Աշխարհի բոլոր ծայրերում հայրենիքի անունն ու պատիվը բարձր պահելու մասին երազող Մհերը անմահացավ հանուն հայրենիքի
Բակում ով ինչ խնդիր ուներ հենց իրեն էր դիմում, ուժեղ էր, կրակն էր ընկել իր ուժի ձեռքը։ Բայց վանաձորցի Մհեր Քոչինյանը ամենևին էլ չէր բողոքում դրանից։ Նա ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին։ Ընտանիքի ամենափոքրն էր, ունի երեք քույր։
«Իմ և եղբորս տարիքային տարբերությունը 16 տարի է։ Ես միշտ նրան վերաբերվել եմ ինչպես իմ երեխայի։ Չնայած այս ամենին, նա հոգատար էր թե՛ իր 3 քույրերի, թե՛ մեր երեխաների հանդեպ»,- պատմում է Մհերի քույրը՝ Վիկտորյա Քոչինյանը։
Սովորել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցում, 9-րդ դասարանից հետո ուսումը շարունակել է Գյուղատնտեսական քոլեջում` հաշվապահական հաշվառում բաժնում։ Խելացի էր, բարի ու ընկերասեր։ Վաղ տարիքից զբաղվել է ֆուտբոլով, ոտքի վնասվածքից հետո ուժերը փորձել է ծանրամարտում, որտեղ գրանցել է լուրջ հաջողություններ։ Վանաձորի առաջնություններում պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին էր կանգնում։ Նպատակն էր դառնալ աշխարհի չեմպիոն։
«Մհերը մասնակցում էր մրցումների և գրավում առաջին տեղը, սակայն երբ հանձնում էին մրցանակները, ինքը իր գավաթը հանձնում էր երկրորդ տեղը գրավածին՝ ասելով, որ ինքը էլի ունի դրանից»,- հիշում է Հրանուշը՝ Մհերի ավագ քույրը։
Ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ծանրամարտի բաժին։ Մեկ տարի ուսումնառությունից հետո զորակոչվել է ՀՀ ԶՈւ։ Ծառայության առաջին վեց ամիսներն անցել են Հոկտեմբերյանում, այնուհետև տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու)։
Ծառայության սկզբում լավ վարքի և գերազանց ծառայության համար ամիսը երկու անգամ տուն էր գալիս։ Լավ ծառայության կապակցությամբ շնորհակալագիր են ուղարկել տուն։ Մհերն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններին։ Մանակցել է Ռուսատանի Աստրախան քաղաքում տեղի ունեցած «Կովկաս 2020» զորավարժություններին։ Տանկային անձնակազմի հրամանատար էր։
Պարտաճանաչ էր, երդման արարողությունից հետո հարազատներից բաժանվելիս մի ոտք շուտ էր դուրս եկել, որ չուշանա և ընկերներն իր պատճառով չպատժվեն։ Ծանրակշիռ էր, մեծերին հարգող և ընտանիքին նվիրված։ Ընկերները պատմում են, որ բանակ զորակոչվելուց առաջ իրենց օգնությամբ նորոգել է մոր սենյակն ու լուծել ձմեռվա վառելիքի հարցը, որ մայրը ձմռանը հնարավորինս քիչ խնդիրներ ունենա։
Սովորելուն զուգահեռ աշխատում էր Յավրյան Ստուդիայում, լուսանկարիչ էր՝ խնջույքներ էր լուսանկարում։
Բարձր հումորի զգացում ուներ, եթե նա ընկերների հետ էր, ապա բակում պիտի բոլորը լսեին իրենց ծիծաղը։ Նա սիրված էր բակի բնակիչների համար, ամեն անգամ տուն գնալիս պիտի տատիկ-պապիկներին հաջողություն ասեր։ Երբ ընկերներն առանց նրա էին, բակի մեծերը հարցնում էին՝ ձեր չորրորդն ո՞ւր է։ Իսկ հիմա միայն լուռ նայում են։
Բանակ շատ ուրախ է գնացել։ Միայն բարկացել էր, որ հավաքը սկսել էր ամսի 1-ին, իսկ իրեն ամսի 14-ին էին տանելու։ Սիրում էր բանակային կյանքը։ Ասում էր՝ օրերս թռչում են։
«Սիրում էր իր տանկը, միշտ մաքուր ու կոկիկ էր պահում։ Նույնիսկ ասում էր՝ վրան մի գրամ թոզ չկա»,- պատմում է քույրերից փոքրը՝ Գայանեն։
Մինչև պատեազմն ամեն օր զանգում էր։ Բանակային կյանքը սրտով էր։ Բայց կարճ էր խոսում, ժամանակը քիչ էր։ Պետք է հասցներ զանգել բոլոր հարազատներին և ընկերներին։ Պատերազմի ընթացքում երեք օրը մեկ էր կապվում, ոգևորում էր հարազատներին, ասում՝ ամեն բան լավ է լինելու։
Մասնակցել է Լաչինի, Լիսագորի, Ջաբրայիլի և Շուշիի մարտերին։ Վերջինիս համար մղվող մարտերում էլ նոյեմբերի 9-ին հերոսաբար զոհվել է։
«Օրս սկսվեց ու ավարտվեց Մհերով, առաջինը ծնունդս շնորհավորեց ու ասեց՝ կխոսենք, բայց ես չգիտեի, որ այդ խոսելը արդեն ուրիշ ձև է լինելու՝ դա լինելու է իմ մտքում։ Ահավոր ցավ էի զգում, որ իմ ընկերը զոհվեց իմ ծննդի օրը, բայց երբ ուշքի եկա, հասկացա, որ դա հենց այնպես չի եղել, ինքն այդ օրը վերածնվեց իմ մեջ ու ես ապրեցնելու եմ իրեն։ Ամբողջ կյանքում իրենից չէի նեղացել, հիմա կարոտում եմ ու նեղանում, որ երազներիս չի գալիս, գոնե այդպես կարոտս առնեմ»,- պատմում է Մհերի մանկության ընկերը՝ Արշո Այվազյանը։
Ցավը մեծ է, հարազատներն ապրում և մխիթարվում են նրա մասին վառ հիշողություններով։
«Դու միշտ մեզ հետ ես, իմ հերոս եղբայր,
Քո անունը վառ, միշտ մեր սրտերում,
Դու եղել ես, կաս ու միշտ կլինես,
Դու անմահ հերոս, Դու մեր վառ ճրագ»,- եղբորը նվիրված բանաստեղծությունում գրում է Վիկտորյան։
Քույրերն ասում են՝ աշխարհի բոլոր ծայրերում հայրենիքի անունն ու պատիվը բարձր պահելու մասին երազող Մհերը անմահացավ հանուն հայրենիքի։