Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Բանակում ծառայելը նրա համար այլընտրանք չուներ

Մարտի 19, 2023

Հարությունյան Զորիկ Արծրունի․ ծնվել է  2001 թ․ մայիսի 8-ին Չարենցավան քաղաքում։  Սովորել է Կապանի թիվ 5, ապա  Գեղիի միջնակարգ դպրոցում։ Պատերազմից ամիսներ անց էլ ուսուցիչների աչքերն արցունքոտվում են Զորիկի մասին խոսելիս, նրան բնութագրելիս առանձնացնում  են հաստատակամությունն ու նպատակասլացությունը։ Պատմում են, որ աշակերտ Զորիկը հայրենիքի ու հայրենասիրության մասին սեփական դատողություններն ուներ, պնդում էր, որ հայրենիքը սիրել նշանակում է ապրել ու աշխատել  հայրենիքում, իսկ բանակում ծառայելը նրա համար այլընտրանք չուներ, որովհետեւ համոզված էր՝ հայ տղան զինվոր լինելուց հետո միայն իրավունք ունի իրեն տղամարդ համարել։

Զորիկը դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայում էր Արցախում։ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, օրեր անց ծնողներն իմացել էին, որ Զորիկը վիրավոր է ու Սիսիանի հոսպիտալում է, շտապել էին նրան տեսնելու, բայց չէին հասցրել, քանի որ նրան հետ էին տարել ռազմաճակատ։ Քույրը մորմոքվում է․ «Վերքերը չլավացած հետ գնաց, ախր շատ փոքր էր, մեր ընտանիքի միակ տղան էր, ամիսներ անց էլ ուշքի չենք գալիս, չենք հավատում, սպասում ենք․․․»։

Հադրութ վերադառնալուց հետո Զորիկը զանգահարել էր ծնողներին, ասել, որ իրենք Հադրութի անտառներում են, որ մոլորվել են․․․ կապն ընդհատվել էր։ Հետո ամիսներ շարունակ Զորիկին ճանաչողներն արթնանում էին նրա մասին լուր իմանալու հույսով, քնում՝ նրա համար աղոթելով․․․ սպասումի երկար ու տանջալից ամիսներ, հույս, որն օրերի ու ամիսների հետ ավելի ու ավելի էր նվազում․․․

2021 թ․ մարտի 14-ին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ Զորիկ Հարությունյանը նահատակվել է․․․

Զորիկի 20-ամյակից 5 օր առաջ՝ 2021 թ․ մայիսի 3-ին, ծնվել է նրա քրոջ որդին, ով որպես տիտղոս, կրելու է հերոսացած մորեղբոր անունը։

syuniacyerkir.am