Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ադրբեջանը կրակ է բացել Տեղ գյուղի ուղղությամբ. հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ

Ապրիլի 12, 2023

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

«Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետեւանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում է նաեւ Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։

Լրատվամիջոցն ավելի վաղ հաղորդել էր նաեւ, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ հակառակորդը վերսկսել է կրակոցները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը։

Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության՝ ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:

«ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տեղեկությունների, բացի երեք զոհից ունենք վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է: