Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024
Երեքշաբթի, Դեկտեմբերի 24, 2024

Նկարներն են մնացել, մեկ էլ տղուս գալասավոյ հաղորդագրությունները

Ապրիլի 16, 2023

«Մեր տան լույսը հանգել ա, մեր տան ուրախությունն ու երջանկությունը կտրվել են»,- արցունքն աչքերին ասում է 50-ամյա Նարինե Ջավադյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 24-ամյա որդուն։

Ջավադյանների ընտանիքը Արցախից է՝ Մարտունի քաղաքից, 9 տարի առաջ տեղափոխվել են Ռուսաստան, սակայն տղան՝ Հրանտ Ջավադյանը, չէր ցանկացել Ռուսաստանում հաստատվել, մի քանի ամիս անցկացնում էր Ռուսաստանում ու նորից վերադառնում հայրենիք՝ Արցախ։

2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ առաջին իսկ օրից առաջնագիծ է մեկնել, այս պատերազմը երկրորդն էր, որին մասնակցել է 24-ամյա տղան։ Առաջինը՝ Ապրիլյան պատերազմն էր, որի ժամանակ Հրանտ Ջավադյանը ժամկետային զինծառայող էր։ 

Մայրը հիշում է, որ Հրանտը պատերազմի ժամանակ միշտ ասում էր՝ լավ է լինելու: «Առաջին կռիվը չի, պատերազմ էլի եմ տեսել»,- այս խոսքերով տղան ոգևորում էր մորն ու հորը ու հույս տալիս, որ շուտով վերադառնալու է, Արցախում տուն է առնելու, ամուսնանա, շատ երեխաներ ունենա։ «Մեծ երազանքներ ուներ, բայց ինչ ստացվեց»,- հուզվում է 50-ամյա մայրն ու ասում՝ հոկտեմբերի 23-ին են ստացել ողբերգական լուրը։ 

Հրանտը պատերազմի օրերին հակառակորդի դեմ կռվել է Մարտունի 2-րդ պաշտպանականում և Մարտունի քաղաքում, որտեղ էլ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ծնողներն ասում են՝ որդու զոհվելուց հետո կյանքն իմաստը կորցրել է․ «Կյանք չկա, էլ ի՞նչ կյանք, պրծավ»,- կսկիծով ասում է հայրը՝ 60-ամյա Գաստելլո Ջավադյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել 90-ական թվականների պատերազմին:

Որդու զոհվելու լուրն իմանալուց հետո հայրը Ռուսաստանից անմիջապես վերադարձել է Արցախ, մայրը փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարողացել վերադառնալ և մասնակցել որդու հուղարկավորությանը:

Ասում է՝ մինչև օրս չի հավատում, որ որդին զոհվել է, այլևս իրենց հետ չէ․ «Ես չէի պատկերացնում, որ ճանապարհները կփակվեին, պատերազմ կսկսվեր, երեխես էդ ձևի մահով կմահանար։ Հլը որ չեմ հավատում»։

Ջավադյանները պատերազմից հետո Ռուսաստանից տեղափոխվել են Արցախ, ասում են՝ որդու գերեզմանը Արցախում է, չեն կարող այլևս Ռուսաստանում մնալ: «Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում է թաղված։ Մեր երեխու գերեզմանը էստեղ է, էլ ո՞ւր գնանք»,- նշում է հայրը։

Հրանտը սիրում էր կյանքը, ընկերներին, խնջույքները, ուշադիր էր ու հոգատար, ասում է մայրը, բոլոր պլանները միշտ քննարկում էր իր հետ․ «Սիրած աղջիկ ուներ, ասում էր, մա՛մ, շատ խոխեք պիտի ունենամ։ Ուզում էր զինվորական ծառայության անցներ։ Մենք տուն չունեինք, ասում էր՝ մի հատ տուն վերցնենք կրեդիտով։ Աղջիկս ամուսնացել, Ռուսաստան էր գնացել, մենք էնտեղ էինք ապրում, բայց գնում-գալիս էինք: Ինքը չէր սիրում Ռուսաստանը, ասում էր՝ մա՛մ, ես գնում եմ իմ հայրենիքս, ես գնում եմ Ղարաբաղ: Ասում էի՝ ընտանիքդ ստեղ, ո՞ւր ես գնում, ասում էր՝ ես ստեղ չեմ ուզում մնա, չեմ կարում մնամ, էդպես էլ հայրենիքի համար կյանքը տվեց»,- արցունքների միջից ասում է որդեկորույս մայրը։

Նարինե Ջավադյանն ասում է, որ նման ողբերգություն երկրորդ անգամ է ընտանիքի հետ պատահում, Նարինեի հարազատ եղբայրը նույն տարիքում զոհվել է 93-ի պատերազմի ժամանակ, հիմա էլ որդուն կորցրեց։ «Էս ճակատագիրը եկել ա, տիրացել իմ որդուն, էս ցավը ուրիշ ցավ ա։ Սաղ կյանքս չարչարվել եմ, աշխատել եմ, մեծացրել եմ, մարդ ինչի՞ համար ա ուրախանում, իրա երեխաների, չէ՞, իմ կյանքն անիմաստ դարձավ»,- հուզմունքով պատմում է Նարինեն։

Ասում է՝ օրն անցկացնում է տղայի լուսանկարները նայելով ու հեռախոսի ձայնային հաղորդագրությունները լսելով։ Կարոտը անհուն է, ցավը՝ խոր։

«Ախպերս որ էն ժամանակ զոհվեց, հեռախոս չկար, հիմա սաղ ամեն ինչը հեռախոսի մեջ ա, սաղ հիշողություններ են։ Նկարներն են մնացել, մեկ էլ տղուս գալասավոյ հաղորդագրությունները, ամեն օր լսում եմ։ Սաղ տանը իրա նկարներն են, նկարների հետ եմ խոսում, ասում եմ՝ իմ երեխուս ճանակատագիրը ինչի՞ սենց ստացվեց։

Ինքը քաղցր շատ էր սիրում, մենք չայ էինք խմում, հիմա երբ որ նստում եմ խմում, մենակ արցունքներս են չայի մեջ լցվում։ Էս վերքը մենակ մերը չի, էս մեր ազգի ցավն ա»,- ասում է մայրը։

MediaLab.am