Մայրն ասում էր՝ Նարեկն է վերջին հույսս. Տեղ գյուղում զոհված Նարեկ Սարգսյանը հատուկջոկատային էր
Ապրիլի 16, 2023
Սյունիքի մարզի Տեղ գյուղում երեկ՝ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված 29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը Սեւան քաղաքից էր:
NEWS.am-ին Նարեկ Սարգսյանի դասղեկը պատմեց, որ Նարեկը ամուսնացած չէր, երկու եղբայր ուներ: Նրա մայրը դպրոցում Ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, վերջերս էր ազատվել աշխատանքից:
Նարեկը մինչեւ զինվորական դառնալը սովորել է Սեւանի քոլեջ՝ ծրագրավորման բաժնում:
«Սիրում էր իր գործը: Մայրն ասում էր՝ հստակ չգիտենք, թե որտեղ է ծառայում, մեկ այստեղ է, մեկ այնտեղ: Ընտանիքն այդքան էլ ապահով վիճակում չէր: Մայրիկին վերջերս որ հանդիպեցի, ասաց՝ Նարեկն է վերջին հույսս: Նա տան բոլոր հարցերը կարգավորողն էր: Շատ կազմակերպված տղա էր, ձգտող էր»,- պատմեց դասղեկը: