը: Հոկտեմբերի 28-ի երեկոյան, դարձյալ փրկելով բազմաթիվ կյանքեր, Արցախի Կարմիր շուկա կոչվող տարածքում անմահացել է` դառնալով հավերժի ճամփորդ…

«Հերոս Աշոտ Մաթևոսյանը իր կյանքը զոհեց հանուն իր կնոջ, իր երեք անչափահաս զավակների, հանուն հայ ազգի, որպեսզի սերունդներն ապրեն խաղաղ երկնքի ներքո: Աշոտի կինը, ով իր ամուսնու ազգանվեր գործի գաղափարակիցն է, հերոսական ոգով շարունակելու է հայրենասիրություն սերմանել իր զավակներին, չէ՞ որ նրանք հերոսի սերունդ են, իսկ հերոսից հերոսներ են ծնվում… Տեղին է հիշատակել Գարեգին Նժդեհի խոսքը. «Քաջերի հարությունն է մահը»: Նրա սխրանքն անգնահատելի է»,-մեզ հետ զրույցում ասաց Շուշան Նավասարդյանը:

Հերոսի կերպարին իր արվեստում անդրադարձել է դիմանկարի վարպետ Միքայել Հարությունյանը (տե’ս 2-րդ լուսանկարը): Սահուն գծերի միջոցով նկարիչը հասել է կերպարի բացահայտմանը` թափանցելով նրա ներաշխարհի նուրբ խառնարանները, ստեղծելով կենդանի դիմանկար, որում ներկայացված է հոգու արտահայտչականությունը և հուզականությունը:

Շուշան Նավասարդյանը հեղինակել է հերոսին նվիրված բանաստեղծություն, որը ներկայացնում ենք ստորև:

ՀԵՐՈՍՍ

Իմ կանաչաչյա ՀԵՐՈՍԸ այսօր,

Մեր կանաչաչյա ՀԵՐՈՍԸ դարձավ,

Հավերժի ճամփան բռնեց լուռ ու մունջ,

Ու հույս տվողս, մեր լույսը դարձավ։

Մի աստղ էլ փայլեց երկնակամարում,

ՀԵՐՈՍԻՍ աստղն էր վառ ու լուսավոր,

Հերոսին վայել փառքով, հարգանքով,

Սուրբ հողի համար պայքարեց կյանքով։

Ու քանի-֊քանի կյանքեր փրկելով,

Քանի ֊քանիսին ուժ ու հույս տալով,

Ապրեց իր կյանքը սեր ու հարգանքով,

Ու նահատակվեց փառքով ու պատվով։

Իմ կանաչաչյա ՀԵՐՈՍԸ այսօր,

Մեր կանաչաչյա ՀԵՐՈՍԸ դարձավ...
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նյութը՝ asue.am-ից