Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024
Կիրակի, Դեկտեմբերի 22, 2024

Ժայռի նման ամուր

Ապրիլի 16, 2023

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ (Ուտյոս) ազատամարտիկը հայտնի դեմք էր Մարտակերտում: Նա այն մարդկանցից մեկն էր, որոնց անվան շուրջ հեշտությամբ ասքեր են ստեղծվում: «Ուտյոս» անունը ստացել է Խոջալուի ազատագրման ժամանակ. «Ուտյոս» կոչված գնդացիր ուներ, որի անունն էլ անցավ զինակրին:

Ծնվել է Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում: Մանկությունից աչքի ընկնող մեկը չէր եւ նույնիսկ հասուն տարիքում երկչոտի համբավ ուներ: Սակայն, մորաքրոջ տղայի զոհվելուց հետո Արթուրը հոգենորոգվում է ու վճռում վրեժխնդիր լինել Ումուդլուի թուրքերից: Գիշերը միայնակ մտնում է թուրքական գյուղը, նպատակին հասնում ու վերադառնում:

Արթուրը նշանավոր մի քանի այլ գործեր է կատարում եւ շատ չանցած արդեն գյուղի ջոկատի հրամանատարությունը վստահում են նրան: Փայլուն էր նրա մասնակցությունը Խոջալուի ազատագրմանը, իսկ Ումուդլուի վրա հարձակվող ջոկատների ընդհանուր հրամանատարն ինքն էր: 

Ուտյոսն աչքի է ընկել նաեւ Լաչինի միջանցքի, Մարտակերտի՝ Կճողուտ, Չլդրան եւ այլ գյուղերի ազատագրման մարտերում: Նա առաջինն է հայկական դրոշը Լաչինի միջանցքով հասցրել Գորիսի Տեղ գյուղ:

Ղարաբաղյան ազատամարտի առաջին տարիներին կամավոր գնում էր տարբեր շրջաններ եւ հորդորում երիտասարդներին, որպեսզի մասնակցեն ազատագրական կռիվներին. «Ով ուզում է՝ թող գա, ով սիրում է իր հողը՝ թող գա»:

Երբ Շահումյանի վիճակը ծանրանում է, Արթուրի հայրն է նրան խորհուրդ տալիս գնալ այնտեղ, զենք տանել, եւ Արթուրը եւս 12 հոգու հետ անցնում է Շահումյան:

1992 թվականի սեպտեմբերի 25-ին Չլդրանում սիրտը «քարացած» տղան առանց հապաղելու հրաման է տալիս հարվածելու այն կետին, որը… իրենց տունն էր եւ ուր թշնամին դարան էր մտել: Դրմբոնից էին գալիս: Իր հետեւից Գրադ կայանքն էր շարժվում: Այստեղ էր հայտնի նշանառու Ժորան, Գրադի Ժորան: Արթուրը Ժորային հրամայում է խփել այդ կետին՝ իր տանը: Ժորան զարմանում է. «Այ տղա, դա քո տունը չէ»: «Այո, բայց խփիր առանց ուշացնելու: Հայրս տանը չէ, գալու է կառուցի», – պատասխանում է Արթուրը:

Երբ թշնամին դուրս է վռնդվում գյուղից, Արթուրի հայրն իրոք կառուցում է փլված տունը, սակայն որդին արդեն զոհվել էր:

Մարտակերտում համբավ էր վայելում նաեւ Արթուրի ստեղծած «Ուտյոս» ջոկատը, որի հրամանատարը մինչեւ զոհվելը եղել է հենց ինքը՝ Արթուր Խաչատրյանը: Նույն ջոկատում մարտնչում էր նաեւ Արթուրի քույրը՝ Լյուբա Մովսիսյանը:

Արթուրն ունի ծնողներ, կին եւ երեխա, ովքեր ապրում են իր հարվածած եւ հոր կողմից վերակառուցված հայրական տանը:

«Ուտյոս» թարգմանաբար «Ժայռ» է նշանակում: Զագլիկը փոքրիկ մի գյուղ է Սարսանգի ափին: Զագլիկցիներն այս պատերազմում ժայռի նման ամուր եղան: Նրանցից ամենաերկչոտն անհրաժեշտ պահին կարող է դառնալ ՈՒՏՅՈՍ:

freedomsoldiers.wordpress.com