Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024
Չորեքշաբթի, Դեկտեմբերի 25, 2024

Բոլորից լավ եմ ծառայելու և տուն վերադառնամ. անմահ հերոս Երանոս Պետրոսյան

Մարտի 05, 2023

«Ծառայության սիրով էր մեկնել: Մեկնելու նախորդ օրը ասում էր՝ բոլորից լավ եմ ծառայելու և տուն վերադառնամ»,- հիշում է Սրապ Պետրոսյանը՝ հերոս Երանոսի եղբայրը:
Հերոսն իր խոստումը կիսատ պահեց: Երանոս Ռուզվելտի Պետրոսյանը պատերազմի ավարտից մի քանի ժամ առաջ հերոսաբար նահատակվել է Մարտունին պաշտպանելիս: Տուն չվերադարձավ, սակայն ինչպես ասել էր բոլորից լավ ծառայեց՝ չխնայեց կյանքը հանուն հայրենիքի պաշտպանության սուրբ գործի:
«Պատերազմի ընթացքում զանգում էր ու այնպես խոսում, որ տանեցիները չէին էլ մտածում, որ նա պայքարում է թշնամու դեմ, ասում էր՝ ամեն ինչ կարգին է։ Բազմիցս փորձել եմ իմանալ, թե Արցախի որ մասում է, բայց նա չասաց մինչև վերջ: Ասում էր՝ «Քաջարի մարտիկ» մեդալ է ստացել, ինչը հպարտություն ու ոգևորություն էր պատճառում, բայց նաև անհանգստություն, քանի որ դա արդեն իսկ խոսում էր այն մասին, որ պատերազմի թեժ կետերից մեկում է գտնվում»,- պատմում է եղբայրը:
Երանոսը ծնվել է 2002թ-ի հունիսի 27-ին Շիրակի մարզի Ջրափի գյուղում։ Այս տարի ՇՊՀ-ի Ֆիզիկական կուլտուրայի ֆակուլտետ ընդունվելու համար ընդունելության քննություններ հանձնելուց անմիջապես հետո մեկնել էր ծառայության։
«Անսահման պատասխանատու էր ու դա դրսևորվել է նաև ծառայության մեջ։ Պատրաստակամ էր աջակցել բոլորին ցանկացած պահի ու ցանկացած հարցում։ Չէր սիրում շատ խոսել բայց շատ աշխատասեր էր: Անսահման բարի պատասխանատու, չափավոր»,- ասում է հորաքրոջ աղջիկը՝ Նուշիկ Պետրոսյանը:
Ոչ միայն ողջ գյուղը այլև նրան ու նրա ընտանիքը ճանաչող յուրաքանչյուր ոք սգում է Երանոսի մահը: Դասընկերները միայն լավ հիշողություններ են պատմում նրա հետ կապված, ասում են՝ Երանոսի մասին կարելի է խոսել անվերջ։ Նրա համեստության, զսպվածության ու լրջության շնորհիվ ոչ մի ուսուցիչ չէր բարկանում վրան:
«Երևի այն եզակի աշակերտներից էր, որ վրան բարկացած չկային։ Մեր դպրոցի պատմության ուսուցիչը միշտ պատմում էր, որ նա Հայդուկ Պետրոսի ծոռն է, որն էլ եղել է Անդրանիկ զորավարի քառասուն զինվորներից մեկը։ Մենք էլ այնքան էինք հպարտանում, որ ունենք հերոսի արյուն ունեցող դասընկեր, բայց չէինք պատկերացնում, որ հետո նա էլ է հերոս դառնալու, ու ևս մեկ անգամ առիթ տալու իրանով հպարտանալու»,- ասում է դասընկերուհին՝ Նադյա Եղիկյանը:
Մյուս դասընկերուհին՝ Անի Սարգսյանը, պատմում է, որ դասարանի ամենահամեստ, խելոք ու ամաչկոտ տղան էր Երանոսը։
«12 տարի իր հետ եմ մեծացել ու եղել ենք քույր ու եղբոր պես: Լինում էին դեպքեր, երբ դասարանում մեկս մյուսիս չէինք հասկանում ու նեղանում էինք իրարից, բայց Երանոսի հետ ոչ մեկս վեճի չենք բռնվել, ոչ մեկիս չի նեղացրել»:
Հայրենիքը պաշտպանելը դարձավ ոչ թե պարտականություն, այլ սուրբ գործ, իսկ պատերազմը չհարցրեց ահել, ջահել, զինվոր ու կամավոր: Բոլորը կռվեցին անձնուրաց, հերոսացան ու թողեցին հիշողություններ, որոնցով շարունակում են ապրել նրանց հարազատները: Երանոս Պետրոսյանն էլ նրանցից մեկն է, որն իր սխրանքով հետք թողեց հայոց պատմության մերօրյա էջերում, հերոսացավ ու դարձավ հավերժ զինվոր: Փա՛ռք քեզ, զինվո՛ր:

https://banak.info