Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Նանոն. Առաքելյան Նարինե Ալեքսանի

Մարտի 19, 2023

Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 3-ին, Քարինտակ գյուղում: 1983 թվականին ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոց: Զոհվել է 1992 թվականի հունվարի 26-ին:

* * *

Դեռեւս 1988-89 թվականներից վատ լուրեր էին հասնում գյուղ: Պատմում էին Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մասին: Իսկ 1991 թվականից թուրքական հրոսակները հարձակվեցին նաեւ Շուշիի հարեւանությամբ գտնվող Քարինտակ գյուղի վրա: Թուրքերի դիրքերը նպաստավոր էին: Երբ  կանգնում էին գյուղի վրա կախված քարափներին, գյուղը կարծես ոտքերի տակ լիներ: Սկզբում հայհոյանքներ էին շպրտում ներքեւ, քարեր, վառված անվադողեր գլորում, հետո իսկական կռիվ սկսվեց: Սակայն գյուղը պատրաստվել էր. կազմակերպվել էր ինքնապաշտպանության ջոկատ, որի հրամանատարն էր Վաղինակ Առուշանյանը: Այդ ջոկատի կազմում էին նաեւ Նարինեի երկու եղբայրները՝ Գրիշան եւ Գարիկը:

Image

Դեռ կռիվն սկսելուց առաջ Նարինեենց տունը զորանոցի էր վերածվել: Ինքնապաշտպանության գործին միացել էին նաեւ հայրն ու մայրը: Օր էր լինում նրանց տանն ազատամարտիկներ էին գիշերում: Նարինեն խնամում էր նրանց, մաքրում զենքերը եւ երազում, որ մի օր էլ իրեն զենք կտան:

– Երկու եղբայրներդ, հայրդ կռվում են, բավական է, – տրտնջում էր մայրը:

Իսկ Նարինեն ոգեշնչված էր.

-Չտեսա՞ք ինչ եղավ Սումգայիթում, Բաքվում: Թող մի հերոս աղջիկ էլ մեզնից լինի, որ ասեն, թե հայերը կռվել գիտեն:

Ջոկատի հրամանատարը նույնպես դեմ էր, որ Նարինեն ընդգրկվի ջոկատի կազմում, բայց աղջկա համառությունը հաղթեց: Նա դարձավ կապավոր: Շուտով բոլորը ճանաչեցին իրենց փոքրիկ, խելացի կապավորին եւ սիրով ու քնքշանքով Նանո էին կանչում: Ամենանեղ տեղերում Նանոն աչքի էր ընկնում իր ճարպկությամբ ու հնարամտությամբ:

Երբ թուրք ՕՄՕՆ-ականները, շրջապատելով գյուղը, անձնագրերն ստուգելու պատրվակով խուզարկություններ էին կատարում եւ ոչ ոքի չէր թույլատրվում տներից դուրս գալ, Նանոն միայն իրեն հայտնի ճանապարհներով շրջում էր տնից-տուն, զգուշացնում, որ թաքցնեն զենքերը:

Մի անգամ, երբ կատաղի մարտեր էին մղվում, եւ ազատամարտիկներն օրերով չկարողանալով դուրս գալ դիրքերից, մնացել էին առանց ծխախոտի, որոշեցին դիմել Նանոյի օգնությանը: Նանոն իր Չալո անունով շանը նույնպես սովորեցրել էր կապավորի դեր կատարել: Այդ պահին Չալոն դիրքերում էր: Սովորականի նման շան վզից երկտող կապեցին եւ ուղարկեցին: Նանոն արդաց նամակը, ծխախոտի տուփերը վերցրեց եւ շտապեց, սակայն պարզվեց, որ հնարավոր չէ մոտենալ դիրքերին, եւ նա իր հնարամտությամբ նորից զարմացրեց: Ծխախոտի տուփերը կապելով Չալոյի վզին, ձայն տվեց դիրքերում գտնվող եղբորը, որ շանն իր մոտ կանչի: Չալոն ձայնի վրա անմիջապես սլացավ եւ տեղ հասցրեց ծխախոտը:

Բոլորը հիացած էին Նանոյի անվախությամբ եւ ճարպկությամբ: Երբ կռվում էին կամ պահակակետում էին լինում, Նանոն սննդամթերք, զինամթերք էր հասցնում, հրամանատարի կարգադրությունները դիրքից-դիրք փոխացնում մարտնչող ազատամարտիկներին:

1991 թվականի նոյեմբերի 17-ին թուրքերը հարձակվեցին գյուղի վրա, սակայն նրանց ջանքերն իզուր անցան: Ընդհակառակը, ինքնապաշտպանության ջոկատի փոքրաթիվ ուժերն այնպիսի հակահարված տվեցին, որ խորհրդա-թուրքական միավորումները՝ մեծ թվով զոհեր տալով, խուճապահար փախան եւ հանձնեցին թուրքաբնակ Ներքին Զառիստ գյուղը:

Կռիվները գնալով կատաղի բնույթ էին ստանում: Թուրքերը ջանք չէին խնայում վերջնականորեն կոտրելու հերոս պաշտպանների դիմադրությունը, սակայն վերջիններս անընկճելի էին: 1992 թվականի հունվարի 26-ի լուսաբացն էր: Թշնամական ուժերի հզոր ալիքը փլվեց գյուղի պաշտպանական դիրքերի վրա: Նախորդ օրվա հերթապահությունից հանգստացող խումբը, որը տեղավորվել էր Նանոյենց տանը, նույնպես շտապեց դիրքեր: Նանոն միացավ նրանց: Վերջին եւ վճռական կռիվն էր լինելու:

Թուրքերը գրոհում էին մեծ ուժերով: Գյուղը գնդակոծվում եւ հրթիռակոծվում էր տարբեր կողմերից՝ հնարավոր չէր տերից դուրս գալ: Կռիվը երկարեց: Ինքնապաշտպանության ջոկատի տղաները քաջության հրաշքներ էին գործում, սակայն զինամթերքը վերջանում էր: Նանոն, առանց հրամանի սպասելու, դուրս թռավ դիրքից, սլացավ դեպի զինապահեստ՝ կռվողներին փամփուշտ հասցնելու:

– Ո՞ւր, Նանո, – կանչում էին տղաները, – կխփեն, ո՞ւր ես գնում:

Բայց Նանոն քամու արագությամբ սլանում էր: Թվում էր, թե այլեւս նրան ոչինչ չի կարող կանգնեցնել, բայց թշնամու նշանառուն, բարձունքին հարմար դիրքավորված, աչալրջորեն հսկում էր գյուղի տարածքը եւ տեսավ աղջկան…

Խփվեց կրծքից եւ սլացող փոքրիկ եղնիկի նման հառաչելով՝ ընկավ դեղնած կանաչների վրա: Վերքը ծանր էր: Գյուղում բժշկական ծառայություն չկար: Հարկավոր էր հասցնել Ստեփանավանի հիվանդանոց, իսկ գյուղը շրջապատված էր:

Միայն երեկոյան հնարավոր եղավ ճեղքել շրջապատման օղակը, սակայն արդեն ուշ էր:

freedomsoldiers.wordpress.com